«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում»-ն ահազանգում է՝ անհայտ է մնում թշնամու հսկողության տակ հայտնված «Տողի մելիքական ապարանք» արգելոցի ճակատագիրը։
«Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղում (նկ. 1) (Տողի մելիքական ապարանքի մասին տես՝ Տողի մելիքական ապարանքը – Monument Watch):
Այն բացվել է 2013 թվականին և գործում էր Մելիք Եգանի ընդունարանի շենքում (նկ. 2)։ Այս շենքը պեղումներից հետո վերականգնվել և կահավորվել է թանգարանային ցուցադրության համար։
2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թանգարանն իր հավաքածուով հանդերձ օկուպացվել է Արդբեջանի կողմից:
Կարդացեք նաև
Հավաքածուն
Թանգարանի հավաքածուն ներկայացնում էր հուշարձանի տարածքում 2011-2013 թվականների պեղումներից հայտնաբերված 17-19-րդ դարերով թվագրվող ջնարակապատ անոթներ, մետաղական տարբեր առարկաներ և մեծամասամբ բաղկացած էր Տող գյուղի և շրջակայքի պատմությունը ներկայացնող ցուցանմուշներով։
Ցուցադրության մեջ առանձնակի կարևորություն ուներ Տողի Սբ. Հովհաննես եկեղեցուն պատկանող խաչվառը։ Միջնադարյան եկեղեցին խորհրդային տարիներին վերածվել էր մշակույթի տան։ Անկախացումից հետո մշակույթի տան փայտե տախտակամածը հեռացնելուց հետո, ի թիվս այլ կարևոր գտածոների, հայտնաբերվել էր նաև այս խաչվառը։ Կարևոր նշանակություն ուներ 2017 թվականի պեղումներից հայտնաբերված արծաթե դրամական գանձը, որի դրամների որոշ մասը ցուցադրվում էր այս թանգարանում։ Ամբողջ գանձը ներառել է 170 արծաթե աբբասիներ՝ թողարկված տեղական մի շարք խանությունների, ինչպես նաև իրանական Զենդերի հարստության կողմից: Դրամները ներկայացված են մի քանի դրամահատարաններով՝ Գանձակ, Շամախի, Նախճավան, Թավրիզ և Ռեշտ: Գանձում եղած ամենավաղ դրամը թողարկվել է սեֆյան նախավերջին շահ Թահմասպ II-ի (1722-1732 թթ.) օրոք Ռեշտ քաղաքում հիջրի 1139 թվական (1726-7), ամենաերիտասարդ դրամները թվագրվում են 1188 թվականով (1774-5) և ներկայացնում են Գանձակ և Շամախի քաղաքների դրամահատարանները:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում