Երևանի Էրեբունի վարչական շրջանում նախագծային շեղումներով շինարարություն է ընթանում։ Մահարու փողոցի մայթի վրա շքամուտք և բետոնե սյուներ են կառուցվում։ «Հետքը» պարզել է, որ հեղինակը Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Պետրոս Սարգսյանն է։
Էրեբունի թանգարանի հարևանությամբ՝ Մահարու փողոց 39/6 հասցեում շինարարություն է ընթանում։ Բազմաբանակարան շենքի պատին կից երկհարկանի առանձնատան երկու մուտքերի համար բետոնե հիմքով շքամուտք և հենասյուներով ցանկապատ են կառուցվում։ Մահարու փողոցին հարող շքամուտքն ու հենասյուները կառուցվում են մայթի վրա։ Տարածքում չկա շինարարության մասին ցուցանակ, շինհրապարակը սահմանազատված չէ, փոշու տարածումը կանխող ցանցապատումը նույնպես բացակայում է։
Առանձնատունը սեփականության իրավունքով պատկանում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Պետրոս Սարգսյանի մորը՝ Հասմիկ Պետիկյանին։ Պետրոս Սարգսյանը համայնքային պաշտոններ սկսել է զբաղեցնել 2020 թ․-ից։ Քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնում երկու տարի աշխատելուց հետո նշանակվել է վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնում։
Ուսումնասիրելով Մահարու փողոցում իրականացվող շինարարության փաստաթղթերը՝ պարզ է դառնում, որ 2023 թ․-ի սեպտեմբերին փոխթաղապետի մայրը քաղաքապետարանից ստացել է տան վերակառուցման շինթույլտվություն։ Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ նախամուտք պետք է կառուցվեր գոյություն ունեցող աստիճանի և սանդուղքի տեղում։ Մինչդեռ շինարարության ընթացքում նախամուտքը դարձել է շքամուտք, իսկ դրան կից մայթի վրա երկաթբետոնե սյուներ են կառուցել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Գլխավոր լուսանկարում՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը (ձախից) և նրա տեղակալ Պետրոս Սարգսյանը