Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարական օբյեկտներից ոչ մեկում դեռ տեղադրված չեն օդի որակը դիտարկող սարքավորումներ․ որոշումից անցել է երեքուկես ամիս․ «Հետք»

Դեկտեմբեր 16,2023 11:06

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել շինարարական հրապարակներում լրացուցիչ սարքավորումներ տեղադրելու նորմերի վերաբերյալ Երևանի ավագանու որոշումը: Որոշման համաձայն՝ կառուցապատողները մայրաքաղաքի 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտներում պետք է օդի որակը դիտարկող սարքավորումներ տեղադրեն։ Որոշումից երեքուկես ամիս անց ակտիվ շինարարության փուլում գտնվող շինարարական օբյեկտներից ոչ մեկում սարքերը դեռ տեղադրված չեն։

Օդի մոնիթորինգի սարքերը պետք է միացված լինեն առցանց հարթակին՝ հնարավորություն տալով համայնքին տվյալների ստուգաչափում իրականացնել։

Քաղաքը շինարարական փոշուց պաշտպանելու համար Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին նաև պարտադրում է շենքեր և շինություններ կառուցելու ընթացքում շինարարությանը համապատասխան բարձրությամբ 180 գրամ/քմ խտությամբ ցանցով ծածկել կառույցը:

Շինանյութի տեղափոխումը, պահպանումը պետք է կազմակերպվի անթափանց թաղանթներով, պահեստավորումը՝ փակ տարածքներում կամ ծածկերով:

Մայրաքաղաքի փողոցները չաղտոտելու համար մեքենաները տարածքից պետք է դուրս բերվեն հատուկ մետաղական հարթակի վրա լվանալուց հետո:

Ավագանին սահմանել է նաև շինհրապարակների կազմակերպման պահանջներն ու տեղում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ նախագծից մինչև շինթույլտվություն:

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանն ասում է՝ 4-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտները հիմնականում բազմաբնակարան բնակելի շենքերն են, 5-րդը՝ ռազմավարական նշանակության օբյեկտները։

«5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների՝ ընթացքում գտնվող շինարարություն չունենք, այսինքն՝ խոսում ենք միայն 4-րդի մասին։ Մենք ֆիքսել ենք մոտ 250 շինարարական օբյեկտ, որոնք ակտիվ շինարարության փուլում են, ուստի պարտադիր են էդ բոլոր բաղադրիչները»,- ասում է Ասատրյանը։

Երևանի քաղաքապետի՝ նոյեմբերի 29-ի որոշմամբ սահմանվել են սարքավորումների տեխնիկական չափորոշիչները և առցանց հարթակի հասանելիության պայմանները։ Երևանում դեռ ոչ մի շինհրապարակ կահավորված չէ օդի որակը դիտարկող սենսորային սարքերով։ Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի խոսքով՝ այս շաբաթվա դրությամբ սարքեր տեղադրելու համար 78 կազմակերպություն է դիմել։ Քանի որ հնարավոր է, որ մի կառուցապատողը մի քանի շինհրապարակի համար դիմի, անհրաժեշտ սարքերի թիվն իրականում կարող է ավելի մեծ լինել։

«Բնապահպանության վարչությունը ներկայացրել է տեխնիկական պայմանները։ Այսինքն՝ ցանկացած կառուցապատող հնարավորություն ունի սարքերը պատվիրել, գնել ինչ-որ տեղից, եթե չափանիշներին համապատասխանում է, և միացնել մեր հարթակին»,- նշում է Ասատրյանը։

Կառուցապատողը շինարարության ընթացքում կարող է նաև վարձակալել օդի մոնիթորինգի սարքերը։ Քաղաքապետարանից հայտնում են՝ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն սարքերը սպասարկող ընկերության ներկայացուցիչն է, վարձակալման գումարն էլ սարքերի սպասարկման գումարն է ենթադրում։

Յակով Ասատրյանն ասում է՝ այս պահին դիմումները դեռ դիտարկվում են։ Նրա կարծիքով՝ կառուցապատողները մինչև տարեվերջ կամ գուցե մյուս տարվա սկզբին ստացած կլինեն սարքերը։

Սարքերը դեռ չկան, բայց կառուցապատողները, որոնք օդի մոնիթորինգի սարքեր ստանալու դիմումներ չեն ներկայացրել, այդ բաղադրիչի բացակայության մասով տուգանվում են։

Նարե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Գլխավոր լուսանկարը՝ Սյուզաննա Օհանյանի, Հետք Մեդիա Գործարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031