Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Չպետք է բացառել, որ կարող է գալ ժամանակ, երբ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային քրեական դատարանի առաջ կկանգնի․ «Փաստ»

Դեկտեմբեր 16,2023 10:15

Ժամանակին Սադամ Հուսեյնն էլ անգամ երազում չէր պատկերացնում, որ կանգնելու է դատարանի առաջ ու իր կատարած հանցանքների համար մահվան է դատապարտվելու, այն էլ՝ կախաղանի միջոցով։ Ուստի չպետք է բացառել, որ կարող է գալ ժամանակ, երբ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային քրեական դատարանի առաջ կկանգնի։ Բայց դրա համար անհրաժեշտ է կատարել բոլոր փաստական արձանագրումները և օգտագործել դատական որոշումները։ Ի մասնավորի, ՄԱԿ-ի արդարադատության դատարանը նախ որոշում ընդունեց՝ Ադրբեջանին պարտավորեցնելով բացել Լաչինի միջանցքը, ապա որոշ ժամանակ անց էլ վերահաստատեց իր այդ որոշումը։ Ընթացքում բազմաթիվ իրավապաշտպաններ, ցեղասպանագետներ ու այլ փորձագետներ էլ իրենց գնահատականներն հնչեցրին այն մասին, որ Արցախի նկատմամբ ցեղասպանական հանցագործություններ են կատարվում։ Օրինակ՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական Խուան Մենդեսը պնդում էր, թե Արցախի հայությանը սպառնում է ցեղասպանության ենթարկվելու վտանգը։ Իսկ միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն դեռևս օգոստոսին հրապարակած իր զեկույցում հստակ արձանագրում էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ցեղասպանություն է, և սա բավարար հիմք է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Կարևոր են նաև տարբեր կազմակերպությունների հրապարակած զեկույցները, որոնք արձանագրում են Արցախի բնակչության դեմ կատարված հանցագործությունները ու դրանց հետ կապված փաստական տվյալների ամրագրումը։ Օրինակ՝ վերջերս «Զովիգյան» հանրային գրասենյակը հրապարակեց բաց կոդով հետախուզական (OSINT) և գեոլոկացիոն զեկույց՝ Արցախի շրջափակման մեկամյակին ընդառաջ: Զեկույցը մանրակրկիտ կերպով ներկայացնում է ցեղասպանություն հանցագործության իրականացման ադրբեջանական ռազմավարությունը։

Կարևոր է նաև Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող մշակութային ցեղասպանության, այսինքն՝ հայկական մշակութային արժեքների ոչնչացման մասին փաստերի արձանագրումը, և այս հարցում օգտակար է նաև արբանյակային լուսանկարների միջոցով տեղեկատվության փոխանցումը։

Կարող է, իհարկե, հարց առաջանալ՝ եթե միջազգային դատարանի որոշումները, փորձագիտական տարբեր զեկույցները որևէ ձևով չեն ազդում Ադրբեջանի վարքագծի վրա, այդպես էլ դրանք մնում են թղթի վրա, ինչքանո՞վ է հիմնավորված դրանց անհրաժեշտությունը։ Իրականում խնդիրն այն է, որ եթե այսօր կազմակերպությունների զեկույցները, դատական որոշումները ու փորձագիտական գնահատականները դեռևս թղթի վրա են, ապա ապագայում դրանք կարող են ապացուցողական անհրաժեշտ բազա ապահովել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դատական պատասխանատվության ենթարկելու համար։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031