Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գործնականում քննարկվում, դիտարկվում է միակողմանի տարբերակ՝ ադրբեջանաթուրքական կապը Հայաստանի վրայով․ «Փաստ»

Դեկտեմբեր 16,2023 09:30

Լրահոսը հեղեղված է զանազան «ողջունումներով»: Աջուձախից՝ Վաշինգտոնից մինչև Մոսկվա, Մոսկվայից մինչև Բրյուսել, ողջույն է, որ ողջունում են Հայաստանին ու Ադրբեջանին՝ գերիների փոխանակման, «խաղաղության պայմանագրի» կնքման հնարավորության ու նմանօրինակ զարգացումների, դրանց հեռանկարների համար: Բոլորն ուրախ են, երջանիկ, տոնածառը՝ դրած, լույսերը՝ փայլփլուն: Կարևորը՝ գայլերը կուշտ են: Դե, իսկ մնացյալն անկարևոր է: Այնուհանդերձ, համակողմանի այդ «ողջունումները» այնպիսին են, որ հիշեցնում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ նմանօրինակ առիթով արած դիտարկումն առ այն, որ հոգեհանգստի ժամանակ ոչ ոք հանգուցյալին առողջություն չի մաղթում:

Տեսեք, «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» նախարարական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բավականին երկար ճառել է «տարածաշրջանային կոմունիկացիաների բացման» կամ իր սիրելի «խաղաղության խաչմերուկի» թեմայով, մասնավորապես խոսել է նաև Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքման հիմնական սկզբունքների մասին՝ տրանսպորտային ապաշրջափակում, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, դելիմիտացիա՝ 1991 թվականի Ալմա-Աթայի չարչրկված հռչակագրի հիման վրա:

Այստեղ նորություն չկա, քանի որ Փաշինյանն առաջին անգամ չի խոսում թվարկված «սկզբունքների» մասին:

Բայց բոլոր այդ «սկզբունքները» հեքիաթներ են: Դա այն ճռճռան կամ փայլփլուն փաթեթավորումն է, որով փաշինյանական իշխանությունը ներքին լսարանի վրա սաղացնում է Հայաստանի բացարձակ կապիտուլ յացիայի ծրագիրը:

Ի դեպ, դժվար չէ նկատել այն, որ հիշատակված «սկզբունքները» դատարկություն են ու իրենց տակ բացարձակապես ոչ մի երաշխիք չունեն: Դա նույնիսկ հպանցիկ դիտարկումներով է բացահայտվում:

Այսպես. տրանսպորտային կոմունիկացիաների, այսպես կոչված, ապաշրջափակման վերաբերյալ բոլոր խոսակցություններն ու հայտարարությունները բացառապես ու միմիայն այն մասին են, թե Հայաստանն ինչպես, ինչ հիմունքներով է իր տարածքով ճանապարհներ, երկաթուղագծեր տրամադրելու Ադրբեջանին ու Թուրքիային՝ միմյանց հետ անխափան ու անխոչընդոտ, այդ թվում՝ անվերահսկելի ուղևորաշրջանառություն և բեռնաշրջանառություն իրականացնելու համար: Կարճ ասած, բոլոր խոսակցությունները միմիայն Հայաստանը ադրբեջանաթուրքական միջանցքի վերածելու մասին են: Բացարձակապես որևէ խոսակցություն ու քննարկում, հայտարարություն չկա այն մասին, թե ինչպես է, օրինակ՝ Ադրբեջանը ապահովելու Հայաստանից երկաթուղային շարժակազմերի, ավտոմոբիլային բեռնափոխադրումների շարժը իր տարածքում եղած ճանապարհներով ու երկաթուղագծերով:

Այսինքն, գործնականում քննարկվում, դիտարկվում է միակողմանի տարբերակ՝ ադրբեջանաթուրքական կապը Հայաստանի վրայով: Ի դեպ, նկատենք, որ հայ-թուրքական սահմանի բացումը, որով ոմանք մի այլ կարգի ոգևորված են, ընդամենը նշանակելու է մեկ բան. Հայաստանի արտադրական, տնտեսական առնվազն թուլացում, եթե չասենք ավելին: Մեկնումեկը կասկածո՞ւմ է, որ պետական հովանավորության վրա նստած թուրքական գյուղմթերքի արտադրությունը հաշված շաբաթների ընթացքում զավթելու է Հայաստանը, որի հետևանքը լինելու է տասնյակ հազարավոր հողագործների, այգեգործների, գյուղմթերքի վերամշակման ոլորտի սննկացումն ու գործազրկումը: Առնվազն:

 

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031