Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

2024-ին պատերազմը շարունակվելու է

Դեկտեմբեր 16,2023 10:00

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին ասուլիսի գլխավոր ուղերձն այն էր, որ նա հաջորդ տարի մտադիր է շարունակել Ուկրաինայի դեմ պատերազմը: Այդ պատերազմի՝ Պուտինի ձեւակերպած երեք նպատակներից երկուսը բավականին մշուշոտ են. 1/ ապառազմականացում (այսինքն՝ Ուկրաինան չպիտի՞ իր զինված ուժերն ունենա), 2/ ապազգայնականացում (այսինքն՝ ուկրաինացիները պետք է մերժե՞ն իրենց ազգային ինքնությունը). 3/ չեզոք կարգավիճակ (այդ մեկը պարզ է՝ Ուկրաինան չպիտի լինի ՆԱՏՕ-ի անդամ):

«Ապառազմականացում» եւ մանավանդ «ապազգայնականացում» ձեւակերպումները ենթադրում են, որ Կրեմլը ցանկացած պահի կարող է հայտարարել, որ «հատուկ օպերացիայի նպատակներն իրագործվել են», օրինակ՝ որ ուկրաինացիներն այլեւս ազգայնականներ չեն: ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցությունն ինքնին խնդրահարույց է, որովհետեւ, որքան հասկանում եմ, Արեւմտյան Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների «ուշքը չի գնում»՝ Ուկրաինային իրենց շարքերն ընդունելու համար: Իսկ եթե հաջորդ տարի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթեն հանրապետականները («իզոլյացիոնիստները»), դրա հավանականությունը է՛լ ավելի փոքր է լինելու:

Մի խոսքով, 2024 թվականին ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվելու է: Իսկ հիմա եկեք առանց էմոցիաների եւ առանց համակրանք-հակակրանքների գնահատենք՝ Ռուսաստանի վիճակը մեկ տարի առա՞ջ էր գերադասելի, թե՞ հիմա: Կարծում եմ, ցանկացած չնախապաշարված դիտորդ կասի, որ՝ հիմա: Պուտինին հաջողվել է ձեռք բերել նոր դաշնակիցներ (այսպես կոչված՝ «գլոբալ Հարավը»), շտկել տնտեսական վիճակը՝ շրջանցելով պատժամիջոցները, համալրել զինված ուժերը ե՛ւ տեխնիկապես, ե՛ւ մարդուժի առումով: ՌԴ նախագահն արդեն զոհաբերել է հարյուր հազարավոր իր զինվորներին՝ հանուն իր քաղաքական ամբիցիաների, եւ պատրաստ է նույնքան մարդկային կյանքեր նետել պատերազմի կրակի մեջ:

Եթե Հայաստանում կան ուժեր՝ իշխանական կամ իշխանամետ, որոնք իրենց քաղաքականությունը կառուցում են այն հաշվարկով, որ Ռուսաստանը տապալվելու է եւ, որ մյուս կողմից՝ մենք այնքան հետաքրքիր ենք Արեւմուտքի համար, որ ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն կպաշտպանեն մեզ Ադրբեջանի եւ Թուրքիայի հաջորդ հարձակման ժամանակ, ապա ես նրանց առաջարկում եմ եւս մեկ անգամ մտածել: Ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը լավն է, իսկ մյուսը՝ վատը, այլ՝ պարզապես հաշվի առնելով մեր պետության անվտանգությունը եւ անգամ գոյությունը:

…Ի դեպ, նացիզմի մասին: Երբ ՌԴ Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Սլուցկին բացականչում է «Մեկ երկիր, մեկ նախագահ, մեկ հաղթանակ», նա, գուցե թե՝ իր կամքից անկախ, գրեթե կրկնում է գերմանական նացիստների «Ein Volk, ein Reich, ein Führer» կարգախոսը: Հետաքրքիր է, որ այդ կարգախոսը ծնվել էր 1938 թվականին, երբ Գերմանիան պատրաստվում էր բռնակցել Ավստրիան:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Nimar says:

    Եվ այս վերլուծության հետ կապված՝ ռացիոնալ մոտեցումն այն է, որը խուսափում է առճակատման սցենարներից ՌԴ-ի
    հետ հարաբերություններում։ Հաշվի առնելով, որ ՌԴ քաղաքականությունը կառուցում է միայն իր շահերի հիման վրա,
    տարածաշրջանում իր ազդեցության նվազեցումը հնարավոր է միայն այն պայմաններում, երբ նա չի կարող դիմակայել
    մրցակցությանը էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության և զենքի ոլորտներում։
    ՌԴ-ի նպատակն է այնպիսի պայմանների ստեղծումը, երբ տնտեսական ազդեցությունը կլինի անայլընտրանքային։ Հակառակ դեպքում Հայաստանի հետ ընդհանուր սահմանների բացակայությունն ու տրանսպորտային ծախսերը այն կդարձնեն անմրցունակ։ Հետևաբար, մենք ունենք տնտեսական կապերի դիվերսիֆիկացման առաջնահերթ նպատակների հստակ ուղեցույցներ։ Պետք է խուսափել, այսպես կոչված, «վեկտորի» մասին դատարկ քննարկումներից։ Այս «վեկտորը» բնականաբար որոշվում է տնտեսական կապերով և շուկաներով: Եթե, oրինակ, ​​ԵՄ արտահանումն ու ներմուծումը կազմում են ընդհանուր տնտեսական հաշվեկշռում ճնշող տոկոսը, «վեկտորների» մասին խոսակցությունները կկորցնեն իրենց իմաստը թե՛ ՌԴ-ում, թե՛ Հայաստանում։ Նույնը կարելի է ասել Մերձավոր Արեւելքի եւ Հնդկաստանի դեպքում։

    • Հ.Շ. says:

      ՌԴի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, անընդունելի է, անտանելի է, անպաշտպանելի է: Ինքնարդարացման նրա իբրեւ թէ փաստարկները, անհեթեթ են:

      Սակայն Հայաստանի, չունի այլընտրանք: Ոչ թէ ՌԴի *ջանքերով* է որ չունի այլընտրանք, այլ պարզապէս՝ չունի: Եւ այս իրականութիւնն է որ ՌԴ-ն կը շահագործէ: Չարաչար:

  2. Հ.Շ. says:

    Հայաստանը իսկական անել կացութեան մը մէջ կը գտնուի:

    Վերջին երեք տարիները հաստատեցին որ կարելի չէ ապաւինիլ Ռուսաստանին: Անհնար է որ Արեւմուտքը իր ամենահիմնական շահերը զոհաբերէ, *ի սէր* Հայաստանին: Վրաստանը, անկայուն եւ փխրուն վիճակում է, եւ ամէն դէպքում բարեացակամ չէ Հայաստանի նկատմամբ: Իրանը մի ուրիշ խոշոր պլաֆ մըն է, եւ ուշ կամ կանուխ, կարծուածէն շատ աւելի հեշտօրէն, պիտի խորտակուի Իսրայէլ-ԱՄՆի միացեալ ջանքերով:

    Այս կացութեան մէջ, յստակ է նաեւ որ Հայաստանի բոլոր – mainstream – քաղաքական *ուժ*երին համար՝… բախտաւորութիւն մըն է, որ Փաշինյանը չի ուզում հրաժարիլ, իշխանութիւնը փոխանցել ոեւէ մէկին:

    Այդ անյուսալի բախտից մեծապէս օգտուեցան նաեւ Երրորդ նախագահն ու իր վարչակարգը:

    Մ. Հայդուկ Շամլեան

  3. Լավատես says:

    Տրանսգենդերների շքերթներ, տրանսնացիոնալների կոռպոռացիաներ՝ դրանք ապասեռական, ապաազգային ոչավանդական երեւույթներ են, սա ոչ լավ է ոչ էլ վատ է, բոլորն էլ բնության արարածներ են, բայց վատ է, երբ շան փոխարեն աղվեսին ես նշանակում հավաբնի պահապան՝ խաղալով ժողովրդավարություն, իբր աղվեսն էլ, գայլն էլ ունեն նույն իրավունքը, ինչ շունը: Եւ բոլոր հավերը գնում ընտրում են ով գայլին, ով աղվեսին, իսկ շանը պարզ է ոչ մի հավ էլ չի ընտրի՝ աղվեսը սիրուն խոսել գիտի, իսկ գայլը հենց իր ժանիքները ցույց է տալիս, հավերի ուշքը գնում է, իսկ շունը բացի հաչալուց հավի լավագույն բարեկամ աղվես գայլի վրա, դրանց միայն քշում է հավաբնից: Վատ է, երբ փողին կակա ասողին օլիգարխ ես նշանակում, երբ ինքնաթիռի ղեկը երեխային են տալիս..: Սա համակարգային խնդիր է եւ դրա լուծումը շատ պարզ է՝ կրթություն եւ դաստիարակություն: Հավի ճուտիկներին փոքրուց սովորեցնել, որ մեծանաք, ձեր գործը ձու ածելն է, իսկ շան գործը՝ ձեզ աղվեսից ու գայլից պաշտպանելն է, օդաչուն կարող է պրոֆիսիոնալ կրթված լինել, բայց եթե կարգուկանոնի դաստիարակություն չունի, ղեկը տալիս է անչափահասին: Այսօր աշխարհը գրավել են տրանսնացիոնալ ուժերը, որոնք դեմ են ազգային պետություններին, նրանց համար ավելի հոգեհարազատ է պետությունների սահմանները նկարել քառակուսիներով ու համարակալել, իսկ ազգերին պոկել իրենց հողից ու խառնել իրար: Իրենք ապաազգային են, նորմալ ազգային մտածողությամբ նրանց հոգեբանությունը չես հասկանա, այստեղ պրոֆեսիոնալ հոգեբաններ ու հոգեբույժներ են պետք, որ թույլ չտան, որ դրանք դառնան ազգային պետությունների ու ազգերի ղեկավարներ՝ պարզապես վարի կտան ազգային պետություններն ու ազգերը եւ առաջին հերթին քաղաքականապես անկիրթ ու անդաստիարակ հավերին: Հավեր բոլոր երկրների, ընտրեք միայն շանը, գայլն ու աղվեսը ձեր բարեկամները չեն, դրանք տրանսհավեր են եւ հավերին չեն սիրում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031