Լրահոս
Օրվա լրահոսը

Մարկ Տվենի անվան գրական մրցանակի առաջին հայ հաղթողը

Դեկտեմբեր 16,2023 12:00

Օրերս Ֆեյսբուքում շնորհավորանքների տարափ էր։ Ահա թե ինչ են գրում ոչ միայն հայ, այլեւ օտարերկրացի արվեստագետները, գիտնականները, ուսանողները…

«Այո… Էլֆիք Զոհրաբյանը Հայաստանի դեմքը եւ անունը մեծ պատասխանատվությամբ է մատուցում օտար ափերում. սա եւս հայրենասիրություն է»։
Գրետա Մեջլումյան, ՀՀ վաստակավոր արտիստ

«Շատ ուրախ եմ, Էլֆիք ջան, բարի երթ»։
Հուսիկ Արա, պոետ

«…Էս ի՜նչ լավ լուր. շնորհավորում եմ, Էլֆիք ջան։ Այս հիանալի մրցանակը բոլորինս է։ Կեցցե՛ս, ուրախ եմ, որ քո հեքիաթները թարգմանվում են, մրցանակներ բերում Հայաստան»։
Նարինե Ավետիսյան, «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր

Ճանաչված մշակութաբան, Վարշավայի համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Մոսկվինը գրել է ընդամենը «Բրավո» այն բազմաթիվ շնորհավորանքների կողքին, որ ուղղված են հայ հեքիաթագրին։

Առիթը՝ Էլֆիք Զոհրաբյանի «Բյուրեղապակե մարդը» հեքիաթը (թարգմանիչ՝ Հասմիկ Հայրապետյան, նկարիչ՝ Ամալյա Վարդանյան) հաղթող է ճանաչվել Հյուսիսային Ամերիկայի գրողների միության հայտարարած Մարկ Տվենի անվան գրական միջազգային մրցույթի  «Գրականություն երեխաների համար» անվանակարգում։ Հաղթող ստեղծագործությունների թվում են նաեւ Լ. Մոսլեյի (ԱՄՆ) եւ Լ. Տկաչենկոյի (Բելառուս) գործերը։ Մրցույթին մասնակցել է ավելի քան 250 գրող՝ Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, ՌԴ-ից, Կանադայից, Լիտվայից, Ուկրաինայից, Լեհաստանից եւ այլն։ Ընդ որում, Հյուսիսային Ամերիկայի գրողների միությունն այս մրցույթի դափնեկիրներին հնարավորություն է տվել դառնալ իրենց միության անդամ եւ մասնակցել միջազգային այլ նախագծերի։ Նշենք նաեւ, որ միության անդամների թվում կան բազմաթիվ երկրներից հայտնի դեմքեր, այդ թվում՝ Վալենտին Գավթը (ՌԴ), Նատալի Բիսսոն (Գերմանիա), Վիկտոր Գինը (Իսրայել), Եվգենի Եվտուշենկոն (ԱՄՆ-ՌԴ), Բաադուր Սուլաձեն (Վրաստան), նաեւ հայազգի գրողներ՝ Բյուրեղիկ Մնեյանը, Գուրգեն Միքայելյանը, Մխիթար Մոս Մուշեղյանը եւ այլք։

Մ. Մաշտոց կրթահամալիրի սաները

Անդրադառնալով Զոհրաբյանի «Բյուրեղապակե մարդը» հեքիաթին, փաստենք, որ այն ընթերցվել է, քննարկվել Հայաստանի ավելի քան 50 դպրոցում, նույնանուն գրքի այլ հեքիաթներ էլ բեմադրվել են ոչ միայն դպրոցներում, այլեւ բուհերում։ Հեքիաթագրի «Ամոթի գույնը» ստեղծագործությունը ներառված է հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի քրեստոմատիայում։ «Բյուրեղապակե մարդը» դարձել է նաեւ գիտական ուսումնասիրությունների նյութ։

«Բյուրեղապակե մարդը» հեքիաթի պստլիկ կախարդը ստեղծում է այնպիսի ազդանշան-մարդ, որը փշրվում է, երբ մարդիկ ինչ-որ վատ բան են անում կամ ասում։ Հեքիաթի գլխավոր ասելիքը մարդուն սիրելն է, նրա սիրտը չկոտրելը…

Էլֆիք Զոհրաբյան հեքիաթագիրն առաջին հայ հեղինակն է, որ արժանացավ Մարկ Տվենի անվան մրցանակի։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. Գ. Հոդվածը պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ Էլֆիք Զոհրաբյանն արժանացել է նաեւ Հայաստանի գրողների միության «21-րդ դար» համահայկական գրական մրցանակաբաշխության խրախուսական մրցանակին, ինչպես նաեւ դարձել է Հյուսիսային Ամերիկայի գրողների միության անդամ։

«Առավոտ» օրաթերթ
15.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031