Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ արտահերթ ընտրություններ-2» գործողության մեկնարկն արդեն տրվել է»

Դեկտեմբեր 16,2023 13:00

«Համակարգային քաղաքական այս ճգնաժամում, մասնատվածության եւ փոխադարձ անվստահության մթնոլորտում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են հանգեցնել լոկ Փաշինյան անձի փոփոխության, ոչ թե գաղափարական ծրագրային վեկտորի». «Առավոտի» զրուցակիցն է «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման խորհրդի անդամ, ՀԴԿ փոխնախագահ Նարինե Դիլբարյանը:

– Նիկոլ Փաշինյանն օրերս Ալմա Աթայի հռչակագրից անցում կատարեց Լիսաբոնի գագաթաժողովին եւ հայտարարեց, որ 30 տարի ժամանակ եւ ռեսուրս ենք ծախսել մի խնդրի վրա, որն անլուծելի էր ի սկզբանե, Լիսաբոնի գագաթաժողովում Հայաստանին իբրեւ ասվել էր՝ Արցախի ամենաբարձր նշաձողը կարող է լինել ինքնավարությունն Ադրբեջանի կազմում: Ինչպե՞ս կբնութագրեք սա եւ եթե այդպես էր, ինչո՞վ էր զբաղված ԵԱՀԿ Մինսկի խումբը 30 տարի, ինչու էին անգամ համանախագահ երկրների նախագահների մակարդակներով հայտարարություններ հնչում: Տպավորություն է, որ ամբողջ աշխարհն իր բան ու գործը թողած՝ մեր քմահաճույքներն էր սպասարկում:

– Նիկոլ Փաշինյանը ինքնարդարացման եւ ուղեղների լվացման հնարավորինս ազդու միջոցների տենդագին փնտրտուքի մեջ է, ուստի հայ հանրության նկատմամբ տարբեր փորձեր է կատարում զգայական հնարախաղերի մակարդակով՝ Ալմա-Աթիի ԱՊՀ ստեղծման հռչակագրից մինչեւ Լիսաբոն, Մադրիդ, 1991-ից 2016։ Կարծում եմ, այլ տեղանուններ եւ թվականներ եւս կարող է ասպարեզ նետել, որովհետեւ հետեւողական նվազում են այն հասարակական շերտերը, որոնք հավատում են բանդագուշանքին, թե Արցախը հանձնել են «նախկինները», իսկ Փաշինյան Նիկոլը «ստիպված է» եղել միայն վավերացնել այդ գործողությունը՝ զարհուրելի մարդկային, տարածքային, հոգեւոր եւ նյութական   կորուստների, ազգային պետականության լուծարման ճանապարհով, որը վերջերս Իջեւանում նա կոչեց «օրինաչափ»։ Որեւէ փաստական, տրամաբանական բացատրություն սույն հայտարարությունները չունեն. դրանք բնավ հարիր չեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, քանի որ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին անգամ մակերեսային ծանոթ որեւէ քաղաքացի գիտե եւ հասկանում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունները, որոնք ձեւավորեցին համանախագահ գերտերությունների եռյակը՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, երբեւէ չեն զբաղվել եւ չեն զբաղվի իրավական-քաղաքական հիմք չունեցող եւ կանխորոշված հակամարտությունների կարգավորմամբ։ Արցախի ապօրինի ադրբեջանականացման, հանձնման, արցախահայության ցեղասպանության եւ բռնի տեղահանման, ՀՀ տարածքային ամբողջականության խախտման գխավոր գործող անձը եւ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Վարչապետի պաշտոնին հասած գործիչ, որն իր թիմով քաղաքական գործունեությունը սկսեց «Արցախը Հայաստան է, եւ վերջ» կարգախոսով, ապա պատերազմից հետո վերընտրվեց արտահերթ ընտրություններում Արցախի ինքնորոշման իրավունքի, «անջատում հանուն փրկության» սկզբունքի համար պայքարելու ծրագրով, իսկ 2023 թվականին Արցախը, ՀՀ տարածքները՝ անկլավներ անվան ներքո, ապօրինաբար ճանաչեց Ադրբեջանի կազմում՝ ԱՀ լուծարելու գործընթացը որակելով «օրինաչափ»։ Մարդու մասին, առավել եւս բարձրաստիճան պետական պաշտոնյայի, դատում են ըստ նրա գործողությունների վերջնարդյունքի։

– Իշխանության մասով ամենը հասկանալի է. ընդդիմության խնդիրը ո՞րն է: Եթե 2018 թվականից հետո ընդդիմադիր դաշտում հեղհեղուկ վիճակը կարելի էր հասկանալ, ապա 2020-ից հետո բացարձակ հասկանալի չէ, թե ինչո՞ւ չի ստացվում միավորվելը եւ միասնական ճակատով հանդես գալը:

– Պատերազմից հետո ջախջախիչ պարտություն կրած, ազգային-պետական արժեքները կասկածի ենթարկող, հայկական ինքնությունն արմատապես նենգափոխող, ՀՀ անվտանգության համակարգը վտանգած վարչախմբի իշխանությունը պահպանելը կարող է բացատրվել միայն անարդյունավետ ընդդիմություն ունենալու պարագայում։ Իսկ հայաստանյան ընդդիմության անարդյունավետ գործունեությունն ունի ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին պատճառներ, գլխավորը քաղաքական համակարգային ինքնուրույնության բացակայությունն է, որից բխում են անվստահությունը, բարդագույն ճգնաժամային իրավիճակներում պատասխանատվություն ստանձնելու ունակության կորուստը, անցյալի ուրվականները։ Հասարակությունն իր ամենատարբեր շերտերով թե՛ գիտակցաբար, թե՛ ենթագիտակցաբար զգում է այդ ինքնուրույնության բացակայությունը եւ չի գալիս հրապարակ։ Միջազգային ազդեցիկ կենտրոնները եւս տեսնում են այդ անվստահությունը՝ միակ գործունակ կարծելով Փաշինյանի թիմն իր տարբեր դեմքերով։ Զուգահեռաբար ասպարեզ են նետվում եւ վարպետորեն խաղացվում կեղծ ընդդիմություններ, որոնք հատուկ ծառայություններից ստանալով համապատասխան տեղեկատվություն՝ արդարության համար պայքարի քղամիդ են հագնում՝ անհրաժեշտ պահին օգնության հասնելով թուլացած եւ իր ընտրազանգվածին կորցրած ՔՊ-ին։ Երեւանի քաղաքապետի վերջին ընտրությունները դրա վառ ապացույցն են։ Կուսակցությունները տառապում են առաջնորդամոլությամբ, համախմբված են ոչ թե գաղափարի եւ արժեքների շուրջ, այլ անձի եւ ռեսուրսների, իսկ անձերը միշտ խոցելի են, ռեսուրսները՝ կառավարելի։ Հայաստանում հրաշալի գործում է «բաժանիր, որ տիրես» սկզբունքը։ Միասնական ճակատ կազմելու միակ ճանապարհը՝ ծպտյալ եւ բացահայտ, անցյալի ու ներկայի տիկնիկավարների թելիկներից ազատվելն է, բազմաբեւեռ աշխարհում ռուսամետ-արեւմտամետ պարտադրված, հակահայ ծուղակից դուրս գալը։

– Իշխանական ճամբարում գեներացվում է արտահերթ ընտրությունների թեզը. ինչի՞ համար է դա պետք Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ խնդիրներ է այդպիսով լուծելու:

– Կարծում եմ՝ «ԱԺ արտահերթ ընտրություններ-2» գործողության մեկնարկն արդեն տրվել է, այն Փաշինյանին բնավ պետք չէ, բայց ինքը ստիպված է գնալու դրան, որովհետեւ չունի մանդատ իրականացնելու իրենից ակնկալվող, իր վրա դրված խնդիրները, բացի այդ՝ Արցախի հանձնումից հետո Փաշինյանին ներկայացվող խնդիրները սկսում են փոխբացառող դառնալ, ընտրություն կատարելու օղակը սեղմվում է. չկա այլեւս աշխարհաքաղաքական կոնսենսուս, իսկ պարտավորվածությունների բեռը գնալով ծանրանում է, ջինը դուրս է եկել լամպից, ժողովրդավարական պետության վարչապետի առասպելը փլուզվում է։ Չմոռանանք նաեւ հին ու բարի խոսքը՝ «մավրը կատարեց իր գործը, մավրը պետք է գնա»։ Բայց համակարգային քաղաքական այս ճգնաժամում, մասնատվածության եւ փոխադարձ անվստահության մթնոլորտում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են հանգեցնել լոկ Փաշինյան անձի փոփոխության, ոչ թե գաղափարական ծրագրային վեկտորի։ Իսկ Հայաստանին անձերի փոփոխություն պետք չէ, իրական խաղաղության եւ պետականության վերականգնումի, նոր ստատուս քվոյի հաստատման, վերադարձի միակ ճանապարհը համակարգային իշխանափոխությունն է՝ Արագածից Արարատ ու Մեծ Քիրս, Մռավ արժեհամակարգով։

– Իսկ Ադրբեջանում արտահերթ ընտրությունները ինչո՞վ են զուգահեռվում Հայաստանում հնարավոր արտահերթ ընտրությունների հետ:

– Ադրբեջանի արտահերթ ընտրություններն այլ նպատակներ են հետապնդում։ Նախեւառաջ միջազգային հանցագործ ցեղասպան Իլհամ Ալիեւը ուղեղային մորմոք, երազանք ունի Արցախից ընտրվելու, ուստի հասկանալով, որ ամեն պահի կարող է այդ եզակի հնարավորությունից զրկվել, շտապում է բռնազավթված Արցախում մի քանի հարյուր մարդ բնակեցնել,  մի քանի հազար հավելագրել եւ այնտեղից 99 տոկոսով «ընտրվել»։ Իսկ Հայաստանի արտահերթ ընտրությունները Ալիեւի վարչակազմի համար խնդիր կարող են ստեղծել՝ իրենց տարածքային ամբողջականության երդվյալ պաշտպան ՀՀ վարչապետի հնարավոր փոխարինումը Ալիեւի համար ռեւանշի նյարդային վախեր է առաջացնելու, թեեւ պետք է նշել, որ Ադրբեջանը տարածաշրջանում արդեն լուրջ գործոն է դառնում՝ մեր անկմանը զուգընթաց։ Յուրաքանչյուրն իր խնդիրն է լուծում։

Զրույցը՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
15.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031