Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին՝ Մինասի վառ գույների ներքո․ բացառիկ ցուցահանդեսով նշվեց նկարչի 95-ամյակը

Դեկտեմբեր 15,2023 23:35

Այսօր Գյումրու քաղաքապետարանի ներքնահարկում գտնվող «Կումայրի արգելոց-թանգարանի» ցուցասրահում տեղի ունեցավ «Գույներ կերտող նկարիչը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի 95-ամյակին։

Այն բացառիկ է․ 45 տարի անց Մինասը նորից վերադարձավ Գյումրի․ Հայաստանի ազգային պատկերասրահի ոսկե ֆոնդից նկարչի 28 աշխատանք է բերվել Գյումրի՝ ցուցադրության։ Ցուցասրահը մարդաշատ էր․ քաղաքի ողջ վերնախավն այստեղ էր։ Երաժշտության մեղմ հնչյունների ու Մինասի գունեղ կերպարները խորհրդանշող պարուհիների կատարմամբ ուղեկցվեց ցուցահանդեսը։

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն իր ելույթում ասաց․ «Այսօր մեր քաղաքում, մասնավորապես Գյումրու համայնքային ցուցասրահում պատմական օր է և պատմական իրադարձություն, որովհետև 45 տարի անց Գյումրի է վերադարձել Մինաս Ավետիսյանը։

2023 թվականին Գյումրու համայնքային ցուցասրահում մշակութային կյանքը շատ ակտիվ է անցել, 10 և ավել խիստ կարևորագույն նշանակություն ունեցող ցուցահանդեսներ ենք ունեցել, և մեզ համար պատիվ է 2023 թվականը փակել շքեղ և շռնդալից ավարտով»։

Լիլիթ Թովմասյանը տեղեկացրեց, որ հունվարի տոնական օրերին ցուցասրահը բաց է լինելու, հետևաբար և Գյումրի այցելողները կարող են գալ ու վայելել այս բացառիկ ցուցադրությունը։

Հայաստանի Ազգային պատկերասրահի հայկական գեղանկարչության բաժնի վարիչ Հայկուհի Սահակյանն էլ ասաց՝ այսօր տոն է Շիրակում։

Նա տեղեկացրեց, որ Մինասի՝ Ջաջուռում գործող թանգարանը նկարչի 95-ամյակի առիթով նորացվել, թարմացվել է ցուցադրություններով ու վերաբացվել է։

Նա նաև նշեց, որ Ազգային պատկերասրահի ոսկե ֆոնդն է այսօր Գյումրիում ներկայացված։

«Մինասը մի արվեստագետ է, որը դարձել է 60-ականների հայկական կերպարվեստի խորհրդանիշը։ Նա իր շուրջ էր համախմբել ժամանակի առաջադեմ գաղափարներով խանդավառ այլ արվեստագետների, նրա արվեստը, նրա գեղագիտական գաղափարները ձևավորվել, գույն ու մարմին են ստացել Շիրակում և նրա ժառանգությունն այսօր մասամբ գտնվում է Շիրակում։ Մինասի արվեստը վաղուց այցեքարտն է դարձել հայկական մշակույթի ամբողջ աշխարհում»,-ասաց բանախոսը։

Մինաս Ավետիսյանի որդին՝ Արման Ավետիսյանն էլ ասաց․ «Ինձ համար շատ հուզիչ է , սա Մինասի քաղաքն է, չէ՞, Մինասը Շիրակից է և առաջին դասերը ստացել է այս քաղաքում, ուստի ինքը չի կարող այստեղ չլինել։

Իր վերջին օրը եկել էր Գյումրի, տեսակցել իր ընկերներին, սիրած քաղաքը և փաստորեն դա հրաժեշտ էր․․․ Երեկոյան ժամը 22․30-ին եղավ այդ չարաբաստիկ դեպքը․․․

Շատ ուրախ եմ, որ բազմաթիվ հրաշալի գործեր են ցուցադրված, Մինասի հայտնի կտավներից կան այստեղ՝ իհարկե, ոչ բոլորը»։

Լրագրողների հետ զրույցում էլ Արման Ավետիսյանն ասաց․ «Երբ մտածում ենք, որ այսօր համընդհանուր, համաշխարհային, ցավոք սրտի, արժեփոխում է տեղի ունենում, արժեզրկում, շատ կարևոր է, որպեսզի մշակույթը, այս դեպքում էլ Գյումրին շատ կարևոր քաղաք է մշակութային առումով, սա արվեստների, արհեստների քաղաք է։ Եվ իզուր չէ, որ Շիրակից են դուրս եկել բազմաթիվ հայ մեծանուն գործիչներ, նկարիչներ, որովհետև այստեղ ստվերները ուրիշ ձևի են, արևը ուրիշ է, և Շիրակը տարօրինակ առեղծվածային երկիր է, և Հայաստան համար հպարտանալու մի շրջան է, Հայաստանը կարող է Գյումրիով և Շիրակով հպարտանալ»։

Հարցին՝ Մինաս Ավետիսյանն ըստ արժանվույն ներկայացվո՞ւմ է Հայաստանում, Արման Ավետիսյանը պատասխանեց․ «Իսկ Երվանդ Քոչարը ներկայացվո՞ւմ է, Չարենցը ներկայացվո՞ւմ է, բայց դա փոքր երկրի համար՝ մեր երկրի համար շատ դժվար բեռ է, ցավոք սրտի։

Նայեք ինչքան հուշարձան ունի Հայաստանը, որովհետև ես միշտ ասում եմ՝ Հայաստանը մշակութային գերտերություն է, այդ արժեքները շատ դժվար է պահել, շատ դժվար է նաև ներկայացնելը, և ես կարծում եմ, որ այստեղ կա ջանքերը միավորելու անհրաժեշտություն, կառավարությունը և անհատները պետք է միավորվեն այս հարցի շուրջ, որովհետև մշակույթն այն հարթող ուղին է, որը կարող է մեզ տանել դեպի արտաքին աշխարհ, ավելի ճանաչելի լինենք»։

Մենք Արման Ավետիսյանին հարցրեցինք՝ ճիշտ չէ՞ր լինի Գյումրիից «Զվարթոնց» օդանավակայան տեղափոխված Մինասի գործերը վերադարձնել Գյումրի, այդ որմնանկարները գյումրեցիներինն է, այս քաղաքի բնակիչները ծանր են տանում իրենց մշակութային հարստությունը քաղաքից դուրս հանելը։

Մեր զրուցակիցն ասաց․ «Դա ժողովրդի սեփականությունն է, պետության սեփականությունն է, երբ որ պետությունը, ժողովուրդն էլ պետության հետ ինչ-որ որոշում կայացնի, մենք, իհարկե, դեմ չենք, մենք միշտ էլ կողմ ենք՝ ես էլ, բոլորն էլ։

Ես ինքս հաճույքով կգամ, կմասնակցեմ այդ գործընթացին։ Միշտ ասել եմ ու կասեմ՝ որևիցե հատուկ նպատակ Գյումրիից նկարները հանելու չի եղել, եղել է ծայրագույն վտանգված իրավիճակ, երբ նկարներն անհապաղ փրկել էր պետք և չկար այստեղ որևիցե շինություն, մինչև այսօր էլ չկա, որպեսզի կարողանայինք այդ որմնանկարները ցուցադրեինք։ Եթե ինչ-որ մեկը հիմա կգա, ցույց կտա ճիշտ տեղ, խնդրեմ»։

Մինաս Ավետիսյանի որդին նաև ասաց, որ հայտնի չէ Մինասի թողած ժառանգության՝ նկարների քանակը․ Մինասն ու նրա ընկերները ասել են՝ շուրջ 300 նկարներ այրվել են, իսկ հրդեհից հետո Մինասն ապրել է 2,5 տարի։

Նշենք, որ ցուցահանդեսն իրականացվում է ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի հայտարարած «Գույներ կերտող նկարիչը» խորագրով հոբելյանական միջոցառումների դրամաշնորհային մրցույթի շրջանակներում, որ շահել է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարան ՀՈԱԿ-ը: Գյումրու ավագանին երկու օր առաջ կայացած վերջին նիստում գումար հատկացրեց Հայաստանի Ազգային պատկերասրահից նկարչի գործերը անվտանգ Գյումրի հասցնելու համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031