Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ներկա է գտնվել «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագիրը կրող Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը, որտեղ հանդես է եկել եզրափակիչ ելույթով:
Ելույթում մասնավորապես ասվում է.
«Ձե՛րդ գերազանցություն տիկին Ռաբաբ Ֆաթիմա,
Ձե՛րդ գերազանցություն պարոն Լեմոգանգ Կվապե,
Կարդացեք նաև
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք նախարարներ,
Միջոցառման հարգելի՛ մասնակիցներ,
Ողջունում եմ Ձեզ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը:
Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության կողմից համատեղ կազմակերպված այս միջոցառումը կարևոր նշանակություն ունի 2024 թվականի հունիսին Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիյում կայանալիք՝ ՄԱԿ-ի՝ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների 3-րդ խորհրդաժողովի նախապատրաստման առումով:
Տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման հարցերն էական նշանակություն ունեն դեպի ծով ելք չունեցող երկրների տնտեսական կայունությունն ամրապնդելու տեսանկյունից: Ինչպես առիթ ունեցան նշելու հանդիպման բանախոսները և մասնակիցները, այս նպատակով առաջնային ուշադրություն պետք է դարձվի դիմակայուն ենթակառուցվածքների ստեղծմանը, ներառական տրանսպորտային փոխկապակցվածության միջոցով տարածաշրջանային ինտեգրման խորացմանը, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների միջոցով գլոբալ առևտրի և փոխկապակցվածության վերափոխմանը:
Այս ուղղություններով մասնակիցների դրական փորձառության ներկայացումը և նորարարական մոտեցումների վերաբերյալ մտքերի փոխանակությունը կարևոր նշանակություն ունեցան Վիեննայի Գործողություների ծրագրի իրականացման համատեքստում տրանսպորտային փոխկապակցվածության ամրապնդման ուղղությամբ առկա խնդիրները վերհանելու տեսանկյունից, ինչն էապես կնպաստի Կիգալիում ընդունվելիք նոր ծրագրի մշակման գործընթացին:
Վստահ եմ, որ նախարարական հանդիպումը կարևոր նշանակություն ունեցավ դեպի ծով ելք չունեցող զարգացող ու տարանցիկ երկրների, ՄԱԿ համակարգի մարմինների ու գործակալությունների, զարգացման և միջազգային ֆինանսական կառույցների միջև համագործակցության առկա վիճակի ու հեռանկարների քննարկման համար: Լիահույս եմ, որ այս երկխոսությունը նպաստեց փոխշահավետ համագործակցության նոր գաղափարների և մոտեցումների գեներացմանը, որոնք կարտացոլվեն Երևանի հայտարարության մեջ:
Տիկնայք և պարոնայք,
Հայաստանը մեծապես կարևորում է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի դերը ՄԱԿ շրջանակներում մեր խմբի երկրների գերակայությունների առաջմղման առումով: Որպես խմբի բյուրոյի անդամ՝ Հայաստանը հանձնառու է խմբի շրջանակներում համագործակցության ամրապնդմանը, ՄԱԿ-ում խմբի տեսանելիության բարձրացմանը և մեր երկրների առջև ծառացած համակարգային մարտահրավերների բարձրաձայնմանը:
ՄԱԿ՝ Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների գրասենյակն առանցքային դեր ունի հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին աջակցելու ուղղությամբ ՄԱԿ համակարգի աշխատանքների համակարգման առումով: Հայաստանը բարձր է գնահատում գրասենյակի ջանքերը այս նպատակով տեխնիկական և ֆինանսական աջակցության ուղղությամբ միջազգային հանրության ու զարգացման գործընկերներին մոբիլիզացնելու գործում: Կուզենայի վերահաստատել, որ Հայաստանը կարևորում է է գրասենյակի ֆինանսական ու մարդկային կարողությունների ամրապնդումը՝ իր մանդատի լիարժեք իրականացման համար:
Հարգելի՛ ներկաներ,
Ամփոփելով ելույթս՝ կուզենայի շնորհակալություն հայտնել ՄԱԿ՝ Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով բարձր հանձնակատար, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ տիկին Ֆաթիմային և գրասենյակի ողջ անձնակազմին համագործակցության և նախարարական հանդիպման կազմակերպման գործում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար:
Շնորհակալ եմ բոլոր բանախոսներին հետաքրքիր զեկույցների և քննարկումներն ուղղորդելու համար: Հայաստանը շնորհակալ է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին և միջոցառման բոլոր մասնակիցներին հրավերն ընդունելու և ակտիվ ու բովանդակային ներգրավվածություն ցուցաբերելու համար:
Շնորհակալություն»:
ՀՀ կառավարություն