Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ժողովուրդը թեւակոխել է պատմական մի նոր փուլ, որի պարզամիտ ընկալումը տանում է պարզունակ աղետի»․ լույս է տեսել Տիգրան Հայրապետյանի նոր գիրքը

Դեկտեմբեր 15,2023 21:55

Լույս է տեսել քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հոդվածների ու վերլուծությունների 4-րդ հատորը՝ «Անապատի հազար տարի» գիրքը։

Առաջին երեք հատորներում հավաքված նյութերում հեղինակը ներկայացնում էր Հայաստանի ու տարածաշրջանի խնդիրները, աշխարհաքաղաքական կենտրոնների հավակնությունները և այդ գործընթացների մեջ մտնող Հայաստանի դերը: Նա տալիս էր «երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար ի՞նչ պետք է անել» հարցի պատասխանը։

Այս հատորում հեղինակը վերլուծում է Հայաստանի հնարավոր հեռանկարները՝ դրանք դիտարկելով պատերազմի ու խաղաղության, ժողովրդավարության ու բռնապետության հակադրությունների համատեքստում: Գրքում հավաքված հոդվածներն ու վերլուծությունները խիստ արդիական են հատկապես մեր բարդ ժամանակներում:

«Այն իրավիճակը, որում մենք այսօր հայտնվել ենք, Տիգրանը բնութագրում է որպես անհեթեթության ձեւավորման փուլ։ Նա ասում է՝ «Ուզում եք գիտակցել, թե ոչ, բայց մեր ժողովուրդը թեւակոխել է պատմական մի նոր փուլ, որի պարզամիտ ընկալումը տանում է պարզունակ աղետի։ Վերահարմարեցման եւ վարքի ստերիոտիպերի փոփոխության բարդ ու դժվարին պայմաններում կրկին ի հայտ է գալիս բնական ընտրությունը եւ նրա կողմից ձեւավորվող պոպուլյացիան՝ կամ կործանվում է, կամ դառնում է նոր էթնոս։ Հասկանո՞ւմ են արդյոք վերջին մարդը եւ նրանից կառչած զանգվածը, որը հանգուցալուծման երրորդ ճանապարհ չկա»։ Տիգրանը զգուշացնում էր այն, որ այսօր մեր հասարակության մեծ մասն իսկապես փախչում է իրականությունից։ 1500 տարվա գոյությունից հետո Արցախը չկա։ Եվ այդ առիթով Հայաստանում որեւէ դիսկուրս չկա, չկա այդ աղետի գիտակցումը։ Տիգրանը դա համարում է անհեթեթության ձեւավորման նոր փուլ»,- գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը։ Նրա խոսքով՝ Տիգրան Հայրապետյանի գրքի այս հատորը մոտ 15 տարի առաջ լույս էր տեսել, սա ավելի ամփոփ տարբերակն է։ Այն հրապարակվել է Տիգրան Հայրապետյանի արեւելագետ ընկերների աջակցությամբ։

Քաղաքական գիտությունների դոկտոր, գրքի խմբագիր Նազենի Ղարիբյանը նշեց, որ իր հոդվածներում ու վերլուծություններում Տիգրան Հայրապետյանը ներկայացնում է տեսլականներ, թե անկախությունից անմիջապես հետո ինչ պետք է անի նորանկախ Հայաստանը, որպեսզի չդառնա երրորդ աշխարհի երկիր՝ հետգաղութացված։ «Այս չորրորդ հատորում հավաքվեցին այն նյութերը, որտեղ Տիգրանը փորձում է ամփոփել իր առաջարկները եւ բացատրել, թե ինչո՞ւ է հիմա այս վիճակը։ Այս հատորն ընթերցելիս՝ կտեսնեք, որ նա անընդհատ հետ է գնում ու ասում է՝ «ինչպես զգուշացնում էինք»։ Որքան էլ Տիգրանը կարողանում էր ճշմարտացի դաժան լինել, միեւնույն է, մնում է լավատես, մինչեւ վերջ էլ ասում է՝  իհարկե, կա ճանապարհ, կան լուծումներ։ Այս հատորում, ինչպես եւ նախորդ մյուսներում, կան բանալիներ։ Նա տարբեր ճանապարհներ էր նշում, եւ մի ճանապարհ էլ կար, որը վատթարագույնն էր՝ դա Ղարաբաղի կորուստն ու այն իրավիճակն էր, որում մենք հայտնվել ենք։ Ամեն դեպքում՝ լուծման բանալիները մնում են, կան»,- ասաց Նազենի Ղարիբյանը։

Ex Oriente Հայաստանի արևելագետների միության նախագահ, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Արսեն Գասպարյանն իր խոսքում ասաց․ «Տիգրանի պես հրապարակախոսին, քաղաքագետին, քաղաքական փիլիսոփային սովորաբար իշխանությունները չեն սիրում։ Չեն էլ սիրի երբեք, քանի որ Տիգրանի համար պետական շահից վեր բան չկար։ Ինչ տեղ ունեցել է Հայաստանում՝ Արցախի հետ կապված եւ մնացած զարգացումները, իմ կարծիքով դա Հայաստանում բարձրորակ կրթության բացակայության հետեւանք է։ Այդ հարցին ոչ ոք 30 տարի ուշադրություն չի դարձրել։ Հետեւաբար, Տիգրանի ասածը, որ ամենակարեւորը պետական շահն է, դա է բացակայել»։

Տիգրան Հայրապետյանի հոդվածները 1991 թվականից հրապարակվել են հայաստանյան և միջազգային մամուլում։ Հայրապետյանը հայտնի էր «Արթուր Օվի» գրական ծածկանունով, գրեթե 400 հրապարակումների հեղինակ է։ Նա մահացել է 35 տարեկանում` վրաերթից։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031