Տեղեկացրել ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովն այս անգամ տեղի է ունենալու Գյումրիում։
Այն նշանակված է վաղը, տեղի կունենա «Կում կումա» ռեստորանային համալիրում։
Այսօրվանից սակայն քաղաքական ողջ էլիտան՝ ՔՊ-ական նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, պատգամավորներ հերթով ժամանել են Գյումրի։
Քաղաքի պատական միջուկում արտասովոր եռուզեռ է․ մինչ Գյումրու «Կումայրի արգելոց թանգարանի» ցուցասրահում մտավորականները նշում էին Մինաս Ավետիսյանի 95-ամյակն, այդ նույն ընթացքում՝ ժամը 15.30-16.00-ի սահմաններում քաղաքի կենտրոնական հատվածում, հատկապես ռեստորաններում նկատելի էր մեծ աշխուժություն։
Կարդացեք նաև
Կենտրոնական Վարդանանց հրապարակի հատվածում մեծ թվով ոստիկաններ էին կուտակված․ ոստիկանական խիստ հսկողություն էր։ նկատելի էր, որ այդ ժամին վարչապետին էին սպասում, բացի այդ, ցուցասրահ ներս մտնող մտավորականները մեկը մյուսին հարցնում էին՝ ի՞նչ է կատարվում քաղաքում, որ այս կամ այն փողոցում կամ ռեստորանի դիմաց մեծ թվով մարդիկ են հավաքված։
Մեր տեղեկություններով, ժողովին մասնակցելու են 100-ից ավելի կուսակցականներ։
Aravot.am-ը ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է այս անգամ Գյումրին ընտրվել որպես քաղաքական ժողովի վայր։
Պատգամավորն ասաց․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությամբ տարին երկու անգամ տեղի է ունենում քաղաքական ժողով՝ հիմնականում Երևանից դուրս, որովհետև այդ քաղաքական ժողովն իր մեջ ինչ-որ չափով մեսիջներ է պարունակում։
Օրինակ՝ 2021 թվականի սեպտեմբերի դեպքերից հետո մեր կուսակցությունը որոշում կայացրեց, որ քաղաքական ժողովը լինելու է Ջերմուկում։ Մեսիջն այս դեպքում այն էր, որ սիրելի՛ քաղաքացիներ, Ջերմուկն անվտանգ է, Ջերմուկում կարելի է գալ, հանգստանալ, եթե երկրի իշխանությունը՝ թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր, մնում են Ջերմուկում սեպտեմբերյան պատերազմից հետո, ուրեմն Ջերմուկն անվտանգ է։
Փառք Աստծո, այսօր Ջերմուկի հյուրանոցների 90 տոկոսը Ամանորի հետ կապված ծանրաբեռնված են, ազատ համարներ գրեթե չկան։
Այս տարի քաղաքական ժողով ունեցել ենք նաև Դիլիջանում, այս անգամ՝ ի ուրախություն մեզ, որոշվեց, որ քաղաքական ժողովը տեղի է ունենալու Գյումրիում։ Այսօր ու վաղը կունենանք հյուրեր Հայաստանի գործադիր և օրենսդիր մարմիններից՝ սկսած ղեկավարներով։
Իսկ թե ինչու այս անգամ ընտրվեց Գյումրին, ես Գյումրիից եմ, Գյումրիի մասն եմ ասում, բայց ընդհանրապես մեր կառավարության կողմից որդեգրված է համայնքների համաչափ զարգացման մոդելը , դրա վկայությունը օրինակ՝ դոտացիաների շատանալն է, միայն Գյումրիում 2024 թվականին 950 միլիոնի չափ ավելացել է՝ 3,5 միլարդ դառնալով ։
Տարբեր համայնքներում քաղաքական ժողովներ անելը տալիս է այն մեսիջները, որ մեր կառավարությունը համաչափ է նայում բոլոր համայնքներին։ Իսկ ինչու Գյումրիում, որովհետև Գյումրիում ուրախ է, Գյումրիում ամեն ինչ լավ է անցնում»։
Մանրամասները՝ տեսանյութում․
Դավիթ Առուշանյանի՝ տվյալ հարցի շուրջ պարզաբանումը՝ 14․43 րոպեից՝
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ