ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 15-ին այցելել է Շիրակի մարզի դպրոցներ: Խորհրդարանի ղեկավարին ուղեկցել են Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ:
Ամիսներ առաջ Շիրակի մարզի վերոնշյալ դպրոցների աշակերտների հետ հանդիպմանը խորհրդարանի ղեկավարը խոստացել էր անպայման հյուրընկալվել իրենց դպրոցներում:
Լանջիկ համայնքի դպրոցում ԱԺ նախագահը ծաղիկներ է խոնարհել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած, դպրոցի շրջանավարտ հայորդիների հիշատակին: Ալեն Սիմոնյանը տնօրենի եւ ուսուցչական կազմի ուղեկցությամբ շրջել է դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին: ՀՀ ԱԺ նախագահին ներկայացվել են ուսումնական հաստատության ձեռքբերումներն ու խնդիրները, որից հետո Ալեն Սիմոնյանը մասնակցել է դպրոցականների կազմակերպած միջոցառմանը:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահն այնուհետեւ եղել է Գյումրու համար 19 հիմնական դպրոցում, ծաղիկներ դրել Վազգեն Սարգսյանի հուշարձանին, ապա հայրենիքի պաշտպանության համար նահատակված շրջանավարտների հիշատակին: Խորհրդարանի ղեկավարը շրջել է դպրոցում, եղել նաեւ նախակրթարանում: Ալեն Սիմոնյանը ջերմ զրուցել է ուսուցիչների եւ աշակերտների հետ, որոնք կարեւորել են Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի այցն իրենց դպրոց, նշել, որ դա եւս մեկ ապացույցն է այն փաստի, որ կրթական համակարգի խնդիրները մշտապես պետական հոգածության ներքո են:
Ալեն Սիմոնյանը երկու դպրոցներին էլ շուրջ 70 գեղարվեստական գիրք եւ անհրաժեշտ ժամանակակից տեխնիկա է նվիրել: Մանկավարժները համոզմունք են հայտնել, որ գրադարանային ֆոնդի համալրումն անչափ կարեւոր է դպրոցականների կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար:
ՀՀ Ազգային ժողով