«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հենարան» ակումբում անդրադարձավ փոխանակության արդյունքում 32 հայ գերիների վերադարձին:
«Ես շատ ուրախ եմ, որ ռազմագերիները վերադարձել են: Բայց ես չգիտեմ, թե ինչի է դա ներկայացվում որպես Ալիեւի կողմից մեծ ակտ՝ հաշվի առնելով, որ Ալիեւը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթներից մեկը. կրակի դադարեցումից հետո անհապաղ բոլորը՝ բոլորի դիմաց գերիների, պահվող անձանց. դիակների փոխանակում: Այնպես որ Ալիեւին ներկայացնել որպես Ֆրիտյոֆ Նանսեն կամ Մահաթմա Գանդի, թե տեսեք` ինչ մարդասիրական ակտ է արել, անմեղսունակություն է: Իհարկե, հիմա Հայաստանն ուզում է ներկայացնել, որ այս մարդասիրական ժեստը արվել է ընդամենը նրա համար, որ Հայաստանը զիջել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության շուրջ» կոնֆերանսի անցկացումը Ադրբեջանին, ինչը քաղաքական կուտ է:
Գերիները վերադարձվել են, սակայն նրանց դիմաց Հայաստանը վերադարձրել է երկու մարդասպան դիվերսանտի, որոնցից մեկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդական ծառայության աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանին սպանած մարդասպանն է:
Ինձ հետ կապնվեց Հայրապետ Մելիքսեթյանի աղջիկը՝ Անին: Նա անզորությունից լաց էր լինում: Ասում էր՝ գոնե մեկը իրենց տուն չի եկել: Այնքան անբարոյական եք, որ մարդիկ մամուլից են տեղեկացել, որ իրենց հորը սպանած մարդասպանին բանտիկը վրան դրած հանձնել եք Ադրբեջանին: Եվ արդեն ադրբեջանական տելեգրամ ալիքներում այդ ընտանիքը տեսնում է, թե ինչպես են իրենց հորը սպանած մարդասպանին Բաքվում դիմավորում որպես հերոս, ինչպես Բուդապեշտից դիմավորեցին հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին»,- ասաց տիկին Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, թե Բաքվին վերադարձրած ահաբեկիչների նկատմամբ ծանրագույն մեղադրանքներ էին ներկայացված, ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում, եւ Հայաստանի դատարանի կողմից ուժի մեջ մտած դատավճիռ կար: Հետեւապես, որոշակի ընթացակարգ պե՞տք է լիներ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես իրավաբան չեմ, սակայն այստեղ գալուց առաջ զրուցել եմ իրավաբանների հետ: Երեք տարբերակ կա, որի դեպքում կարելի էր այդ ահաբեկիչներին դե յուրե արտահանձնել:
Առաջին տարբերակ: Նրանք արտահանձնվել են Ադրբեջանում իրենց պատիժը կրելու համար: Մենք տեսանք, թե նրանց ինչպես դիմավորեցին Բաքվում ու հասկանալի է, որ այդ տարբերակը բացառվում է:
Երկրորդ տարբերակ: Դատարանը պետք է վճիռը փոխեր: Մենք այդպիսի վճիռ չտեսանք:
Երրորդ տարբերակ: Եթե Հայաստանի վարչապետի առաջարկությամբ նախագահը նրանց ներում շնորհեր: Ես առ այս պահը տեղյակ չեմ երկու մարդասպանի ներում շնորհելու մասին:
Ինչպես տեսնում ենք, իշխանական որեւէ մարմին այդ երեք տարբերակներից որեւէ մեկի մասին չի հայտարարում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ