Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կրակմարիչները դեպքից հետո իմ գլխու չեն բերվել». «Ազատի» զորամասի գործով Գոռ Աղեկյանը տվեց գնդապետ Արգամ Գեւորգյանի անունը

Դեկտեմբեր 15,2023 19:45

Այսօր Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում շարունակվեց Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հրդեհի գործի անջատված մասով դատական նիստը:

Հիշեցնենք, 2023 թվականի հունվարի 19-ին, Ազատ գյուղում տեղակայված զիվորական կացարանում հրդեհ էր բռնկվել. 15 զինծառայող զոհվեց:

Դատարանն այսօր եւս շարունակում էր գործով տուժող Լեւոն Խառատյանի հարցաքննությունը: Ապա, դատարանը քննեց նաեւ ամբաստանյալներ Եղիշե Հակոբյանի, Մառլեն Սարգսյանի եւ Գոռ Աղեկյանի խափանման միջոցների հարցը:

Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով՝ մինչեւ 2024 թվականի մարտի 17-ը, պահպանելով նախորդ խափանման միջոցի ընտրման ժամանակ սահմանված սահմանափակումները, այսինքն, տեսակցությունների արգելքը պահպանելով:

Գոռ Աղեկյանը նույնպես կշարունակի մնալ կալանքի տակ՝ մինչեւ 2024 թվականի մարտի 26-ը։ Դատարանը մերժեց նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ, բացակայելու արգելք կամ տնային կալանք կիրառելու պաշտպանի միջնորդությունը:

Մինչեւ դատարանի որոշման հրապարակելը մեղադրող դատախազը՝ արձագանքելով պաշտպանի հայտարարություններին, ասաց, որ ամբաստանյալը պետք է մնա կալանքի տակ, քանի որ հիմնավոր է մեղադրանքը եւ պատշաճ ապացույցներով ապացուցվել է, որ կրակմարիչներ եղել են. այդ մասին իր նախորդ ցուցմունքում ասաց նաեւ Լեւոն Խառատյանը՝ փաստելով, որ դրանք եղել են փոքր, մեքենայի։Դատախազը պնդեց՝ դեպքից հետո սպան կրակմարիչներ է տեղավորել դեպքի վայրում։

Դատախազի հայտարարությանն ի պատասխան՝ ամբաստանյալն արձագանքեց. «Կրակմարիչները դեպքից հետո իմ գլխու չեն բերվել, իսկ եթե դուք գիտեք, որ էդ հարցը բաց է, ինչի՞ քննիչին էդ հարցը չեք տվել, հիմա եք այդ հարցը բարձրացնում: Եթե գիտեիք, որ էդ հարցը բաց ա, գործը փակում էինք՝ տանում էիք դատարան, բա մի հատ ասեիք՝ լրացուցիչ բացատրություն վերցրա»։

Ամբաստանյալը տվեց գնդապետ Արգամ Գեւորգյանի անունը։

Մյուս ամբաստանյալ Մառլեն Սարգսյանը եւս կմնա կալանավորված՝ մինչեւ 2024 թվականի մարտի 30-ը՝ պահպանելով նախին որոշմամբ սահմանված սահմանափակումները:

Մառլեն Սարգսյանը դատարանում հայտարարեց, որ անկախ ամեն ինչից՝ ինքը հետամուտ է լինելու այս գործի բացահայտմանը. «Ինչը որ կա, ես ասել եմ, ոչ մի տեղ չկա, չի երեւում: Հիմա էլ ասեմ՝ դրա՞ն խոչընդոտեն»: Ավելի ուշ նա հայտարարեց, որ իր իմացած բոլոր տեղեկությունները հայտնել է քննիչին, դրանք բոլորը անտեսվել են եւ ինքը 11 ամիս կալանքի տակ է՝ առանց «ինչ- որ հիմնավոր մեղադրանքի. այն, ինչը որ ասում էին՝ էդ թղթերը պատրաստ է, կբերենք, մինչեւ այսօր չեն բերել ու դրան մենք չենք անդրադառնում: Այսինքն, չկա էդ թղթերը, չկա էդ ամեն ինչը, կեղծիք է էս ամենը սարքած: Մեղադրական կողմն ասում է՝ ես պաշտպանում եմ իմ մեղադրանքը, ի՞նչն եք պաշտպանում, երբ հիմքում ընկածը գոյություն չունի, ամբողջական չէ, շինծու է, ստորագրությունները չեն համընկնում. լավ, ես էլ որտե՞ղ գոռամ, որ էս իմ ասածները լսեն: Երբ կլինեմ ազատության մեջ, հավատացեք, այս գործն ավելի շուտ կբացահայտվի»:

Խոսքը, հիշեցնենք, Մառլեն Սարգսյանի՝ տվյալ զորամասի հակահրդեհային ծառայության պետի պարտականությունները կատարելու հրամանի մասին է: Մառլեն Սարգսյանը պնդում է, որ ինքը տվյալ զորամասի հակահրդեհային ծառայության պետի պարտականությունները չի կատարել, քանի որ ինքը նշանակված չի եղել այդ պաշտոնին, գործում առկա հրամանը կեղծ է, կազմված է հետին թվով: Իսկ Մառլեն Սարգսյանի պաշտպանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ըստ Լեւոն Խառատյանի ցուցմունքների, տվյալ զորամասում եղել է «կատարյալ քաոս, բարդակ. զինվորները ինքնաբուխ ծառայություն են իրականացրել, պատասխանատու սպաները ոչ մի կանոնադրական աշխատանք չեն կատարել», իսկ ութ ամիսների ընթացքում հարցաքննված բոլոր զինվորները ասել են, որ Մառլեն Սարգսյանին չեն տեսել, չեն ճանաչում, քանի որ նա չի առնչվել տվյալ զորամասի հետ, բայցի այդ, ծառայության բերումով, նաեւ որեւէ զորամասի զինվորի հետ չի առնչվել:

Դատախազը տարակուսեց՝ այսինքն, կա բացահայտելու իրականությո՞ւն, որին դե՞մ է հանրային մեղադրողը եւ հորդորեց անպատասխանատու հայտարարություններ չանել: Տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանն էլ հավելեց, որ պատրաստ է հանդիպել եւ Մառլեն Սարգսյանի, եւ Գոռ Աղեկյանի հետ ու եթե կան դեռ չբացահայտված հանգամանքներ, փորձել դրանք բացահայտել:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը միջնորդեց՝ թույլատրել իր տեսակցությունները եւ Գոռ Աղեկյանի եւ Մառլեն Սարգսյանի հետ՝ նկատի ունենալով նրանց տեսակցությունների սահմանափակումները: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031