Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցում առերևույթ թունավորման դեպքի առթիվ քիչ առաջ Քննչական կոմիտեում ստացվել է հաղորդում, նոր քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Aravot.am-ին ասաց, որ վարույթի շրջանակներում կպարզվեն կատարվածի բոլոր, այդ թվում՝ թունավորում լինելու կամ չլինելու, կիրառված նյութի բնույթի հետ կապված հանգամանքները:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Մուսալեռի նշված դպրոցում 10-րդ դասարանի աշակերտը գազի բալոն է բերել դպրոց, փչել է դպրոցի միջանցքում, որի հետևանքով 10 աշակերտի ինքնազգացողություն վատացել էր:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 12.15-ին, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել Մուսալեռ գյուղի դպրոցի ութ աշակերտ:
Կարդացեք նաև
Ժամը 13.30-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Մուրացան» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. «թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության էին ընդունվել նույն դպրոցի երկու աշակերտ:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 11.50-ի սահմաններում նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտը, փորձարկելու նպատակով, արցունքաբեր գազ է օգտագործել, ինչից հետո մի խումբ աշակերտներ «թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
15-ամյա պատանին ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ ներկայացրել է արցունքաբեր գազի բալոնը:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժի
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ