Դեկտեմբերի 14-ին Ստրասբուրգի «Սանտ Թոմաս» հրապարակում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան տոնավաճառի հայկական տաղավարի բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառման պատվավոր հյուրերն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Կարդացեք նաև
Հյուրերը ծանոթացել են հայկական ժողովրդական մշակույթի նմուշներին, հայկական զարդամոտիվներով ստեղծված Սուրբ Ծննդյան և Ամանորի խորհրդանիշ-հուշանվերներին, ինչպես նաև հնարավորություն են ունեցել «ARLOOPA» հավելվածի միջոցով դիտելու հայկական ոչ նյութական մշակութային արժեքների ստեղծման պատմությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության համագործակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համակարգմամբ՝ Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպայում լայն ճանաչում ունեցող՝ Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին:
Տոնավաճառի հայկական տաղավարում ավելի քան 60 հայ վարպետների 400 տարատեսակ ձեռագործ աշխատանքներ են ներկայացված:
Հայկական գորգագործության, ասեղնագործության, թաղիքագործության և փայտարվեստի լավագույն նմուշները Ստրասբուրգի ամանորյա տոնավաճառում կցուցադրվեն մինչև դեկտեմբերի 24-ը:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ