Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ մարզերում հասանելի դարձնել առողջ ապրելակերպը». հանդիպում ֆիթնեսի  բնագավառի ներկայացուցիչների հետ

Դեկտեմբեր 15,2023 17:58

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում ֆիթնեսի ոլորտի ներկայացուցիչների, Երևանում և ՀՀ մարզերում գործող տարբեր մասնավոր կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպումը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, վարչության այլ աշխատակիցներ:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ոլորտի ներկայացուցիչներին ԿԳՄՍ նախարարության հրավերն ընդունելու և համատեղ քննարկումներ իրականացնելու պատրաստակամության համար: Նախարարը տեղեկացրել է, որ Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, որի առանցքային թիրախներից մեկը Հայաստանի տարբեր բնակավայրերում ֆիզիկական ակտիվության ու սպորտով զբաղվելու հնարավորությունը քաղաքացիների համար հասանելի դարձնելը և առողջ ապրելակերպը խթանելն է:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Հայաստանի ավելի քան 70 խոշորացված համայնքներում նախատեսվում է ունենալ տիպային մարզական կառույց՝ լողավազանի, խաղային մարզաձևերի, ֆիթնես դահլիճների և այլ հնարավորություններով: Արդեն իսկ մշակված է նաև տեխնիկական առաջադրանքի նախագիծ: Նախարարը հայտնել է նաև, որ եկող տարվա համար արդեն նախատեսված է նման կառույցների նախագծումը Եղեգնաձորում և Բերդում: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել մասնավոր հատվածի հետաքրքրությունն ու համագործակցության հնարավորությունները՝ ինչպես մարզահամալիրների նախագծման, կառուցման, այնպես էլ դրանց կառավարման գործընթացներում:

«Վստահ եմ՝ ձեր մասնագիտական գործունեության ընթացքում արձանագրել եք շատ կարևոր նրբություններ, որոնք մեզ համար, գուցե, այնքան էլ տեսանելի չեն: Պատրաստ ենք լսելու ձեր դիտարկումները տեխնիկական առաջադրանքի նախագծի վերաբերյալ ու քննարկելու համագործակցության հնարավորությունները բոլոր գործընթացներում՝ թե՛ շինարարության, թե՛ կառավարման: Կարծում եմ՝ համատեղ ուժերով կկարողանանք աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնել»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը:

Ոլորտի ներկայացուցիչները կարևորել են նմանօրինակ նախաձեռնությունն ու տարբեր ուղղություններով համագործակցության պատրաստակամություն հայտնել, ինչպես նաև ուղղել հետաքրքրող մի շարք հարցեր:

Արձագանքելով նրանց հարցադրումներին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ֆիզիկական ակտիվության ու սպորտով զբաղվելու պետական ծրագիրը դեռևս իրագործվելու է միայն ՀՀ մարզերում:

«Տեսնում ենք, որ Երևանում ոլորտը զարգանում է, իսկ մարզերում դեռևս շատ լուրջ խնդիրներ ունենք օրինակ լողավազանների և բազմաթիվ այլ ենթակառուցվածքների հասանելիության հետ կապված: Ինչ վերաբերում է տիպային կառույցներին, ապա որոշակի ուսումնասիրություն է կատարվել, թե նման ֆունկցիոնալություն ունեցող մարզահամալիրներն ինչ ենթակառուցվածքներ ունեն, հատկապես, երբ մենք կարևորում ենք լողավազանի առկայությունը: Մարզերում սա իսկապես լուրջ խնդիր է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ֆիզիկական ակտիվության ու սպորտով զբաղվելու կենտրոններում գործունեություն ծավալող մարզիչների մասնագիտական որակավորման խնդրին:

Քննարկվել են մարզահամալիրների գործունեության կարգավիճակին, դրանցում ընդգրկվելիք մարզիչների վերապատրաստմանն ու, ըստ անհրաժեշտության, տարբեր համայնքներում արդեն իսկ գործող մարզահամալիրների պահպանությանը վերաբերող  հարցեր:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031