Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղոն շիշը ձեռը կայնած էր, գնացի, մտա, վերցրի՝ եկա, արդեն Եղոն ձեռը կրակով շիշը շպրտեց, բուշլատը պատից վերցրի՝ քցի, բոցը տվեց երեսիս, ես դուրս եկա». Լեւոն Խառատյանը դեռ հիվանդանոցում ասել է ծնողներից մեկին

Դեկտեմբեր 15,2023 17:54

Այսօր Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում շարունակվեց Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հրդեհի գործի անջատված մասով դատական նիստը:

Հիշեցնենք, 2023 թվականի հունվարի 19-ին, Ազատ գյուղում տեղակայված զիվորական կացարանում հրդեհ էր բռնկվել. 15 զինծառայող զոհվեց:

Դատարանն այսօր ևս շարունակում է գործով տուժող Լեւոն Խառատյանի հարցաքննությունը:

Լեւոնին հարցեր տվեցին նաեւ հրդեհի արդյունքում զոհված զինծառայողների ծնողները: Նրանցից մեկը հեգնեց․ «Մի հարցում անենք այս մարդու աշխատանքի կամ սովորելու վայրից, եթե ինքը հիշողության հետ կապված խնդիրներ ունի՝ ո՞նց է աշխատում կամ սովորում»: Ապա ծնողը շարունակեց, որ Լեւոնն ասում է, թե բենզին չի տեսել, բայց այնտեղ, որտեղ եղել է դրված բենզինի տարան, մինչդեռ այն դրված է եղել մի տեղում, որը նրա «ոտքերի տակ» պիտի ընկներ: Նույն ծնողը վրդովվեց. «Անցած նիստում ասաց բենզինի բաքերը պլոմբած են եղել, եթե ինքը բենզինի հետ գործ չի ունեցել, որտեղի՞ց գիտի, որ պլոմբած են»: Լեւոն Խառատյանը՝ ճշտեց, որ ասել է՝ չի հիշում: Ծնողը բարկացավ. «Ձայնագրությունը հանեք՝ մտցրեք աչքը, ինչքա՞ն պիտի խաբի»:

Առաջարկ եղավ, որ Լեւոնին ու Ռադիկին առերես հարցաքննեն, որպեսզի իրականությունը պարզ դառնա:

Ծնողներից մեկն էլ հայտարարեց, որ Լեւոնը՝ սենյակների դասավորության, իրարից հեռավորության վրա գտնվելու մասով իրականությանը չհամապատասխանող թվեր է ասում ու հավելեց, որ այն մարդիկ, ովքեր ուզում են փակել այս պատմությունը, ամեն ինչ խառնել են իրար, որ իրականությունը չբացահայտվի: Ծնողն ասաց, որ տպավորություն ունի, թե Լեւոնը ինչը իրեն «ձեռք չի տալիս՝ ասում է՝ չգիտեմ»:

Ծնողը դիմեց Լեւոն Խառատյանին՝ ասելով՝ եթե քո ձայնին չէին արձագանքում տղաները, մտքովդ չանցա՞վ «քացով խփեիր՝ դուռը բացեիր, եթե ձեն ես տալիս՝ չեն լսում»: Նա նաեւ հիշեցրեց հիվանդանոցում Լեւոնի գտնվելու ժամանակ իրենց զրույցը. Լեւոնը պատմել է, որ ինքը մտել է սենյակ՝ «բան պիտի վերցնեի, Եղոն շիշը ձեռը կայնած էր, գնացի, մտա, վերցրի՝ եկա, արդեն Եղոն ձեռը կրակով շիշը շպրտեց, բուշլատը պատից վերցրի՝ քցի, բոցը տվեց երեսիս, ես դուրս եկա»: Ծնողը հարցրեց՝ եթե դու կրակի մեջ հնարավորություն ես ունեցել, որոշակի ժամանակահատվածում գործողություններ անել, էդ տղերքը չէի՞ն կարող կրակի միջից, էդ ժամանակահատվածում իրենց դուրս գցեին. բա ինչի՞ չարեցին:

Զոհվածների ծնողերը հունից դուրս եկան, երբ տուժողը կրկնում էր, որ չի հիշում հրդեհի բռնկման ժամը, զորամասում վառելիքի առք ու վաճառքի հետ կապված մանրամասներ եւ այլ բաներ: Ծնողները տարակուսած էին նաեւ, թե ինչպե՞ս է օրապահ կանգնած Լեւոնը իր հերթապահությունը թողել եւ ազատ ման եկել: Ծնողներից մեկն էլ ասաց, որ միշտ զույգով են հերթապահության կանգնում, բայց թե այդ օրը ո՞վ եւ ինչո՞ւ է փոփոխություն արել, ինչպե՞ս է եղել, որ Լեւոնը միայնակ է հերթապահել՝ հասկանալի չէ:

«Իմ երեխուն սպանել են, 100 տոկոսանոց մուտիլովկա է ֆռռում»,- հայտարարեց ծնողներից մեկը:

Դատավորը հայտարարեց, որ ծնողները ոչ թե հարցեր են տալիս տուժողին, այլ բանավեճի են մտնում նրա հետ, նաեւ հարցեր տալու ցանկություն էին հայտնում այն մարդիկ, ովքեր տուժող չեն ճանաչվել ու հարցեր ուղղելու հնարավորությունից զրկեց ծնողներին, ինչից հետո ծնողները սկսեցին կասկածի տակ դնել դատավորի օբյեկտիվությունը։

«Բոլորիդ կասկածում եմ՝ վարչապետից մինչեւ ամենացածր զինվորական: Օրենք չի եղել, դրա համար էլ մեր երեխաներին սպանեցին»,- հայտարարեց ծնողներից մեկը։

 

Նիստը ընդմիջվեց:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031