Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Կարծում եմ, Ալիեւից ավելի հեղինակավոր անձ Փաշինյանի էլեկտորատի եւ Բաբկեն Թունյանի հարեւան Պողոսի համար, չկա»

Դեկտեմբեր 15,2023 17:18

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հենարան» մամուլի ակումբում խոսելով այն մասին, որ մենք ապրում ենք ֆեյք ժողովրդավարության իրական կողմում՝ ասաց. «Ուզում եմ դիմել ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարեւան Պողոսին, որովհետեւ մի քանի հայտարարություններ ունեմ անելու, որոնք անմիջականորեն վերաբերում, առնչվում են քեզ: Իհարկե, ես քեզ չեմ ասի անգրագետ Պողոս, ինչպես քո հարեւան Բաբկեն Թունյանը՝ ասելով, որ ինքը չի ուզում, որ իր հարեւան անգրագետ Պողոսը որոշի երկրի ճակատագիրը: Այդուհանդերձ, իմ լավ բարեկամ Պողոս, ես շատ եմ ուզում, որ մի քանի ձեւակերպումներ, հայտարարություններ, որ պիտի անեմ, լսես դու եւ քո ու Բաբկեն Թունյանի մյուս հարեւանները:

Սկսեմ մի քանի օր առաջ Euronews-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի տված հարցազրույցից: Եվ այն դրվագները, որ հիմա կմեջբերեմ Ալիեւի հարցազրույցից, հուսամ, վերջնականապես կփակեն հարցը, թե ով է մեղավոր Արցախյան 44-օրյա պատերազմը սանձազերծելու համար, ով բերեց պատերազմը մեր դուռ, ով է մեղավոր հինգ հազար եւ ավելի զոհերի համար, ով դադարեցրեց բանակցային պրոցեսը եւ ով է մեղավոր Արցախի տոտալ հայաթափման եւ հանձնման համար: Եվ այսպես, երեք մեջբերում Euronews-ին տված Իլհամ Ալիեւի հարցազրույցից:

Առաջին մեջբերում. «Փաշինյանն այն մարդն էր, ով 2019-ին Խանքենդիում (Ստեփանակերտում) վերջակետ դրեց բանակցային գործընթացին՝ բղավելով՝ Արցախը Հայաստան է եւ վերջ: Հիմա նույն մարդը ասում է՝ Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջ: Դա լավ էվոլյուցիա է, բայց այն, ինչ հիմա ասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դա պիտի ամրագրվի նաեւ փաստաթղթով եւ ստորագրությամբ, ինչին մենք սպասում ենք»:

Երկրորդ մեջբերում. «Այս հայտարարությունից հետո ինչ-որ բանի մասին բանակցել եւ ինչ-որ բանի շուրջ պայմանավորվելը, այլեւս անիմաստ է»:

Եվ երրորդ, ամենակարեւոր մեջբերումը. «Իրականում ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատճառը Հայաստանի այս կառավարությունն էր»:

Կարծում եմ, Ալիեւից ավելի հեղինակավոր անձ Փաշինյանի էլեկտորատի եւ Բաբկեն Թունյանի հարեւան Պողոսի համար, չկա: Հուսանք, սրանով վերջնականապես փակվեց թեման, որ Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ փորձում է մանիպուլացնել Արցախի հանձնման տարբեր՝ 1991, 1996, 2007, 2016-ի օգոստոս, 2018 տարեթվեր նշելով, Արցախի հանձնումը ուրիշների՝ նախկինների, Ռուսաստանի ջեբը գցելով: Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքական ուժի, այս բոլոր թվականներին Արցախը այլեւս հանձնված է եղել, բայց ինքը դա հասկացել է 2018 թվականին:

2018 թվականին, երբ հասկացել է, որ Արցախը արդեն հանձնված է եղել, նույն Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին գնում է խորհրդարանական ընտրության՝ Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա կարգախոսով: Նույն թվականին նա բանտիկը կապած մուրճը թափահարելով հայտարարում էր՝ «անջատում՝ հանուն փրկության»: Նույն Նիկոլ Փաշինյանը կառավարության 2021 թվականի ծրագիր է ներկայացնում ԱԺ-ում: Այն Նիկոլ Փաշինյանը, որ 2018-ին հասկացել էր, որ Արցախի լուծարմանն այլեւս այլընտրանք չկա, ԱԺ ամբիոնի առջեւ կանգնած՝ խոսում է Արցախի՝ անջատում հանուն փրկության բանաձեւից ՝ ասելով, որ դա միակ ճանապարհն է Արցախը չցեղասպանելու համար: Այն Նիկոլ Փաշինյանը, որ հիմա հայտարարում է, որ Արցախը տարբեր տարեթվերին հանձնված էր եւ հանձնված Արցախը բերել, գցել են իր գրպանը, 2021 թվականին պաշտոնապես ընդունում է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնում սենատին Արցախի միջազգային ճանաչման որոշում ընդունելու համար: Ավելին, գրառում է անում իր ֆբ էջում՝ ասելով, որ Ֆրանսիայի սենատի այս որոշմամբ Արցախի միջազգային ճանաչման մեկնարկը տված է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031