Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծնողները ձեզ ինչո՞ւ չեն հավատում». Նորիկ Նորիկյանը՝ Լեւոն Խառատյանին

Դեկտեմբեր 15,2023 17:05

Այսօր Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում շարունակվեց Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հրդեհի գործի անջատված մասով դատական նիստը:

Հիշեցնենք, 2023 թվականի հունվարի 19-ին, Ազատ գյուղում տեղակայված զիվորական կացարանում հրդեհ էր բռնկվել. 15 զինծառայող զոհվեց:

Դատարանն այսօր ևս շարունակում է գործով տուժող Լեւոն Խառատյանի հարցաքննությունը:

Եթե դուք կարողացել եք վազել զինանոց եւ վերցնել բաճկոնը, դա նշանակում է, որ դեռեւս կրակը չէր հասել ննջարանի եւ զինանոցի դռանը՝ տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը հարցրեց Լեւոն Խառատյանին: Վերջինս ասաց՝ հստակ չի կարող ասել՝ բաճկոնը զինանոցի՞ց է վերցրել, թե՞ հյուրասենյակից, իր հիշելով՝ կրակը եղել է ննջարանի դռան մոտ, բայց ինքը կոնկրետ չի հիշում, թե կրակի չափն ինչքան էր:

Պաշտպանը տարակուսեց՝ նկատելով, որ եթե բաճկոն է վերցրել, ուրեմն վստահ է եղել, որ դրանով հնարավոր է կրակը հանգցնել եւ հետաքրքրվեց՝ հնարավո՞ր էր կրակը բաճկոնով հանգցնել: Տուժողը պատասխանեց՝ հնարավոր լիներ, երեւի կկարողանար ինքը հանգցնել, այդ պահին, հավանաբար, մտածել է՝ ինչ-որ մի բան անելու մասին:

Պաշտպանը կարեւորում է այս հարցի պատասխանն այն տեսանկյունից, որ եթե վերցրել է բաճկոնը, ուրեմն մտածել է, որ հնարավոր է այն հանգցնել: Տուժողը պնդեց իր պատասխանը: Նաեւ ասաց՝ իր հիշելով, փորձ էլ չի արել ննջարան մտնել, հիմա չի հիշում, թե ինչո՞ւ չի մտել, կարծում է, որ կրակը թույլ չի տվել ու իր ուշադրությունն էլ սեւեռված է եղել՝ ամեն գնով կրակը հանգցնելուն, բայց ննջասենյակում գտնվող տղաներին ձայն է տվել:

Պաշտպանը մի քանի անգամ հետաքրքրվեց՝ ինքը վստահ եղե՞լ է, որ միայնակ կարող է կրակը հանգցնել, տուժողն ասաց՝ ոչ, դրա համար էլ ձայն էր տալիս, որ գային եւ օգնեին:

Շատ հարցերի հստակ պատասխաններ տուժողը չէր տալիս, ասում էր՝ չի հիշում, անգամ, եթե դրանք տրվում էին մի քանի անգամ՝ տարբեր ձեւերով: Նա հստակ չէր հիշում անգամ, թե իր գոռոցներին արձագանք եղե՞լ է, թե՞ ոչ, միայն իր ձայնն է լսել. «Մաքսիմալ գոռացել եմ, 5-10 մետր այն կողմ լսելի կլիներ, անգամ եթե քնած լինեին՝ կարող էին լսել, շատ խորը քուն պետք է մտած լինեին, որ չլսեին»:

Նորիկ Նորիկյանի նյարդերը տեղի տվեցին․ «Որ գոռում էիր, ձայն չէր գալիս, մտքովդ չանցա՞վ, մտնեիր ձեր տղերքին, քո ընկերներին՝ ասեիր՝ տղերք ջան, «պաժառ» է, հելեք՝ գնանք ստեղից»: Տուժողն ասաց՝ եթե այդ պահին զգար, որ կարող է՝ կմտներ ու կասեր, եթե չի մտել, ուրեմն, հասկացել է, որ չի կարող: Իսկ դուրս գալուց հետո էլ չէր կարող մոտենալ պատուհանին եւ ինչ-որ բան ասել, քանի որ իր ստացած այրվածքների ցավից իրեն նետել է ձյան մեջ:

Նորիկյանը հետաքրքրվեց՝ եթե ինքը գոռում էր ու արձագանք չկար, ուրեմն կամ սենյակում մարդ չի եղել, կամ այնտեղ գտնվողներն ի վիճակի չեն եղել արձագանքել: Տուժողն ասաց՝ բան չի կարող ասել, քանի որ չգիտի, թե ննջարանի ներսում ինչ է կատարվել, բայց ինքը չի հիշում՝ ննջարանից շարժ կամ ձայներ լսե՞լ է, թե՞ ոչ:

Տուժողը հայտարարեց, որ ժամերի առումով հստակ ոչինչ չի կարող ասել ու պնդեց, որ իր նախաքննական ցուցմունքներում տպագրված են իր ասածները, իրեն ժամեր չեն հուշել. ապա հստակեցրեց՝ ինքը լավ վիճակում չի եղել, վերակենդանացման բաժանմունքում, հարցաքննության ժամանակ, ասել է՝ քննիչը գրել է, ինքն անգամ ի վիճակի չի եղել համակարգչում կարդալ, թե ինչ է գրել քննիչը, նույնիսկ չի ստորագրել ցուցմունքը, քանի որ ձեռքերն այրվածքներով են եղել:

Լեւոն Խառատյանն անդրադարձավ նաեւ Նարեկ Ավագյանի մոր՝ Քնարիկ Պետրոսյանի հայտարարությանը՝ ասելով, որ իրեն տանից պետք է բաճկոն ուղարկեին եւ հարազատները հետաքրքրվելիս՝ սխալ էին ներկայացրել՝ ասելով, թե ամբողջ վաշտը բաճկոն չունի. այդ դեպքով պայմանավորված՝ վաշտի հրամանատարը եւ ծառայության պետն իրեն կանչել են զրույցի եւ տհաճ խոսակցություն է եղել:

«Դրա համար ուզել են քեզ վաշտից հանե՞ն»,- Քնարիկ Պետրոսյանի հարցին արձագանքելով Լեւոնը հայտարարեց, որ իր գլխացավերը հաճախ էին լինում, վաշտի հրամանատարությունն էլ տեղյակ է եղել, որ առողջական խնդիր կա, ասել են՝ հնարավոր է իրեն վաշտից հանեն:

Նորիկ Նորիկյանը հետաքրքրվել էր՝ կա՞ ինչ-որ մի կարեւոր հանգամանք՝ դեպքի հետ կապված, որի մասին հարցադրում չի եղել, բայց ինքը կցանկանար ասել: Հարցը դատավորը նույնպես կրկնեց: Լեւոնը էական մանրամասներ չհիշեց:

Նորիկ Նորիկյանն ուղիղ հարցրեց՝ ծնողները ձեզ ինչո՞ւ չեն հավատում: Արձագանքը եղավ՝ չեմ կարող հարցին պատասխանել: Նա հավելեց, որ չկա մի բան, որը կարող էր ասել՝ նայելով իր զոհված ընկերների ծնողների աչքերին, ինչը մինչեւ օրս չի ասել:

Դահլիճում կրքերը բորբոքվեցին, ծնողները սկսեցին անհամաձայնություն հայտնել, երբ Նորայր Նորիկյանը Լեւոն Խառատյանին խնդրեց անհատապես բնութագրել ամբաստանյալներից նրանց, ում ճանաչում է: Բնութագրերը դրական քողով էին:

Նորիկ Նորիկյանը հայտարարեց, որ համապատասխան փուլում կմիջնորդի վկայի նախաքննական ցուցմունքները հրապարակել՝ դատարանում նրա հայտարարությունների հետ էական անհամապատասխանությունների պատճառով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031