Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է «Վեդի Ալկոյի» սեփականատիրոջ որդին ձեռք բերել 14 կտոր հողատարածք

Դեկտեմբեր 15,2023 16:38

Aravot.am-ի տեղեկություններով՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տվյալներ են ստացվել, որ Գետափ գյուղի նախկին ղեկավարը՝ Գագիկ Ալոյանը, 2008-2017թթ. կեղծ և ձևական աճուրդ-վաճառքով հողակտորներ է օտարել իր որդիներին՝ Արման Ալոյանին և Արտակ Ալոյանին եւ այլ անձանց: Նշված 11 տնամերձ հողամասերը բոլորն էլ աճուրդում վաճառվել է 236.440 դրամով: Ձեռք բերված տվյալներով՝ Ալոյանը գյուղատնտեսական նշանակության 2.91հա ջրովի վարելահողը ձևական աճուրդ-վաճառքով 450.000 դրամով օտարել է Հ.Հ-ին , վերջինս ձևական առք ու վաճառքի միջոցով նույն հողակտորը 500.000 դրամով վաճառել է Ալոյանի որդիներին՝ Արտակ և Արման Ալոյաններին և Հ. Թ.-ին:

Պարզվել է նաև, որ Գագիկ Ալոյանը, նույն մեխանիզմով, 2017թ. նախնական համաձայնություն գալով «Վեդի Ալկո» ՍՊԸ սեփականատեր Մանվել Ղազարյանի հետ՝ նախընտրված 14 կտոր գյուղատնտեսական նշանակության հողակտորների կարգավիճակը 2017թ. փոխարինելով վարելահողային նշանակության, կազմակերպել է աճուրդ-վաճառք և մոտ 10.000.000 դրամով վաճառել է Ղազարյանի որդու մտերիմ Վազգեն Մխիթարյանին։ Վերջինս էլ 2018թ.նվիրատվության պայմանագրով բոլոր հողակտորները փոխանցել է Մանվել Ղազարյանի որդուն՝ Դավիթ Ղազարյանին:

Այս տեղեկությունը «Վեդի Ալկոյից» մեզ խոստացան պարզաբանել, բայց այդպես էլ չպարզաբանեցին:

Պարզվել է նաև, որ Գագիկ Ալոյանը համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող «ՎԱԶ 2121» մեքենան 2016թ. կեղծ և ձևական աճուրդ-վաճառքով 520.000 դրամով վաճառել է թոռանը՝ Արմեն Ալոյանին:

Գագիկ Ալոյանի հետ կապվել մեզ չհաջողվեց, խոսեցինք Վայոց Ձորի մարզի Գետափ վարչական շրջանի ղեկավար Երվանդ Գալստյանի հետ: Վերջինս ասաց, որ նշված հնարավոր չարաշահումների մասին ինքը տեղեկություն չունի ու գովեց Գագիկ Ալոյանին՝ ասելով, թե նա ինչ մեծ ներդրում ունի համայնքում. «Ինչքան աշխատանք ու ներդրում ունի Գագիկ Ալոյանը, եկեք, տեսեք՝ այս գյուղում ինչքան բան կա արված, Վայոց Ձորի մարզում մեր բնակավայրն ամենաբարեկարգվածն է: Նման հարցեր մի տվեք ինձ, խնդրում եմ, ցանկություն չունեմ, ես հեռու են մնում լրատվամիջոցներին հարցազրույցներ տալուց»:

Մեր զրուցակիցն ասաց՝ տեղյակ չէ նախկին գյուղապետը կամ նրա որդիներն ինչ հողատարածքների սեփականատեր են, բայց ասաց՝ իրեն հայտնի է, որ իրենց համայնքում «ինչ-որ բաներ, հողատարածքներ չունեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031