Այսօր Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում շարունակվեց Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հրդեհի գործի անջատված մասով դատական նիստը:
Հիշեցնենք, 2023 թվականի հունվարի 19-ին, Ազատ գյուղում տեղակայված զիվորական կացարանում հրդեհ էր բռնկվել. 15 զինծառայող զոհվեց:
Դատարանն այսօր ևս շարունակում է գործով տուժող Լեւոն Խառատյանի հարցաքննությունը:
Մինչ այդ, սակայն, հայտարարությամբ հանդես եկավ հրդեհի արդյունքում մահացած Նարեկ Ավագյանի մայրը՝ Քնարիկ Պետրոսյանը: Հայտարարությունը վերաբերում էր Լեւոն Խառատյանի՝ նախորդ նիստում արած հայտարարություններին, մասնավորաբար, այն մասին, որ զորամասում թմրանյութերի շրջանառություն է եղել:
Կարդացեք նաև
«Մի քանի անգամ Նարեկի անունը շեշտվեց՝ թմրանյութի ինչ-որ պատվերների հետ կապված, ես չգիտեմ, այդ պատմությունը որքանո՞վ է իրական, որքանով՝ ոչ, ովքե՞ր են խառնված, ինչեւիցե։ Նարեկը 10 տարեկանից սպորտսմեն է, տարբեր եվրոպական քաղաքներում մրցույթների է մասնակցել։ Ես չգիտեմ, բանակ զորակոչվելուց մեկ տարի հետո ի՞նչն է փոխվում, երբ մեկ սիգարետ անգամ չծխած տղան դառնում է թմրանյութ պատվիրող: Չգիտեմ՝ դա բանա՞կ է, թե՞ ինչ է: Չնայած, չեմ զարմանում, նման սպաների դեպքում հնարավոր է ամեն ինչ: Հնարավոր է, որ դա սպաների համար է պատվիրված եղել: Ես հասկանում եմ, Լեւոնն ուզել է ճշմարտությունն ասի, խնդիր չկա, բայց այդ ճշմարտությունը կարող էր սկսել հենց իրենից՝ պատմեր, ո՞ւմ հետ է խնդիրներ ունեցել, ոչ թե Նարեկից: Լեւոն ջան, կարող էիր քեզնից սկսել: Անձնական խնդիր, Նարեկը երբեք ոչ մեկի հետ չի ունեցել: Եթե եղել է ինչ-որ խոսակցություն, շեշտվեց կապիտանի հետ կապված, չգիտեմ էլ ում հետ, դա եղել է ընդհանուր վաշտի խնդիր: Անձնական խնդիր չի ունեցել ոչ մի սպայի, ոչ մի ընկերոջ, ոչ մի տղայի հետ. նման բան չի եղել մեկ տարվա ընթացքում: Լեւոնի դեպքում, հենց իր ասելով, եղել են անձնական խնդիրներ, կարող էր ինքը շեշտել իրեն: Ուզում եմ ասել, որ այն ամենը, ինչ որ եղել է՝ անուններ տալ՝ Նարեկ, Հրաչ, Գոռ… չգիտեմ, մաքուր տղաների անունները ինչ-որ նման հարցերի մեջ շոշափել, բարձրաձայնել, կարծում եմ, ամենամեղմ ասած՝ անպարկեշտություն է: Ու վերջում ասել՝ մոտ է եղել Նարեկի հետ… կարծում եմ, հարմար է իրեն եղել՝ մոտ լինել Նարեկի հետ, ոչ թե մոտ է եղել:
Ու խնդրում եմ, անհիմն տեղը, 15-ից ոչ մեկի անունը չշոշափել, եթե սպանության հետ կապ չունի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ