Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն առանց ՌԴ-ի որպես պետություն գոյություն ունենալ ցավոք չի կարող… ոչ մի սփյուռք էլ ձեզ չի փրկի, դա հիմարություն է». ՌԴ պետդումայի փոխնախագահ

Դեկտեմբեր 15,2023 16:02

ՌԴ պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյն այսօր «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումի բացման ժամանակ ելույթ է ունեցել ու հայտարարել, որ Հայաստանն առանց Ռուսաստանի գոյություն ունենալ չի կարող՝ բացատրելով, թե ինչու. «Ես, որպես Պետդումայի պատգամավոր, ընտրվել եմ Մոսկվայում, որտեղ ամենամեծ հայկական սփյուռքն է: Ես շատ ընկերներ, մարդիկ ունեմ, որոնք աշխատում են Մոսկվայում եւ առաջին ձեռքից գիտեմ, թե ինչպես են հայերն այսօր ապրում Ռուսաստանում: Զբաղվելով միջխորհրդարանական հարաբերություններով՝ ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ, նույնպես տեսնում եմ, թե ինչ արդյունք է տվել այն փաստը, որ Հայաստանն ինչ-որ մի պահի որոշել է ՌԴ-ից այսպես ասած «դիստանցիա»՝ հեռավորություն պահել»:

Ըստ նրա, դրան նպաստել են 2,5 հազար ՀԿ-ները, որոնք ԱՄՆ դեսպանատան ամենամեծ ներկայացուցչությունն են նախկին ԽՍՀՄ տարածքում, դրամաշնորհները, փողերը. «Ներշնչել են հայ հասարակությանը, հայ երիտասարդությանը, որ Հայաստանը կարող է ապրել առանց ՌԴ-ի: Անձամբ ես եւ իմ հազարավոր, միլիոնավոր հայրենակիցները համոզված ենք, որ պատմական, քաղաքական, մարդկային առումով մենք շարժվելու ենք միասին, եւ որ Հայաստանը առանց ՌԴ-ի գոյություն ունենալ՝ որպես պետություն, ցավոք, չի կարող:

Չպետք է կատարել հետսովետական երկրների սխալները, որոնք փորձեցին ստանալ ՌԴ-ից այն ամենը, ինչ կարող էին ստանալ՝ էժան էներգոռեսուրսներ, տեխնիկական համագործակցություն եւ այլն եւ միաժամանակ ստանալ ամեն ինչ Եվրոպայից՝ կրեդիտներ, լավ հարաբերություններ, ընդունելություն Ֆրանսիայում եւ այլն:

Երբ Ղարաբաղյան վերջին պատերազմն էր ընթանում, իմ աշխատասենյակում բառացիորեն ամեն շաբաթ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներն էին, որոնք ասում էին խնդրում ենք, զանգեք ու ասեք, մի բան արեք, ՌԴ նախագահին հասցրեք ու կանգնեցրեք պատերազմը, մեր տղաները մեռնում են, նրանց դագաղով են բերում ռազմաճակատից: Հիմա այդ պատգամավորներից ոչ մեկը չկա, ընդհանրապես չկան: Ես հիշեցնեմ, որ հենց Պուտինն այդ ժամանակ կանգնեցրեց արյունահեղությունը: Իսկ հիմա այդ նույն մարդիկ խոսում են այն մասին, թե իրենց կփրկի սփյուռքը: Ոչ մի սփյուռք էլ չի փրկի, դա հիմարություն է: Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ այլ երկրները, պետք չի հույս ունենալ, այնտեղ հաճելի է աշխատել ծրագրավորող, բայց ոչ մի սփյուռք էլ չի փրկի Հայաստանը, ես դրանում համոզված եմ: Եվ ովքեր ասում են, որ դա կլինի, խորապես սխալվում են: Նրանք կկորցնեն ե՛ւ Ռուսաստանի հետ հարաբերությունները, այնտեղ էլ ոչ մի բան չեն ստանա: Օրինակ` Ուկրաինան, որը նույնպես ուզում էր միաժամանակ ստանալ ե՛ւ ՌԴ-ից, ե՛ւ Արեւմուտքից, բոլորիդ աչքի առաջ է, չէինք ուզենա, որ Հայաստանը այդ օրինակին հետեւեր»:

ՌԴ պետդումայի փոխնախագահը ընդգծեց ՌԴ նախագահի խոսքը, որ Հայաստանի ղեկավարությունը, արեւմտյան հարթակներում ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրա մասին տեղյակ էլ չէր պահել ՌԴ ղեկավարությանը. «Ինչպե՞ս են մարդիկ դրանից հետո համարձակվում ասել, որ մեր խաղաղապահները բախտի քմահաճույքին են թողել Ղարաբաղի բնակչությանը: Ղարաբաղի բնակչությանը լքել է եւ բախտի քմահաճույքին Հայաստանի ներկայիս ղեկավարությունը»:

Նա հորդորեց պատմությունը հաշվի առնել ու եւս մեկ անգամ հավաստիացրեց՝ Հայաստանը ոչ մի ապագա չունի առանց Ռուսաստանի:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031