«Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ կան ենթակառուցվածքներ, որոնք արդեն մշակված են եւ իրականացման փուլում են, ինչպիսին է, օրինակ, Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Թե ի՞նչ տնտեսական հաշվարկներ կան, որքա՞ն կարժենա ամբողջական նախագիծը, դեռ պարզ չէ, Մհեր Գրիգորյանն ասաց, որ հարավային Հորադիզ-Երասխ երկաթուղու ինդիկատիվ արժեքը դեռեւս մեկ տարի առաջ ստացել են եւ դա կազմում էր շուրջ 230 մլն դոլար:
Հարցին՝ սահմանազատման հանձնաժողովի աշխատակարգը սահմանվեց, առաջիկայում ի՞նչ ակնկալիքներ կան՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Աշխատակարգը, որը մենք հաստատեցինք երեկ, հետեւյալի մասին է՝ նկարագրում է, թե ինչպես են երկրների հանձնաժողովները աշխատանքային հանդիպումներ եւ նիստեր կազմակերպելու: Գիտեք, որ ե՛ւ մենք ունենք հանձնաժողով սահմանազատման, ե՛ւ Ադրբեջանն ունի: Մենք ճիշտ համարեցինք, որ կանոնակարգենք այդ հանձնաժողովի ընթացքը, մասնավորապես՝ երբ ենք հանդիպում, որտեղ ենք հանդիպում, ոնց ենք կազմում արձանագրությունը, ի՞նչ լեզվով ենք խոսում վերջիվերջո: Որոշվել է անգլերեն կամ ռուսերեն, երկուսն էլ հնարավոր է: Հաջորդ հանդիպման վերաբերյալ դեռեւս ժամկետներ չկան: Սահմանազատման գործընթացը եւ այդուհետ նաեւ սահմանագծումը ես կարծում եմ բավական երկար կտեւի, որովհետեւ դա բավականին բարդ գործընթաց է»:
Հարցին՝ հստակեցվա՞ծ է, թե որ քարտեզներով եք աշխատելու՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Չէ: Մենք որպես մեկնարկային քարտեզ ընդունել ենք 75-90թթ ամենաթարմ քարտեզները ըստ էության: Բայց ուզում եմ հստակեցնեմ՝ մենք աշխատելու ենք բացառապես տոպոգրաֆիկ պրոֆեսիոնալ քարտեզներով ու փաստաթղթերով, որոնք ունեն իրավական նշանակություն»:
Կարդացեք նաև
Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ սահմանազատումը տարիներ կտեւի: Նա նկարագրեց ընթացակարգը՝ հանձնաժողովներից ամեն մեկը ներկայացնում է քարտեզ, իրավական փաստաթղթեր, որոնք կարգավորում ունեն սահմանի եւ սկսում է քննարկում, մտքերի փոխանակում. «Բնականաբար, դա չի կարող արվել մեկ սահմանի հետ կապված, պետք է արվի հատված առ հատված»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ