«Ժողովուրդ» օրաթերթը որոշել է դատի տալ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին:
Օրերս ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված Հայկուհի Հարությունյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, թվարկելով թեկնածուի «թերացումները», ԱԺ ամբիոնից իր ելույթում հայտարարեց. «Եզրակացության մեջ տեղ են գտնում տարբեր տեսակի մամուլի հրապարակումներ: Բայց դե մենք գիտենք մամուլի հրապարակումները ոնց են ծնվում: Օրինակ, ինչ-որ մեկը կարող է «Ժողովուրդ» օրաթերթին փող տա, հոդված պատվիրի ինչ-որ մեկի մասին՝ վատ, որ պախարակի այդ մարդուն, ինչը նորմալ երեւույթ է «Ժողովուրդ» օրաթերթի համար, կամ, օրինակ, Asekose.am-ի համար, կամ «Հրապարակի» համար ու հետո այդ հրապարակումները տեղ գտնեն եզրակացությունում: Մենք խաղում ենք տվյալ պաշտոնյայի հեղինակության հետ: Այդ եզրակացությունները փակ չեն, դրանք ուղարկվում են բոլոր պատգամավորներին, ուստի բաց են առնվազն պատգամավորների համար: Այսինքն, փողով տպված հոդվածը տեղ է գտնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ իքս պաշտոնյայի վերաբերյալ, այսինքն, մենք ֆեյք եզրակացություններ ենք կարդում: Այստեղ խնդիր է, որովհետեւ թվային գործիքներ չկան, 4 տարի է՝ չի ներդրվել»:
Միջանկյալ նշենք, որ առանց ԶԼՄ–ների անունները որոշակիացնելու՝ համահունչ պնդումներ է արել նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ «Ազատությանը» տված հարցազրույցում։
Արթուր Հովհաննիսյանի հայտարարությունից հետո «Հրապարակը» «զրպարտություն եւ կեղծիք» որակեց լրատվամիջոցների հասցեին նրա ասածները․ «Ինչի համար շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություններ տալ: Մեր իրավաբաններն արդեն աշխատում են հայցադիմումի վրա: Բարձր ամբիոններից անպատասխանատու հայտարարություն անող, լրատվամիջոցների բարի համբավն արատավորող բոլոր վնասատուները պետք է պատասխան տան իրենց ասածների ու արածների համար»։
Կարդացեք նաև
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հայտարարել է, որ դատական հայց է ներկայացրել՝ զրպարտության եւ ազատ մամուլը թիրախավորելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրը Ազգային ժողովում մոտեցել է Արթուր Հովհաննիսյանին, պահանջել միասին գնալ դատախազություն կամ ԱԱԾ՝ իմացած ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում տալու: Սակայն ՔՊ խմբակցության քարտուղարը հրաժարվել է «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցչի հետ իրավապահ մարմիններ գնալ : «Չեմ մեկնաբանում» միայն այս միտքն է հնչեցրել Արթուր Հովհաննիսյանը: «Ժողովուրդ» օրաթերթի մեր գործընկերները արձանագրում են. «Արթուր Հովհաննիսյանը չի կարողացել բացատրություն տալ, թե ինչ հիմքով է երկրի թիվ մեկ ամբիոնից հնչեցրել անպատասխանատու խոսք, սուտ և զրպարտություն»:
Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանից ներողություն խնդրելու պահանջ են ներկայացրել նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, «Հրապարակ» օրաթերթը՝ դարձյալ անպատասխանատու խոսքեր ամբիոնից հնչեցնելու համար:
Հավելենք, որ մեդիափորձագետ, Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը ևս պահանջել են Արթուր Հովհաննիսյանից ներողություն խնդրել «Ժողովուրդ» օրաթերթից՝ առանց հիմքերի և ապացույցների զրպարտանք տարածելու համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ