ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») ղեկավարի Սերգեյ Դանկվերտի վերջին հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրը։
Հանդիպման արդյունքում ձեռք բերված՝ համատեղ վերահսկողական միջոցառումներ անցկացնելու մասին պայմանավորվածությունը ՍԱՏՄ ղեկավարը ներկայացրել է տեսչական մարմին հրավիրված Հայաստանի կաթնամթերք արտադրող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին:
Արմեն Հայրապետյանը տնտեսավարողներին հիշեցրել է ռուսական կողմի պահանջը՝ ՌԴ արտահանվող կաթնամթերքի հումքը պետք է լինի բացառապես հայկական, ու նաև հորդորել հստակ գնահատել իրենց արտադրություններում առկա ռիսկերը, վերացնել դրանք, արտադրական ողջ գործընթացը համապատասխանեցնել ԵԱՏՄ օրենսդրությամբ և տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, ներդնել Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգը (HACCP): Նա վստահեցրել է, որ Տեսչական մարմնի մասնագետները պատրաստ են տրամադրելու համապատասխան մասնագիտական աջակցություն՝ առկա խնդիրները արագ լուծելու համար: «Միայն արտադրությունների վստահորեն պատրաստ լինելուց հետո ՌԴ համապատասխան գերատեսչության հետ կհստակեցվեն վերահսկողություն իրականացնելու ժամկետները»,- նշել է ՍԱՏՄ ղեկավարը:
Կաթնամթերք արտադրողներն արձանագրել են, որ այսպիսի հանդիպումներն արդյունավետ ձևաչափ են առաջացած խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց շուրջ պարզաբանումներ ստանալու համար:
Կարդացեք նաև
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին