Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Նալբանդյանը 6 մլն դոլարանոց համալիրը գնել է 360 հազար դոլարով. «Հետք»

Դեկտեմբեր 15,2023 13:56

 «Հետք». Իշխանափոխությունից հետո հայտնի դարձած գործարար Նարեկ Նալբանդյանը շուկայականից բազմապատիկ էժան գնով տիրացել է գործարար Փայլակ Հայրապետյանի գույքին:

Կասկածելի գործարքներով խնդրահարույց գույքեր ձեռք բերած գործարար Նարեկ Նալբանդյանը դարձել է քրեական գործով անցնող ևս մեկ խոշոր գույքի սեփականատեր։ «Հետքը» պարզել է, որ Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրն ու հարևանությամբ գտնվող երկու այլ գույք։

2021 թ.-ին տեղի ունեցած գործարքի մանրամասներից հայտնի է դառնում, որ 6 միլիոն դոլար գնահատված հյուրանոցը գործարարը ձեռք է բերել 18 անգամ ցածր գնով՝ 360 հազար դոլարով։ Այս ամենը տեղի է ունեցել քրեական գործի առկայության պայմաններում։

6 մլն դոլար արժեցող հյուրանոցը վաճառվել է 360 հազար դոլարով 

Սևան-Գավառ ճանապարհի ձախ մասում՝ Սևանա լճի ափամերձ հողամասի վրա տասնամյակեր առաջ կառուցվել և այդպես էլ ավարտին չի հասցվել «Հայրապետ» հյուրանոցային համալիրը։ Այն պատկանել է նույնանուն ՓԲԸ-ին, որի բաժնետերերը գործարար Փայլակ Հայրապետյանն ու իր որդիներն են։ Ընկերության գույքը նույնպես գրավադրվել էր ադամանդի «բիզնես ծրագրի» նպատակով ստացված վարկի համար։ Երբ օֆշորային սկանդալը բացահայտվել և քրեական գործ է հարուցվել, «Ամերիաբանկին» առաջարկվել է մինչ նախաքննության ավարտը ձեռնպահ մնալ գրավադրված գույքերն օտարելուց։ Որքան էլ տարօրինակ է, իրավապահները Կադաստրի կոմիտեին չեն արգելել գրավադրված գույքերի նկատմամբ գործարքները գրանցել։ Այդուհանդերձ, բանկը վաճառել է գրավադրված բոլոր գույքերը՝ բացառությամբ Ծովազարդի «Հայրապետ» հյուրանոցային համալիրի և Ծովազարդ գյուղում գտնվող ևս 2 գույքի։

Փայլակ Հայրապետյանին խարդախությամբ ունեզրկելու քրեական գործը մինչեւ 2020 թ.-ը քննվել է Քննչական կոմիտեում։ 2020 թ.-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ հարուցված նոր քրեական գործի շրջանակում օֆշորային գործարքներին մաս կազմելու համար մեղադրանք է առաջադրվել Նավասարդ Կճոյանին։ Դրանից հետո Քննչական կոմիտեում քննվող քրեական գործը միացվել է ԱԱԾ-ում հարուցված քրգործին և մեկ վարույթում քննվել։

Զուգահեռաբար, դատարանում էր գտնվում Փայլակ Հայրապետյանին ունեզրկած գործարար Աշոտ Սուքիասյանին պատկանող «Ձորագյուղ» կոոպերատիվի սնանկության գործը։ Հենց այդ կոոպերատիվի վարկի համար էր գրավադրվել նաև Փայլակ Հայրապետյանի հյուրանոցը։

Չնայած ԱԱԾ-ում խարդախության և դրա արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված եկամուտն օրինականացնելու վերաբերյալ քրեական գործի քննությանը, սնանկության դատարանը թույլ է տվել վաճառքի հանել Ծովազարդի «Հայրապետ» հյուրանոցային համալիրի գույքը։ Երբ տեսնում ենք, թե ով է գնել հյուրանոցային համալիրը և ինչ արժեքով՝ գործարքի օրինականության նկատմամբ կասկածներն ավելի են խորանում։

Ծովազարդի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը բաղկացած է եռանկյունաձև շենքից, որի ընդհանուր մակերեսը 16 հազար քմ է։ Համալիրն ընդգրկում է աջ, ձախ և կենտրոնական մասնաշենքերը, ռեստորանը, հանգստյան տնակը, պահակատունը, ճաշարանը, պարիսպը և այլ շինություններ։ Սնանկության դատարանի թույլտվությամբ համալիրը աճուրդային կարգով ընդամենը 191 միլիոն դրամով(360 հազար ԱՄՆ դոլար) գնել է «Պրոյեկտ ինտեր–ինվեստ» ՍՊԸ-ն, որի միակ բաժնետերը Նարեկ Նալբանդյանն է։ Գործարքը տեղի է ունեցել 2021 թ.-ի ապրիլի 1-ին։ Այս հյուրանոցային համալիրը գրավադրման ժամանակ գնահատվել էր 6 միլիոն 640 հազար դոլար (4.3 մլն դոլար լիկվիդացիոն արժեքով)։ Այսինքն՝ 6 միլիոն դոլար արժողության հյուրանոցը վաճառվել է 18 անգամ ցածր գնով՝ 360 հազար դոլարով։

Նարեկ Նալբանդյանն իր գործարքները շահավետ է գնահատում

Մեկնաբանություն ստանալու նպատակով գրավոր հարցեր ուղղեցինք «Պրոյեկտ ինտեր–ինվեստ» ՍՊԸ-ի բաժնետեր և տնօրեն Նարեկ Նալբանդյանին։ Գործարարն իր գրավոր պատախանում նշել է, որ ձեռք բերված գույքերի վաճառքի մասին իմացել է հրապարակային աղբյուրներից։ Ծովազարդ համայնքում գտնվող հյուրանոցային համալիրի վաճառքի մասին տեղեկացել է grav.am կայքից, իսկ Ծաղկաձորի հյուրանոցի վաճառքի մասին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կայքից։ Գործարարը հայտնել է նաև, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի առանձնատունը ևս եղել է հրապարակային վաճառքի ենթակա գույք՝ չպարզաբանելով, թե քրգործով անցնող գույքը վաճառքի ո՞ր հրապարակային հարթակում է ներկայացված եղել։

«Վերոհիշյալ գույքերի նկատմամբ մեր հետաքրքրությունը առաջացել է, և գործարքները տեղի են ունեցել զուտ նրանց շահավետ լինելու տրամաբանությամբ»,- պատասխանել է Նարեկ Նալբանդյանը՝ նշելով, որ գործարքները կնքելիս որևէ խոչընդոտի չեն հանդիպել, ուստի բոլոր գործարքները եղել են օրինական։

Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031