Դեկտեմբերի 14-ին Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիմայի հետ։
Երկուստեք անդրադարձ է կատարվել դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար առկա մարտահրավերներին, այդ թվում՝ լոգիստիկ և կլիմայական փոփոխությունների համատեքստում: Ընդգծվել է, որ Երևանում նախարարական հանդիպման անցկացումը վկայում է այդ մարտահրավերներին արդյունավետ արձագանքի և լուծումների հասնելու ՀՀ պատրաստակամության և ջանքերի մասին: ՀՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ բարձր հանձնակատարը հույս են հայտնել, որ նախարարական հանդիպումն իր ներդրումը կունենա նաև 2024թ. հունիսին Կիգալիում կայանալիք դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների երրորդ համաժողովի ռազմավարական ուղղությունների նախանշման հարցում:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ ընդգծելով կապուղիների զարգացման, համապատասխան ներդրումների ապահովման ուղղությամբ միջազգային գործընկերների ներգրավածության կարևորությունը:
ՀՀ ԱԳՆ