Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրը մեկ անձից հրատապ գնումներն են, բայց ցուցանիշի նվազում ունենք»․ Ֆինանսների նախարարության պաշտոնյա

Դեկտեմբեր 15,2023 12:25

Մեկ անձից կատարվող հրատապ գնումների ծավալը նվազում է։ Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարության Գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը։

«Մենք մոտավորապես 120 մլրդ դրամ ծախսում ենք առողջապահական ծառայությունների վրա, եւ տարեցտարի մեկ անձից կատարվող գնումների ծավալը պետք է նվազի։ Այսինքն՝ ինքը գնումների տնտեսագիտական դասակարգման հոդվածից վերափոխվելու է այլեւս պլանավորվելու է որպես նպաստ, ինչ որ իրականում կա։ Եվ այդ ցուցանիշը կսկսի նվազել։ Նախորդ տարվա եւ այս տարվա համեմատականը եթե նայենք, առողջապահական ծառայությունների մասը եթե հանենք, ապա մնացածի մասով որոշակի նվազեցում ունենք, որովհետեւ ընդհանուր գնումների վրա ծախսվող գումարի չափն էլ է մեծացել։ Օրինակ՝ անցյալ տարի հունվար-նոյեմբերին մենք ունեցել ենք մոտավորապես 287 մլրդ դրամի կնքված պայմանագրեր, այս տարվա նույն ժամանակահատվածում արդեն ունենք 300 մլրդ-ից մի փոքր ավելի։ Եվ շատ կարեւոր է, որ մեզ մոտ նվազում են հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումները։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դա եղել է մոտ 13,7 մլրդ դրամ, այս տարի 9,2 մլրդ է։ Դրա մեջ մոտ 3 մլրդ դրամը Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված գնումներն են, որ ստիպված էինք հրատապ գնումներ կատարել։ Եվ եթե մենք այդ անորոշության կտորը հանենք, մոտավորապես 5 մլրդ դրամ են կազմում հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումները։ Նախատեսում ենք, որ այս թիվն այլեւս չի էլ մեծանա այս տարի, որովհետեւ բյուջետային տարին արդեն փակում ենք, եւ նոր գնումներ չեն արվում։ Այսինքն՝ կարելի է ասել մեկ անձից հրատապ կատարվող գնումներն են հիմնական խնդիրը, եւ նվազեցում ունենք»,- ասաց նա։

Սերգեյ Շահնազարյանը նշեց, որ կառավարությունը նախորդ տարվա նոյեմբերին որոշում է ընդունել․ եթե նախկինում մեկ անձից կատարվող գնումների թույլտվությունը տալիս էր կառավարությունը, այս որոշմամբ ապակենտրոնացում է տեղի ունեցել՝ որոշումների կայացումը նախարարների մակարդակով է։

Անդրադառնալով հարցին, որ պետական մարմինները միջոցառումների համար մեկ անձից գնումների ընթացակարգն են որպես կանոն կիրառում՝ նախարարության պաշտոնյան ասաց․ «Կամաց-կամաց անցում է արվում մրցակցային գնումներին։ Եվ երկու խոշոր միջոցառում կա, որից մեկն արդեն կատարվեց, մեկը մյուս տարի մայիսին կլինի։ Առաջին միջոցառումը, որը երկփուլ մրցույթով արեցինք, դա ծանրամարտի Եվրոպայի առաջնության միջոցառման կազմակերպումն էր։ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի համաժողով է լինելու Հայաստանում հաջորդ տարվա մայիսին, դրա կազմակերպման ծառայությունը եւս մրցութային ընթացակարգով է արվում։ Այսինքն՝ մենք կամաց-կամաց անցում ենք կատարում մրցակցային գնումներին։ Այդ փորձն էլ է շատ կարեւոր, որը ձեւավորվում է։ Կարծում եմ, որ 2024 թվականին մեկ անձից կատարվող գնումների պատկերն էական կփոխվի։ Երեւի 2024 թվականին կգանք այն վիճակին, որ մշակութային միջոցառումների դեպքում մեկ անձից գնումների կատարման հնարավորություններն այլեւս չեն լինի։

Ինչ վերաբերում է ներկայացուցչականին, ապա դա էլ շատ կարեւոր է։ Եվ որպեսզի այդ խնդիրը եւս լուծվի, մենք հիմա մշակում ենք էլեկտրոնային գնումների նոր համակարգ, որն ունի նաեւ էլեկտրոնային խանութ գնման ձեւ։ Այդ էլեկտրոնային խանութների միջոցով մեկ անձից գնումների կատարման տրամաբանությունը եւս կփոխվի։ Մենք նպատակ ենք դրել, որ այդ էլեկտրոնային խանութների համակարգն ունենալով՝ եւ փոքր գնումները, եւ ներկայացուցչական ծախսերի հետ կապված գնումներն ամբողջությամբ կտեղափոխենք էլեկտրոնային խանութների համակարգ։ Եվ ընդհանրապես նպատակ ունենք շեմ սահմանել, որից բարձր գնումները կարվեն մրցույթներով։ Այդ շեմից ներքեւ գնումներն էլ կլինեն էլեկտրոնային խանութի միջոցով»։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031