Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայմանավորվեցինք, որ նախարարը պետք է անկողմնակալ վերաբերմունք ցուցաբերի». Համլետ Պետրոսյանը՝ աղմուկ հանած դասագրքի մասին

Դեկտեմբեր 15,2023 12:16

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել էր Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած եւ նրա կնոջ՝ Մարիամ Կարապետյանի խմբագրած 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի փոփոխության եւ լրամշակման նախաձեռնությամբ հանդես եկած պատմաբանների խմբին: Աղմուկ հանած դասագիրքը արժանացել է քննադատությունների, տարբեր մասնագետներ կարծիք են հայտնել, որ այն չի բավարարում հանրակրթական դպրոց մտնելու պայմանները եւ լի է աղաղակող սխալներով:

Aravot.am-ը հանդիպմանը մասնակցած գիտնականներից հետաքրքրվեց, թե ինչ տպավորություն են ստացել այդ հանդիպումից, արդյոք կառուցողական քննարկումներ եղել են եւ ի՞նչ ակնկալիքներ ունեն:

Էդիկ Մինասյանն ու Համլետ Պետրոսյանը

ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ այն իմ անհանգստությունը, որ նման երեւույթ կա, եւ նախարարությունը համընդհանուր քննարկում չի կատարում, ընդունվեց: Նախարարը սիրով համաձայնեց ընդունել բոլոր նրանց, ովքեր միացել են, հայտարարություններ են արել եւ քննադատել են: Հանդիպման ամբողջ ընթացքում համարյա միանշանակ այն էր, որ բոլորը գտնում էին (ես մեղմ կասեմ), որ պիտի նոր փորձ սկսել, նոր կանոններ սահմանել, չափորոշիչներից բխող նոր կետեր ավելացնել:

Մենք պայմանավորվեցինք, որ նախարարը պետք է անկողմնակալ վերաբերմունք ցուցաբերի այս ամենին, որ բոլոր դիտողությունները հատուկ գրառվելու են, եւ նախարարը կարիք ունի դիմելու մի երրորդ կողմի՝ լսելու կարծիք , որը մեր ընդհանրական կարծիքի հետ գուցե համաձայն լինի, գուցե ոչ, բայց ոչ այն մարդկանց, որոնք այս հարցը բարձրացրել են: Անկեղծ ասած, պայմանավորվեցինք սպասել դրան: Կարծում եմ, որ իմ եւ մեր խմբի տարբեր անդամների մոտեցումները հիմա պետք է լինեն մի քիչ ավելի զուսպ եւ սպասողական, որովհետեւ մեր խնդիրը հարցը լուծելն է, այլ ոչ թե կոնֆլիկտն ավելի մեծացնելը» :

Աշոտ Փիլիպոսյանն ու Աշոտ Մելքոնյանը

Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը Aravot.am-ին ասաց, որ կսպասի վերջնական որոշում կայացմանը, որպեսզի հետո կարծիք հայտնի: «Շատ գործնական խոսակցություն է եղել, եւ հեղինակը, եւ հրատարակիչը նշեցին, որ 40-ից ավելի ուղղումներն ընդունում են, դա անելու են, փոփոխելու են եւ հավանաբար ներդիրի տեսքով ուղարկելու են, որ կցվի դասագրքերին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ․ Գ․ Հանդիպմանը ներկա գտնված ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել է, որ իրենք նորից ներկայացրել են իրենց մոտեցումները, որոնք նախօրոք արդեն հրապարակվել էին․ «Իսկ մեր մոտեցումն այն էր, որ այս վիճակով դասագիրքը չի կարող շրջանառության մեջ մնալ, ուրեմն պետք է հանվի»։

Թե ինչ լուծում է առաջարկել ԿԳՄՍՆ-ն, ապա․ «Նախարարությունն առաջարկեց մի տարբերակ, ավելի ճիշտ՝ մտադիր է ստեղծել մի հանձնախումբ, որը պետք է որոշի, թե այդ դիտողությունները որքանով են ընդունելի կամ ոչ, եւ հեղինակն ինքը պետք է որոշի՝ ինչն է ընդունում, ինչը չի ընդունում, որից հետո պետք է որոշեն, թե գրքի ճակատագիրն ինչ է լինելու»։

Ինչ վերաբերում է հանձնախմբին, ապա այն պետք է լինի փակ եւ գաղտնի․ «Չպիտի իմացվի, թե ովքեր են նրանք, կարծիքներ պետք է գրեն, որից հետո ըստ այդմ առաջնորդվեն։ Գրքի ճակատագիրը որոշվելու է այդ հանձնախմբի արձագանքի արդյունքում»։ ԿԳՄՍ նախարարությո՞ւնն է ձեւավորելու այդ գաղտնի հանձնախումբը։ «Չեմ կարող ասել, հավանաբար, ամեն դեպքում մեզ որեւէ բան չառաջարկվեց, որ մենք էլ մաս կազմենք այդ հանձնախմբին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031