Միամտաբար, միշտ մտածել եմ, որ նախկինում, ոչ թե ամբողջ Արցախի, այլեւ նրա մի քանի շրջանների կորստի դեպքում անգամ, ընդդիմադիր ուժերը մեկ վայրկյան անգամ հանգիստ չէին նստի, ժողովրդին ոտքի կհանեին եւ ամեն ինչ կանեին կորուստները վերականգնելու համար:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի եւ հայերի վիճակն այնքան իդեալական է, որ նրանց այլեւս ընդդիմություն պետք չէ: Սա այն պարագան է, երբ աշխարհը կարող է նախանձել Հայաստանին, քանզի դա լինում է մի դեպքում միայն, երբ տվյալ երկրում ամեն ինչ ավելի քան հրաշալի է եւ ընդդիմությունը որոշում է. բերեք չխանգարենք գործող իշխանությանը, քանզի նա ամեն ինչ ճիշտ եւ լավ է անում: Իսկ նման դեպքում շարժ անել, կնշանակի, որ դա զուտ ցուցադրական է, քանզի արդեն ասացինք, որ ընդդիմության գնահատականով երկրում ամեն ինչ «հրաշալի է»: Իսկ սա միայն մի բան է նշանակում. ընդդիմությունը ժամանակին այնքան մեծ գործ է արել, որ իր կարիքն այլեւս չի զգացվում եւ հանգիստ խղճով կարող է դադար վերցնել ու մի փոքր հանգստանալ: Բա, ինչո՞ւ գիշեր-ցերեկ «ժողովրդի մասին մտածող» իշխանությունը պետք է հանգստանա, իսկ «մեծ արդյունքներ» արձանագրած ընդդիմությունը չհանգստանա: Արդյո՞ք արդար է: Բնավ, ոչ: Չէ՞ որ ժողովրդի մասին գիշեր-ցերեկ պետք է մտածեն միայն այս երկուսը, հետեւաբար՝ մանավանդ երկրի այս «հրաշալի» վիճակում, նրանք երկուսն էլ իրավունք ունեն հավասարապես հանգստանալու:
Հուրախություն երկրի եւ ժողովրդի, այնպես չէ, որ իշխող ուժի հակառակորդը ոչինչ չի անում: Պատեհ առիթների դեպքում, որոշ ուժեր կարճ ժամանակով փոքր հավաքներ են անում եւ դժգոհություններ հայտնում, իսկ խորհրդարանական «մրցակից» պատգամավորները եւս հայտնում են իրենց դժգոհությունները, սակայն երկրի վիճակի մեջ բացարձակ փոփոխություններ չեն արձանագրվում…
Ավաղ, այսօր կորցրել ենք ողջ Արցախը եւ Հայաստանի մի շարք ստրատեգիական տարածքներ, սակայն ընդդիմությունը հանգիստ նստած է ու կարծես ինչ-որ հրաշքի է սպասում: Ասենք այսպիսի հրաշքի, այն է՝ Ադրբեջանը հանկարծ կփոշմանի եւ Արցախը հետ կտա կամ՝ աշխարհն այնքան լրջորեն կմիջամտի, որ Ադրբեջանը վախից կվերադարձնի Արցախը: Նման հույսեր փափագողներին միանգամից ասեմ, որ այդ երկու հրաշքներից որեւէ մեկը հաստատ չի լինի, ընդհակառակը. չափազանց իրատեսական է, որ նույն աշխարհի լռելյայն համաձայնությամբ Ադրբեջանն այս անգամ կվերցնի ողջ Հայաստանը, քանզի դրա համար Ադրբեջանի համար ստեղծված են հրաշալի ու իրատեսական պայմաններ: Թե իշխանությունն այս դեպքում ինչ է անելու, կարծում եմ՝ պարզ է, եւ թե ինչ են անելու այսպիսի հանգստությամբ տոգորված ընդդիմությունն ու ժողովուրդը, լիովին անհայտ է …
Կարդացեք նաև
Կարծում եմ, Ադրբեջանը հրաշալիորեն կօգտվի «խաղաղության պայմանագրի» ընձեռած անզուգական հնարավորություններից՝ ելնելով հատկապես հետեւյալ հանգամանքներից. արդեն գրավյալ տարածքներից ու տրվելիք հայկական մի շարք գյուղերի առկայությունից, տրվելիք անկլավների հրաշալի ստրատեգիական դիրքերից, «Սյունիքի միջանցքի» բացումից, ինչպես նաեւ Ադրբեջանից՝ իրենց «հայրենիք»՝ Հայաստան տեղափոխված ադրբեջանցիների առկայությունից: Եթե սրան էլ ավելացնենք մի շարք հանգամանքներ, որ Ադրբեջանը հանդես է գալիս հաղթողի եւ թելադրողի դիրքերից, նա իր անվտանգային ու ռազմական հզորությամբ եւ սպառազինության մակարդակով էապես ուժեղ է ներկայիս Հայաստանից, ինչպես նաեւ՝ այսօրվա հայը բարոյալքված է ու վախեցած, ապա պարզ է դառնում, որ նա կսկսի «Սյունիքի միջանցքից» եւ սրբելով կվերցնի ողջ Հայաստանը: Իհարկե, աշխարհը կվերսկսի իր տարատեսակ մտահոգություն-ներկայացումները, ժողովուրդը նորից կմնա իր լեթարգիական քնի մեջ, իշխանությունները կհնչեցնեն իրենց նոր հեքիաթները, իսկ նման պատրաստվածության ընդդիմությունն էլ դարձյալ կբարձրաձայնի, թե ինքն ի՞նչ անի, որ ոչ մի կերպ ժողովուրդը չի հավաքվում՝ տնից դուրս չի գալիս եւ Հայաստանը հանգիստ կհանձնվի ու ամեն ինչ կմոտենա իր տրամաբանական ավարտին …
Այստեղ խոսքն այն մասին չէ, որ ընդդիմությունն ընդհանրապես անտարբեր է եղել Արցախի, կամ անտարբեր է Հայաստանի ճակատագրերի հանդեպ, այլ նրանում է, որ իշխանությունները փաստացի կարողացան այնպես անել, որ ընդդիմության ուժերը վերջնականապես փոշիացրին, որի պատճառով նրանք չկարողացան եւ չեն կարողանում ճկուն գործել ու ոչ ստանդարտ միջոցներով մաքսիմալ կերպով իրականացնել իրենց գործառույթները, որի հետեւանքով եւ Արցախը, եւ Հայաստանը մնացին անտեր: Ցանկացած երկրում, կախված ստեղծված իրավիճակից, ոչ մի դեպքում, ընդդիմությանը պատրաստի դեղատոմս չի առաջարկվում, այլ իրավիճակին համապատասխան, ինքն է փորձում գտնել եւ լուծել ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր ուղիները: Սա է ընդդիմության հիմնական դերակատարումը, որն առ այս պահը չափազանց վատ է իրականացվում մեզ մոտ: Խոսքը սրա մասին է: Փաստացի, մեզ պետք է ոչ թե խոսքի, այլ գործի ընդդիմություն, որն իրեն պատեպատ խփելով՝ կարողանա իրավիճակ փոխել, հակառակ պարագայում, այն եղած, թե չեղած, նույն հաշիվն է:
Անգամ հաղթած Ադրբեջանում ընդդիմությունն անում է մաքսիմալը, բայց ոչինչ, որ նա եւս հաջողության չի հասնում:
Գաղտնիք չէ, որ ցանկացած երկիր փորձում է եւ կարող է փրկվել կամ իշխանության, կամ ընդդիմության, կամ համատեղ ուժերով՝ իհարկե, մաքսիմալ համախմբելով բոլոր միջոցները, ցավոք, որը մեր դեպքում այդպես էլ չեղավ ու կարծես չի լինում:
Ցավոք, իրողությունն այսպիսին է եւ չարժե ճշմարտության առաջ աչք փակել:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
14.12.2023