Լրահոս
Օրվա լրահոսը

Աջապահյան. Հայաստանը դառնալու է անցանկապատ պարտեզ: Խաղաղության պայմանագիր չի լինելու՝ դա լինելու է Հայաստանի նվաստացման պայմանագիր. «Հրապարակ»

Դեկտեմբեր 15,2023 11:14

«Խաղաղության պայմանագիր չի լինելու՝ դա լինելու է Հայաստանի նվաստացման պայմանագիր։ Դա նմանվում է Ալեքսանդրապոլի դաշնագրին, որը նույնպես խաղաղության պայմանագիր էր»,- մեզ հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նա կարծում է, որ Ադրբեջանը մեզ սովորեցնում է, թե ինչպես մեզ պահենք, որպեսզի չհարձակվի մեզ վրա։ Խաղաղության դեպքում կողմերն ընդառաջ քայլեր են կատարում, իսկ Ադրբեջանը նման վերաբերմունք ցույց չի տալիս։

«Ալիեւը սովորեցնում է մեզ, թե ինչպես մեզ պիտի պահեինք 1994 թվականին, ինքը ցույց է տալիս, որ 1994 թվականին, երբ դուք հաղթած էիք, դուք այդպես պիտի վարվեիք մեզ հետ՝ չվարվեցիք, չպարտադրեցիք մեզ խաղաղության պայմանագիր այն ժամանակ, վախեցաք, ընկրկեցիք, Նախիջեւանը չազատագրեցիք, Գանձակը չազատագրեցիք, կանգնեցիք եւ չստիպեցիք մեզ խաղաղություն, չստիպեցիք մեզ կապիտուլյացիա, հիմա մենք ձեզ կստիպենք կապիտուլյացիա. սովորեք։ Սովորեցնում է»,- ասաց Սրբազանը։

Շիրակի թեմի առաջնորդն Արցախը կորսված է համարում ու Արցախ վերադառնալու մասին հայտարարությունները որակում է մերկապարանոց՝ որքան Մուշ եւ Արդահան վերադարձանք, որքան Կարս վերադարձանք, այնքան էլ Արցախ կվերադառնանք։ «Մենք պարտվել ենք մեր վախկոտությանը, մեր ֆոբիաներին, իսկ Ադրբեջանը ոչմիթիզական է, Ադրբեջանը նաեւ սովորեցնում է, թե ինչպես պետք է լինել ոչմիթիզական։ Այդ հայերն էին, որ հեգնում էին միմյանց ոչմիթիզականությանը՝ դե հեգնեք ադրբեջանցիների ոչմիթիզականությունը, ինչո՞ւ չեք հեգնում։ Մեծ երկիր, Հայաստանից ավելի մեծ երկիր, թող երկու թիզ էլ զիջի Հայաստանին՝ չի զիջում։ Ինչո՞ւ հայ ոչմիթիզականներին հեգնում էին, դե թող ադրբեջանցի ոչմիթիզականությունը հեգնեն։ Այս տարածաշրջանում կապրի նա, ով ոչմիթիզական է»,- նկատում է Սրբազանը։

Անդրադառնալով հայ-թուրքական փոխհարաբերություններին, Շիրակի թեմի առաջնորդը շեշտում է, որ, անկախ հանգամանքից՝ թուրքական գործոնը լավն է, թե վատը, թուրքական տարրը սպառնալիք է հայկական գոյությանը։ Սակայն դա չի նշանակում, որ թուրքին պետք է վերացնել, դա նշանակում է հայրենիքի սահմաններն անառիկացնել ու ապահովել սեփական անվտանգությունը, որպեսզի հազար տարի հետո շարունակենք գոյություն ունենալ։ Իսկ «խաղաղության պայմանագրով» Հայաստանը դառնալու է անցանկապատ պարտեզ, անկադաստր տարածք։

«Անցանկապատ պարտեզ լինելով, ով ասես պիտի մտնի եւ պտուղը քաղի, որովհետեւ այդ պարտեզը նույնիսկ պահակ չունի, եթե պահակ էլ ունի՝ պահակի ձեռքին մահակ չկա։ Եվ, ի վերջո, գալու է մի օր, երբ որ Հայաստանում գերակշռող տարրը հայը չի լինելու՝ դա չենք էլ գիտակցելու»,- ասաց Սրբազանը։

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031