««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը վերջերս հրապարակեց այն պաշտոնյաների ցանկը, որոնք ապօրինաբար առկայծող փարոսիկներ են օգտագործում իրենց սպասարկող մեքենաների վրա: Ցանկում նշված էին ՀՀ դատախազ Աննա Վարդապետյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ինպես նաեւ ԱՄՆ, ՌԴ դեսպաններին սպասարկող մեքենաները: «Բոլոր պաշտոնյաների մեքենաները, որոնք կարմիր-կապույտ առկայծող փարոսիկներ են կրում մեքենաների վրա, երթեւեկության մեջ առավելություն է տալիս երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ… Ես հիմա հրապարակավ ասում եմ՝ եթե այս հարցը մեկ շաբաթից չլուծվի, իմ մեքենայի վրա էլ եմ «միգալկա» դնելու, ու թող փորձեն ինձ կանգնացնել»,-ասել էր Թորոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ինչպես է վերաբերվում պատգամավորի հնչեցրած հայտարարություններին եւ ի՞նչ քայլեր է նախատեսում ձեռնարկել այս ուղղությամբ:
Ի պատասխան՝ մեզ տեղեկացրին. «ՀՀ քննչական կոմիտեի նախագահի անվտանգությունը, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներով ուղեկցումն ապահովում է ՀՀ պետական պահպանության ծառայությունը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ուղեկցումը՝ նաեւ ավտոմեքենաների՝ փարոսիկներով կահավորվածության առումով, իրականացվում է՝ սահմանված կարգին համապատասխան»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։