Լրահոս
Օրվա լրահոսը

Կտավատի սերմերի ազդեցությունն աղիների վրա կարող է նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը․ նոր հետազոտություն

Դեկտեմբեր 15,2023 09:30

Գնալով համալրվում են այն գիտելիքները, թե ինչպես է աղիների միկրոբիոմն ազդում առողջության այլ ոլորտների վրա։ Microbiology Spectrum ամսագրում վերջերս հրապարակված հետազոտությունում աղիներում ապրող միկրոօրգանիզմների և կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի միջև կապերն են ուսումնասիրվել։

Հետազոտողներն առանցքային կապ են հայտնաբերել աղիների միկրոբիոմի և գեների էքսպրեսիայի միջև, ինչպես նաև նկատել են, որ կտավատի սերմերի օգտագործումը մկների շրջանում նվազեցրել է կրծքագեղձի քաղցկեղի վտանգը: Թեև անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ այս պնդումները հաստատելու համար, ստացված տվյալները բավականին հուսադրող են։

Ինչպես է աղիների միկրոբիոմն ազդում կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի վրա

Այս հետազոտությունում ուսումնասիրվել են աղիների միկրոբիոմի բաղադրամասերն ու դրանց կապը կրծքագեղձի քաղցկեղի հետ։ Աղիների միկրոբիոմը ներառում է աղիներում ապրող բակտերիաներն ու այլ միկրոօրգանիզմները, և ինչպես պարզել են ուսումնասիրության հեղինակները, մկների աղիներում ապրող միկրոօրգանիզմները կապված են կրծքագեղձի միկրոՌՆԹ-ի հետ, որը կարող է ազդել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վրա։

Ինչպես է կտավատի սերմերի օգտագործումն ազդում աղիների առողջության և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգի վրա

Այնուհետև հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչպես կարելի է փոփոխել աղիների միկրոբիոմի և կրծքագեղձի միկրոՌՆԹ-ի միջև կապը։ Նրանք պարզել են, որ այդ հարցում կարևոր դեր ունի կտավատի սերմերի օգտագործումը, որը փոփոխում է միկրոբիոմի և միկրոՌՆԹ-ի փոխազդեցությունները՝ այդպիսով նվազեցնելով կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը։

Կտավատի սերմերի բաղադրամասերի հետագա վերլուծությունը թույլ է տալիս հասկանալ ազդեցության մեխանիզմները, և, ինչպես պարզվել է, այդ հարցում կարևոր դեր է խաղում լիգնան միացությունը։ Ինչպես նշում են հեղինակները, եթե կլինիկական հետազոտությունները հաստատեն այդ կապերն ու փոխազդեցությունները, ապա ուսումնասիրության արդյունքները կանխարգելիչ հսկայական նշանակություն կունենան մեր ժամանակների ամենատարածված հիվանդություններից մեկի՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում։

Կտավատի սերմերի այլ առավելություններն առողջության համար

Կտավատի սերմերը հարուստ են հակաօքսիդանտներով, մասնավորապես լիգնաններով, որոնք պարունակվում են բուսական ծագման այս մթերքի մեջ մեծ քանակությամբ։ Լիգնանները ֆիտոէստրոգենային սննդանյութեր են, որոնց ազդեցությունը նման է էստրոգենի ազդեցությանը։

Կտավատի սերմերը հարուստ են նաև օմեգա-3 ճարպաթթուներով, և այս կազմը թույլ է տալիս խոսել կտավատի սերմերի՝ հակաքաղցկեղային ազդեցության մեծ պոտենցիալի մասին։ Լիգնանները, ֆիտոստերիններն ու օմեգա-3-ը կարևոր դեր ունեն սիրտ-անոթային համակարգի առողջության, արյան մեջ խոլեսթերինի, շաքարի մակարդակի նվազեցման հարցում։

Լինելով չլուծվող մանրաթելերի հարուստ աղբյուր՝ կտավատի սերմերը հրաշալի մթերք են փորկապության կանխարգելման, դրա դեմ պայքարի համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031