Ռուս խաղաղապահներն ինչո՞ւ են մնացել Լեռնային Ղարաբաղում, ինչո՞վ են նրանք զբաղված, հիմա ո՞ւմ են «պաշտպանում»
ԵՄ-ն օրերս որոշում կայացրեց` ավելացնել Հայաստանում դիտորդական առաքելության դիտորդների թիվը: Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպումից հետո ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնելով այդ որոշման մասին` նշեց. «ԵՄ խորհուրդը որոշել է ուժեղացնել մեր առաքելությունը Հայաստանում՝ ավելացնելով տեղում մեր ներկայությունը՝ 138-ից հասցնելով 209-ի: Սա միջոց է բարձրացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանի կայունությունը»:
Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի իշխանությունների, ինչպես նաեւ Հայաստանի ընդդիմության զգալի հատվածի վերաբերմունքը ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ, մեղմ ասած` խիստ բացասական է: Եթե Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանություններից անիմաստ է տրամաբանական մեկնաբանություն պահանջել` թե ինչո՞վ է խոչընդոտում ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը, ապա Ռուսաստանի իշխանությանն ու հայաստանյան ընդդիմության այդ հատվածին, պետք է անընդմեջ հարցեր ուղղել:
Ո՞վ է խանգարել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը: Արեւմո՞ւտքը… Ինչո՞ւ այդ հայտարարության որեւէ դրույթ այդպես էլ կյանքի չկոչվեց, իսկ հայտարարության երրորդ կողմ ՌԴ-ն` դեմ չէր, որպեսզի Ալիեւը բոլոր կետերը ոտնահարի: Վերջնարդյունքում, Արցախը ինչո՞ւ եւ ինչպե՞ս դատարկվեց: Արցախի քաղաքական էլիտան ինչո՞ւ հանձնվեց Ալիեւի իշխանությանը: Արեւմուտքի ձեռա՞մբ է այս ամենը տեղի ունեցել…
Կարդացեք նաև
Ու ընդհանրապես, որքանո՞վ է բարոյական չխոսել Արցախի քաղաքական էլիտայի հանձնման թեմայով միայն այն պատճառով, որպեսզի հանկարծ չզայրանան Ռուսաստանում: Հայաստանյան ընդդիմությունը խուսափում է խոսել Բաքվում հայտնված արցախյան քաղաքական վերնախավի մասին, որովհետեւ խոսելու դեպքում, առնվազն, հետեւյալ հարցն է առաջ գալու` իսկ ո՞ւմ աչքի առաջ են այդ մարդիկ հանձնվել Ադրբեջանին ու հայտնվել Բաքվի բանտերում:
Այս եւ մի շարք այլ թեմաներից «փախուստի» դիմելով, փոխարենը կարելի է «բացը» լրացնել «քննարկումներով», մամուլի ակումբներ շտապել եւ օրը մի քանի անգամ կրկնել Ռուսաստանի իշխանությունների դիրքորոշումները:
Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնումը չի նպաստում հայ-ադրբեջանական կարգավորմանը եւ միայն կակտիվացնի լարվածությունը Անդրկովկասում, օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հոր՝ Հեյդար Ալիեւի հիշատակի օրվան նվիրված ընդունելության ժամանակ ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում «լիովին անօգուտ քայլ» որակելով։ «Մենք համոզված ենք, որ ԵՄ առաքելության ընդլայնումը որեւէ արդյունք չի տա ադրբեջանա-հայկական կարգավորման տեսանկյունից, որի հիմնական սկզբունքները մշակվել են 2020-ի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից եւ ամրագրված են եռակողմ համատեղ հայտարարություններով»,-ասել է Գալուզինը։
ՌԴ իշխանությունները ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում ներկայացնելով որպես «կործանարար» փաստ, այդպես էլ չեն պարզաբանում` «լարվածությունը» ո՞վ եւ ինչո՞ւ պետք է ստեղծի: Ադրբեջա՞նը` Մոսկվայի թելադրանքով…
Թե ինչու են Մոսկվայում այսքան լարված այս հարցով, կարելի է ենթադրել, որ ՌԴ իշխանությունների մտավախությունն այն է, որ Արեւմուտքի հովանու ներքո Հայաստանն ու Ադրբեջանը որեւէ նշանակալի համաձայնության կարող են գալ: Այդ իսկ պատճառով նրանք ամենշաբաթյա ռեժիմով պետք է հիշեցնեն, որ Մոսկվան սպասում է Երեւանի ու Բաքվի միջեւ բանակցությունների ընդունմանը:
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը գերադասել է չպատասխանել հարցին, թե արդյո՞ք Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը: «Ես, որպես դիվանագետ, դեռ կնախընտրեի ձեռնպահ մնալ կանխատեսումներ անելուց»,- ասել է փոխնախարարն ի պատասխան լրագրողների հարցին, որը նրան տրվել է նույն միջոցառման ընթացքում: «Հայաստանին եւ Ադրբեջանին ռուսական կողմի փոխանցած հրավերները՝ շարունակելու երկխոսությունը խաղաղ կարգավորման շուրջ, հիմնված այն սկզբունքների վրա, որոնք մեր երկրների ղեկավարները ձեւակերպել են 2020թ. նոյեմբերին եւ հետագայում, մնում են ուժի մեջ»,- հիշեցրել է Գալուզինը:
ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը հայտնել էր, որ դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալու է անդամ երկրների ղեկավարների ավանդական նախաամանորյա ոչ պաշտոնական հավաքը։ Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք ԱՊՀ եւ ՀԱՊԿ վերջին միջոցառումներին չմասնակցած վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ:
Մեկնաբանելով խաղաղության պայմանագիրը մինչեւ տարեվերջ կնքելու հնարավորությունը՝ ՌԴ փոխարտգործնախարարն ասել է, թե հարցը պետք է հասցեագրել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին. «Բայց ասեմ, որ շանս միշտ էլ կա, կօգտվե՞ն Հայաստանն ու Ադրբեջանը, դա այլ հարց է»:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման ժամկետները պետք է որոշեն իրենք կողմերը, իր հերթին նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ընդգծելով, որ Մոսկվան ողջունել է Բաքվի եւ Երեւանի փոխադարձ համաձայնությունը՝ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագիր կնքելու հարցում, ողջունել է համաձայնագրերը ռազմագերիների փոխանակման վերաբերյալ՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով՝ Զախարովան շեշտել է՝ սա նպաստում է վստահության փոխադարձ ամրապնդմանը, բացում է հաշտության լրացուցիչ հնարավորություններ, համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020-2022թթ. կնքած համաձայնագրերի։ «Մոսկվան պատրաստ է աջակցելու գործընկերներին հավասարակշռված համաձայնագրի մշակման գործում: Նման փաստաթուղթը հիմք կհանդիսանա տարածաշրջանում կայուն խաղաղության համար», – ասել է Զախարովան։
Անցյալ շաբաթ անգամ Ադրբեջանի նախագահն ակնարկեց, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար որեւէ լուրջ խոչընդոտ չի տեսնում: Ալիեւի խոսքով՝ հիմա, երբ «Ղարաբաղի խնդիրը փակ է», Երեւանն ավելի պատրաստ կլինի համաձայնության գալ: «Կարծում եմ՝ խաղաղությունն այլընտրանք չունի: Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը ռիսկերից զերծ լինի, եւ, իհարկե, ուզում ենք, որ Հայաստանը երբեք կասկածի տակ չդնի մեր տարածքային ամբողջականությունը», – հայտարարել է Ալիեւը Euronews-ին տված հարցազրույցում։ Ի դեպ, Ալիեւը նկատել է, թե 2020թ. 44-օրյա պատերազմից հետո երկու երկրների միջեւ սկսված այդ գործընթացի հիմնական խոչընդոտն այն էր, որ Երեւանը ցանկանում էր խաղաղության պայմանագրում ներառել նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերին վերաբերող դրույթ, Բաքուն, մինչդեռ, սա ներքին խնդիր է համարել։ «Եթե նրանք ուզում են, որ ներառվի Ադրբեջանում հայկական փոքրամասնության հարցը, եկեք ներառենք նաեւ երեսուն տարի առաջ Հայաստանից վտարված՝ այդ երկրում ադրբեջանական փոքրամասնության հարցը: Այսինքն, մեր դիրքորոշումն այն էր, որ սա փոխադարձ պետք է լինի», -նշել է նա` հավելելով, խաղաղության պայմանագրում կամ պետք է ներառվի երկու ազգային փոքրամասնությունների հարցը, կամ էլ նման դրույթ ընդհանրապես չընդգրկվի։
Հետաքրքրական է մեկ այլ փաստ. վերջին շաբաթներին ինտենսիվ հայտարարություններ անող ոչ Ալիեւը, եւ ոչ էլ ՌԴ իշխանությունները, այդպես էլ չեն անդրադառնում հարցին, թե ի վերջո, ռուս խաղաղապահներն ինչո՞ւ են մնացել Լեռնային Ղարաբաղում, ինչո՞վ են նրանք զբաղված, իսկ ավելի կոնկրետ` հիմա ո՞ւմ են «պաշտպանում»: Ի դեպ, ՌԴ ՊՆ-ն օրերս հաստատեց, որ Լեռնային Ղարաբաղում մեկ խաղաղապահ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել: Խաղաղապահների առաքելության վերաբերյալ տեղեկագրում նշվել էր, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ԲՏՌ-82-ի՝ լեռնային ճանապարհից դուրս գալու հետեւանքով մեկ զոհից բացի, երկու ռուս զինծառայողներ էլ ստացել են միջին ծանրության եւ ծանր վնասվածքներ։ Բայց թե այս, թե նախկինում ռուս խաղաղապահների շրջանում զոհերը` խաղաղ եւ ռազմական գործողությունների պայմաններում, բնական է, որ ո՛չ ՌԴ իշխանություններին, ո՛չ ռուսաստանյան լրատվական, փորձագիտական դաշտին չեն հետաքրքրում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 14.12.2023