Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մենք պարտավոր ենք վերադառնալ

Դեկտեմբեր 15,2023 13:30

Զրուցակիցս Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից տեղահանված Կարեն Սողոմոնյանն է (լուսանկարում): Նա 9 հոգանոց ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան, 6 հոգով Երեւանի Ռուբինյան փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկն են վարձակալել եւ բնակվում են այնտեղ:

Նա Արցախյան առաջին պատերազմին կամավորագրվել է, մասնակցել Ապրիլյան, 44-օրյա պատերազմին, որպես աշխարհազորային, իսկ նրա երեք որդիները պատերազմի մասնակից են, նրանցից մեկը վիրավորվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, նոյեմբերի 2-ին անգիտակից բերվել «Աստղիկ» հիվանդանոց… Ի դեպ, 1988 թվականին Բերդաշենում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ն. Սողոմոնյան), 1991 թվականին՝ կամավորական վաշտ (հրամանատար՝ Լ. Գեւորգյան), 1992 թվականին՝ Բերդաշենի ձորակի միավորված ջոկատը (հրամանատար՝ Ն. Սողոմոնյան)։ Բերդաշենի եւ այլ ջոկատների հիմքի վրա 1992 թվականի սեպտեմբերին ստեղծվել է Մարտունիի պաշտպանական շրջանի առանձին մոտոհրաձգային գումարտակը։ Մասնակցել են Ավդալ-Վազգենաշեն ուղղության, Մարտակերտի, Քարվաճառի, Հորադիզի եւ ԼՂՀ այլ շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին։ Բերդաշենից զոհվել է 24 ազատամարտիկ…

Բերդաշենցու հետ զրույցս զուգորդվում է պատմական փաստերով, հիշողություններով, իրողություններով:

XIX դարի հայազգի գրող, հնագետ, ազգագրագետ, հոգեւորական (եպիսկոպոս), Արցախի եւ շրջակա գավառների հայության բազմադարյան պատմության, կենցաղի եւ պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման բնագավառում մեծ ավանդ ունեցող Մակար վարդապետը՝ Բարխուդարյանը, ով բնակվել եւ ստեղծագործել է Շուշի քաղաքում, ասել է, որ Բերդաշենի բնակիչները հիմնականում բնիկ են, նրանց մի մասը եկել են Ջրաբերդի Եղակեր գյուղից։ Բերդաշեն գյուղի տարածքը 4525 հեկտար էր։ Այնտեղ զբաղվում էին այգեգործությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ եւ անասնապահությամբ։ Գյուղն ուներ միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, հուշարձան-թանգարան, բուժամբուլատորիա։ Գյուղում Սուրբ Աստվածածին եկեղեցին էր, Մեծ նահատակ (համանուն լեռան վրա) եկեղեցին (վերականգնված), Աղջկաբերդ (Կուսաբերդ), Պիծին նահատակ, Սորփ մատուռները…

Կարեն Սողոմոնյանն ասում է, որ դիմել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներին, վարչապետին, արդարադատության նախարարին, անգամ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանին: Նա ուզում է, որպեսզի լսեն իրեն, լսեն, թե ինչպես է պատկերացնում իրենց՝ արցախցիների վերադարձը պատմական բնօրրան՝ Արցախ:

Մեր զրույցի ժամանակ ասում է. «Կար ՍՍՀՄ-ը իր 280 միլիոն բնակչությամբ, ամեն ազգ, իսկ որոշները, ապրում էին իրենց պատմական բնօրրանում, իրենց սեփական այբուբենն ունեին: Ազգը ըստ Ստալինի դասակարգման՝ 4 ընդհանրությունների միասնությունն է, առաջին՝ լեզվի պատմական ընդհանրություն, երկրորդ՝ տարածքի, երրորդ՝ տնտեսության պատմական ընդհանրություն եւ՝ կուլտուրայի պատմական ընդհանրություն: Ես լեզվի պատմական ընդհանրության մեջ կավելացնեի՝ այբուբենը: Սեփական այբուբեն ունենալը: Եթե թվարկած մասերից ազգը զուրկ է, նշանակում է նա գոյություն չունի, նշանակում է դա ազգ չէ, այլ ընդհանրություն է՝ ցեղ է: Այնտեղ, ուր ես ապրել եմ, մենք ունեինք մեր այբուբենը, մենք ազգ էինք»:

Ումն էր այն տարածքը, որը մենք զիջեցինք: Ինքը հարցնում եւ ինքն էլ պատասխանում է:

Ըստ նրա, 90-ականներին, Ադրբեջանի կողմից սանձազերծված անարդարացի պատերազմում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի հինգ ադրբեջանական գյուղերը՝ Կուրոպատկինը, Մուղանլուն, Ամիրանլաղը, Խոջավենդը, Ղարանլուղն չեն ենթարկվել Մարտունիին, այլ իրենց բնամթերքը, այն, ինչ արտադրում էին, հանձնում էին Աղդամ-Ֆիզուլիին: Այս պատերազմում այդ գյուղերի ազատագրումը տեւեց 4 տարի, Մարտունու 3 գյուղերի՝ Ավդալ, Գիլափլուն, Ճարտարի մոտ Վեսալլուն ազատագրելն այդ պատերազմում տեւեց 43 տարի, դրանք 1950թ. Մարտունու ենթակայությունից հանվեցին եւ միացրին Աղդամին, իսկ 7 շրջանների ազատագրումը տեւեց 72 տարի՝ Քելբաջար, Լաչին, Զանգելան, Կուբաթլու, Ջաբրայիլ, Աղդամ, Ֆիզուլի, որոնք 1921թ. մարտի 16-ի Լենին-Աթաթուրք պայմանագրով նվիրեցին պատմական բնատարածք չունեցող «կովկասյան թաթարներին», որոնք եկել էին Ալթայի երկրամասից, եւ չունեին անգամ իրենց այբուբենը: «4, 43 եւ 72 տարիները ինչու եմ շեշտում, որպեսզի հասկանալի լինի, որ տարածքը նրանը չէր, տարածքը ազգինն էր, որտեղ այդ ազգը ստեղծվել եւ ձեւավորվել է»,-ասում է Կ.Սողոմոնյանը:

Սողոմոնյանը ցանկանում էր հրապարակավ հարցեր ուղղել հայ պատմաբաններին, թե ինչու են նրանք լռում, ինչու են թշնամիները կարողանում իրենց սուտը հասցնել միջազգային հանրությանը, իսկ մենք՝ չենք կարողանում մեր ճիշտն առաջ քաշել:

«Մենք պարտավոր ենք վերադառնալ մեր բնօրրանը, պայմանով, որ այնտեղ ադրբեջանցիներ չլինեն, պայմանով, որ այնտեղ չբերվեն Արեւմտյան Հայաստանի թուրքերը»,-ասում է նա:

Ըստ նրա, շատ կարեւոր է վերականգնել հանրային սեփականությունը, որը իշխանության տարբեր ճյուղերով փոխանցվեց նախկին ԽՍՀՄ-ից: Նրա պատկերացմամբ, յուրաքանչյուր բարձրաստիճան ղեկավար իրավունք ունի իրենից առաջ իշխանության ղեկին գտնված ղեկավարի որոշումները չեղյալ համարել եւ չկայացնել այնպիսի որոշումներ, որով կխախտվի երկրի Մայր օրենքը՝ Սահմանադրությունը:

Երկիրը՝ տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունը, ըստ Սահմանադրության, սոցիալական երկիր է, օրենքի առաջ բոլորը հավասար են:

«Սոցիալական երկիր ասելով հասկանում ենք արդարադատության երկիր է, եւ չի կարող որեւէ մեկը ստանալ աշխատավարձ ոչինչ չանելով, պատերազմ հրահրելով, մեր անվտանգությունը չերաշխավորելով, տարածքային անվտանգությունը օտարին զիջելով: Եվ եթե այս ամենը չի կարողանում պետական այրը կատարի, նա պետք է ինքնասիրություն ունենա եւ հեռանա»,-ասում է Կ. Սողոմոնյանը:

Մեր զրույցի ժամանակ նա մեջբերեց մեր պարտությունների պատճառները քննած, 20-րդ դարի ազատամարտի կարկառուն դեմքերից մեկի՝ Շահան Նաթալիի (Հակոբ Տեր-Հակոբյան) «Թուրքերը եւ մենք» գրքից. «Թուրքը մէկ բան ունէր մեզմէ աւելի- ԶԷՆՔ։ Որովհետեւ ան գիտէր, թէ քաղաքական կեանքի մէջ զէնքի ուժը աւելի արժէք էր, քան արժէքները բոլոր մնացած ուժերուն… Եթէ մեր ձեռքը չէր փոխել ռազմաճակատը, մեր ձեռքն էր ճանչնալ թշնամիին զէնքը եւ այդ շատ բան պիտի փոխէր մեր դրութենէն»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031