Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի տվյալներով, իր դեմ զրպարտության համար հայց ներկայացրած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շահերը դատարանում ներկայացնում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին պատկանող փաստաբանական գրասենյակը: Նրա խոսքով, Գրիգոր Մինասյանը փոխնախարար է նշանակվել այդ փաստաբանական գրասենյակի տնօրենի պաշտոնից:
«Ալեն Սիմոնյանի հայցադիմումին դեռ նախապես նոյեմբերի վերջին առարկություններ էի ներկայացրել, բայց եւս 27 էջանոց առարկություններ ներկայացրի վերջին դատական նիստին: Սիմոնյանի ներկայացուցիչը ժամանակ խնդրեց դրանց ծանոթանալու համար: Հարցեր եմ տվել իրենց հայցի հետ կապված ու որեւէ պատասխան չստացա; Իրենք մի բանի վրա են կանգնում, որ իմ թեմատիկ զրույցներից մեկի ժամանակ, երբ խոսել եմ ԱԺ ՔՊ-ական պատգամավորների ու այդ թվում Ալեն Սիմոնյանի մասին:
Առանձնացրել են խոսքի այն դրվագը, որ ասում եմ՝ Ալեն Սիմոնյանը մեծ կոռուպցիոներ է: Հետաքրքիրն այն է, որ այդ նույն տեսանյութում հիմնավորում եմ՝ ինչու եմ իրեն համարում կոռուպցիոներ: Ընդորում՝ բոլոր հիմնավորումներս մամուլի հրապարակումների վրա է հիմնված: Վկայակոչել եմ անշարժ գույքի հետ կապված գործարքները, որոնք ձեռք է բերել, Վիվառոյի սեփականատիրոջ հետ Հունաստան այցելությունները, իր անիմաստ շրջագայությունները, որոնք հանրային միջոցները վատնելու դրսեւորում են, ինչը կոռուպցիայի ձեւ է հանդիսանում: Այսինքն՝այդ նույն տեսանյութում պարզաբանում եմ, իրենք վերցրել են միայն կոռուպցիոներ մասը, ասում են զրպարտություն է, պահանջում են ներողություն խնդրել եւ 1 միլիոն դրամի փոխհատուցում» ,- մեզ հետ զրույցում ասաց Ղազարյանը:
Ղազարյանը նկատեց, որ Ալեն Սիմոնյանը իր գույքի հայտարարագրում նշել է, որ Երեւանի կենտրոնում բնակարաններ է գնել, բայց Սիմոնյանի ներկայացուցիչը պնդում է՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է. «Ասում եմ՝ դուք հերքո՞ւմ եք, որ գույքը ձեռք է բերել, այսինքն՝ հայտարարագիրը սխա՞լ է լրացրել, դա էլ ուրիշ հանցագործություն է: Հերքո՞ւմ եք՝ Վիգեն Բադալյանի հետ գնացել է Հունաստան ճամփորդության, բայց Ալեն Սիմոնյանը չի հերքում: Ստացվում է՝ քննադատությունը փաստորեն չի կարելի, Ալեն Սիմոնյանին ինչ քննադատենք, քննադատությունից մի բառ պիտի վերցնեք, գաք դատարան, ասեք՝ մի միլիոն դուք տվեք, երեք միլիոն դուք տվեք:
Կարդացեք նաև
Այսինքն, ընդդիմադիր խոսքի հանդեպ անհանդուրժող վերաբերմունք է: Չի կարելի քննադատական խոսք ասել իշխանավորի հասցեին: Ես նաեւ մամուլի հրապարակումներ կարդացի, օրինակ 2021-ի օգոստոսի 12-ին Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել, ասել է՝ այո, ես կոռուպցիոներ եմ, այդպիսի վերնագիր կա, մարդը խոստովանել է: Դանիել Իոաննիսյանը Oragir news-ին ասել է ինձ մի համեմատեք կոռուպցիոներ Ալեն Սիմոնյանի հետ, հարցնում եմ՝ ինչու դատի չեք տվել Իոաննիսյանին, այդ ինչ ընտրողական վերաբերմունք ենք ցուցաբերել, այսինքն` Իոաննիսյանը կարող է նրան ասել կոռուպցիոներ է, ես չեմ կարող ասել: Լավ, դե թող միայն ինքն ասի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ