Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրաձորի եւ Մելիքգյուղի բնակիչներից վերցրած մազերի եւ մեզի, ինչպես նաեւ հողի նմուշներում հայտնաբերվել են մկնդեղ, կադմիում, քրոմ, պղինձ եւ նիկել

Դեկտեմբեր 14,2023 23:50

Երեք հասարակական կազմակերպություններ՝ չեխական «Առնիկա»-ն, հայաստանյան «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն»-ը եւ «ԷկոԼուր»-ը համատեղ հետազոտություն են իրականացրել Հայաստանի չորս համայնքներում՝ Արարատ, Քարաբերդ, Մեղրաձոր եւ Մելիքգյուղ համայնքներում։ Նմուշառումներ են կատարվել շրջակա միջավայրից եւ բնակիչների մազերից եւ մեզից։

Ըստ հետազոտության արդյունքների՝ Տեղի բնակիչներից վերցված կենսաբանական նմուշներում, ինչպես նաեւ հողի նմուշներում հայտնաբերվել են մկնդեղի բարձր կոնցենտրացիաներ։

Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում է գտնվում Մեղրաձորի ոսկու հանքավայրը: Այն 2012 թվականից շահագործում է «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն, որի գործունեության ընթացքում կառուցվել է ոսկու հարստացուցիչ ֆաբրիկա՝ իր պոչամբարով:

ՀԿ-ների գնահատմամբ՝ շահագործման ընթացքում հանքի բացասական ազդեցությունը կրել են Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մեղրաձոր, Աղավնաձոր, Արտավազ, Գոռգոչ, Հանքավան, Մարմարիկ ու Փյունիկ առողջարանային բնակավայրերը:

2022 թվականին Մեղրաձոր բնակավայրում փորձանմուշներ են վերցվել հանքավայրի լցակույտերից, հարակից հողերից, մեղրաձորցիների այգիներից, մազերից և մեզից: Չեխիայի «Ուստի նադ Լաբեմի» լաբորատորիայում փորձանմուշների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերցված նմուշների մեծ մասը պարունակում է թունավոր տարր՝ մկնդեղ:

Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ հողի փորձանմուշներում հայտնաբերվել է մկնդեղի (As) բարձր պարունակություն: Մկնդեղի ամենաբարձր պարունակությամբ նմուշում կոնցենտրացիան կազմել է 20 մգ մկնդեղ՝ 1 կգ չոր քաշի դիմաց։

Սեփական այգիներից վերցված նմուշներում նույնպես հայտնաբերվել է մկնդեղ․ հողի բոլոր նմուշներում մկնդեղի կոնցենտրացիան գերազանցում է Հայաստանի հողերի համար սահմանված ստանդարտները:

Մեղրաձորի տարածքում բնակավայրերի հարեւանությամբ կուտակված թափոններից վերցված նմուշներում մկնդեղի կոնցենտրացիան հասնում է 36,1 մգ-ի և 39,7 մգ-ի՝ 1 կգ չոր քաշի դիմաց։

Ոսկու հանքից դուրս հոսող ջրային հոսքից վերցված հատակային նստվածքների փորձանմուշներում մկնդեղի կոնցենտրացիան կազմում է 29,6 մգ մկնդեղ՝ 1 կգ չոր քաշի դիմաց։

Հողի փորձանմուշներում կապարի (Pb) կոնցենտրացիան գերազանցում է համաշխարհային միջին եւ Հայաստանի հողի համար սահմանված ստանդարտները: Ամենաբարձր կոնցենտրացիան՝ 42 մգ կապար 1 կգ չոր քաշի դիմաց, հայտնաբերվել է սեփական այգուց վերցված հողի փորձանմուշում։

Հողի նմուշներում քրոմի  (Cr) կոնցենտրացիան չի համապատասխանում քրոմի Հայաստանի հողային չափանիշներին:

Պղնձի (Cu) բարձր կոնցենտրացիա է հայտնաբերվել կուտակված թափոններից, ինչպես նաեւ ոսկու հանքավայրից դուրս հոսող ջրային հոսքի հատակային նստվածքներից վերցված նմուշներում։ Պղնձի ամենաբարձր կոնցենտրացիան հասնում է 191 մգ պղնձի՝ 1 կգ չոր քաշի դիմաց։ Սա ցույց է տալիս, որ ոսկու հանքավայրը պղնձով աղտոտման աղբյուր է։

Սնդիկի (Hg), նիկելի (Ni) եւ ցինկի (Zn) բարձր կոնցենտրացիաներ են հայտնաբերվել նաեւ ոսկու հանքից դուրս հոսող ջրային հոսքի հատակային նստվածքներում։

Տեղի բնակիչներից վերցված կենսաբանական նմուշներում հայտնաբերվել են մկնդեղի բարձր կոնցենտրացիաներ։

Մեզի մեջ մկնդեղի ամենաբարձր մակարդակը հասուն կնոջ մոտ հասնում է 75 մկգ մկնդեղի 1 գ կրեատինինի դիմաց: 5 տարեկան տղայի մոտ մկնդեղի կոնցենտրացիան հասնում է 37 մկգ-ի 1 գ կրեատինինի դիմաց։

Կապարը հայտնաբերվել է գրեթե բոլոր նմուշներում, իսկ կանանց խմբում կապարի մակարդակը մի փոքր ավելի բարձր է եղել, քան տղամարդկանց խմբում, եւ միջինը կազմել է 2 եւ 1,89 մկգ կապար 1 գ կրեատինինի դիմաց։

Կադմիումը հայտնաբերվել է ինչպես կանանցից, այնպես էլ տղամարդկանցից վերցված կենսաբանական նմուշների մեծ մասում:

Նմուշներից մեկում հայտնաբերվել է սնդիկի բարձր խտություն՝ 0,293 մգ սնդիկ 1 կգ քաշի դիմաց։

Կենսաբանական նմուշներում պղինձը հայտնաբերվել է միջինից բարձր կոնցենտրացիաներում:

Նիկել հայտնաբերվել է մեզի գրեթե բոլոր նմուշներում։

Մելիքգյուղում իրականացված հետազոտության համաձայն՝ բնակիչներից վերցրած կենսաբանական նմուշներում եւ հողի նմուշներում նույնպես հայտնաբերվել են ծանր մետաղներ։

Ապարան խոշորացված համայնքի Մելիքգյուղ բնակավայրի տարածքում է գտնվում Թուխմանուկի ոսկու հանքավայրը, որը 2004-2015 թվականներին շահագործել է «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն: Բացի հանքավայրից, գյուղի տարածքում կան 3 պոչամբարներ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 6-7 հա։

Թուխմանուկի հանքավայրի պաշարներն են ոսկի, արծաթ, կապար եւ ցինկ պարունակող քվարցիտ-սուլֆիդային հանքաքարերը։

Մելիքգյուղ բնակավայրից «Առնիկա» հասարակական կազմակերպության փորձագետներն այս տարի վերցրել են հողի եւ հատակային նստվածքների նմուշներ, ինչպես նաեւ կենսաբանական նմուշներ տեղի բնակիչներից՝ գնահատելու հնարավոր ռիսկերն ու քիմիական աղտոտվածության մակարդակը:

Հետազոտության արդյունքներով պարզվել է, որ հանքավայրից ոչ հեռու գտնվող տարածքից վերցված հողի նմուշներում հայտնաբերվել են մկնդեղի բարձր կոնցենտրացիաներ՝ մինչև 119 մգ մկնդեղ՝ 1 կգ չոր քաշի դիմաց: Հողի բոլոր նմուշներում մկնդեղի կոնցենտրացիան գերազանցում են հողի համար սահմանված հայկական ստանդարտները։

Հատակային նստվածքների վեց նմուշներում հայտնաբերվել են մկնդեղի բարձր կոնցենտրացիաներ, ինչը վկայում է Քասախ եւ Մեղրաձոր գետերի ջրահավաք ավազանի ջրահոսքերի հնարավոր աղտոտման մասին։

Հողի յոթ նմուշներից երեքում կադմիումի կոնցենտրացիան գերազանցում է տարբեր երկրների կողմից ընդունված առավելագույն թույլատրելի կոնցենտրացիաների մակարդակը՝ 0,06-4,3 մգ կադմիումի սահմանում՝ 1 կգ չոր քաշի դիմաց:

Հողի նմուշներում քրոմի,  պղնձի եւ նիկելի կոնցենտրացիաները բարձր են հողի համար սահմանված հայկական ստանդարտներից:

Հանքավայրի եւ պոչամբարի տարածքից վերցված հողի նմուշում կապարի կոնցենտրացիան հասնում է 212 մգ կապարի՝ 1 կգ չոր քաշի դիմաց, ինչը գերազանցում է հողի համար սահմանված հայկական ստանդարտները:

Հողի վեց նմուշներում ցինկի կոնցենտրացիաները գերազանցում են համաշխարհային միջին եւ հողի համար սահմանված հայկական ստանդարտները:

Կենսաբանական նմուշների հետազոտության արդյունքների համաձայն՝ կապար հայտնաբերվել է մազերի բոլոր նմուշներում 0,15-0,5 մգ կապար՝ 1 կգ-ի դիմաց կոնցենտրացիայով, իսկ մեզի մեջ կապար չի հայտնաբերվել:

Կադմիում հայտնաբերվել է մազերի 5 նմուշներից 3-ում՝ միջինը 0,005 մգ կադմիում 1 կգ-ի դիմաց: Մեզի նմուշներում կադմիում չի հայտնաբերվել:

Մեկ այլ ծանր մետաղ՝ նիկել առկա էր մազերի եւ մեզի բոլոր նմուշներում: Մեզի մեջ նիկելի միջին արժեքը՝ 2,63 մկգ նիկել՝ 1 գ կրեատինինի դիմաց, գերազանցել է ԱՄՆ-ի համար ընդունված թույլատրելի սահմանը։

Հետազոտման համար վերցրած մազերի բոլոր նմուշներում հայտնաբերվել է սնդիկ՝ 0,045-0,156 մգ սնդիկՙ 1 կգ-ի դիմաց: Օրգանիզմում սնդիկի առկայությունը վկայում է չափավոր ազդեցության մասին։

Պղինձ հայտնաբերվել է մազերի բոլոր նմուշներում՝ միջինում 9,13 մգ պղինձ՝ 1 կգ-ի դիմաց, ինչը համապատասխանում է նորմային։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031