Լոռու մարզի Քարաբերդի տարածաշրջանի շրջակա միջավայրը կարելի է դասակարգել որպես միջինից մինչեւ խիստ աղտոտված մկնդեղով եւ կադմիումով, եւ չափավոր աղտոտված կապարով եւ ցինկով:
Նման արդյունքներ են գրանցվել չեխական «Առնիկա», հայաստանյան «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» եւ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների համատեղ իրականացրած հետազոտությամբ։
Հետազոտությունն իրականացվել է Արարատ, Քարաբերդ, Մեղրաձոր եւ Մելիքգյուղ համայնքներում։ Նմուշառումներ են կատարվել շրջակա միջավայրից եւ բնակիչների մազերից եւ մեզից։
Այսօր ՀԿ-ները ներկայացրել են հետազոտության արդյունքները։
Կարդացեք նաև
Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ գյուղում ոսկու հանքավայրը շահագործում է «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն։
Հետազոտության համար 2022 թվականին Քարաբերդի տարածքում վերցվել են հողի, գետի հատակային նստվածքների եւ հանքարդյունաբերական թափոնների կուտակումների փորձանմուշներ։
Ըստ հետազոտության արդյունքների՝տարածքի հիմնական աղտոտումը տեղի է ունենում մկնդեղի պատճառով։
Այսպես՝ հողի նմուշներում մկնդեղի (As) կոնցենտրացիաները գերազանցում են Հայաստանի հողի համար սահմանված ստանդարտները՝ որոշ դեպքերում հասնելով 172 մգ մկնդեղի՝ 1 կգ չոր քաշի դիմաց։
Բաց հանքավայրի մոտ գտնվող տարածքներից վերցված առանձին նմուշներում կադմիումի (Cd) կոնցենտրացիաները հասնում են 2,2 մգ/կգ չոր քաշի: Ոսկու արդյունահանման ձեռնարկության դրենաժով աղտոտված ճանապարհից վերցված նմուշում կադմիումի կոնցենտրացիան կազմում է 30,2 մգ/կգ չոր քաշ:
Քրոմի (Cr) կոնցենտրացիան հողում հասնում է 30,3 մգ քրոմի՝ 1 կգ չոր քաշի դիմաց, ինչը չի համապատասխանում Հայաստանի հողի համար սահմանված ստանդարտներին։
Քարաբերդի ոսկու հանքավայրի դրենաժի նստվածքի նմուշներում առկա են պղնձի (Cu) բարձր կոնցենտրացիաներ:
Փամբակ գետի ներքևից եւ վերևից վերցված նմուշների կոնցենտրացիաների տարբերություն կա․ գետի ստորին հատվածում պղնձի պարունակությունն ավելի բարձր է, քան վերին հատվածում։
Արդյունաբերական թափոններից վերցված նմուշների վերլուծությունը ցույց է տվել, որ պղինձն առկա է թափոնների մեջ բարձր կոնցենտրացիաներով՝ հասնելով 402 մգ պղինձի՝ 1 կգ չոր քաշի դիմաց:
Այս արդյունքները ցույց են տալիս, որ ոսկու հանքավայրը կարող է պղնձի աղտոտման աղբյուր լինել դրենաժային ջրերում:
Ոսկու հանքավայրի դրենաժով ողողված հանքուղուց վերցված նմուշում հայտնաբերվել է երկաթի (Fe) բացառիկ բարձր կոնցենտրացիա՝ 114 000 մգ երկաթ՝ 1 կգ չոր քաշի համար:
Կապարի (Pb) բարձր կոնցենտրացիաներ են հայտնաբերվել ոսկու հանքավայրի հարեւանությամբ վերցված հողի երկու նմուշներում, ինչպես նաև՝ սեփական այգուց վերցված հողի մեկ նմուշում:
Նիկելի (Ni) բարձր կոնցենտրացիա է հայտնաբերվել ոսկու հանքավայրի դրենաժով ողողված ճանապարհից վերցված նմուշում՝ 33 մգ նիկել՝ 1 կգ չոր քաշի դիմաց։ Մնացած նմուշների վերլուծությունը ցույց է տվել Հայաստանի համար սահմանված ստանդարտների գերազանցում:
Ցինկի (Zn) բարձր կոնցենտրացիա է հայտնաբերվել ոսկու հանքավայրի դրենաժով ողողված ճանապարհից վերցված նմուշում՝ 17600 մգ ցինկ՝ 1 կգ չոր քաշի համար։
Կենսաբանական փորձարկման արդյունքների համաձայն՝ հետազոտմանը մասնակցած բնակիչների՝ ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց մեզում կադմիումի, պղնձի եւ նիկելի մակարդակները զգալիորեն բարձր էին։
Հետազոտմանը մասնակցած բնակիչներից վերցված մեզի նմուշներում մկնդեղի կոնցենտրացիան գերազանցել է նորման։
Կանանց մազերի մեջ մկնդեղի կոնցենտրացիան տատանվում էր 0,03-ից մինչեւ 0,07 մգ՝ 1 կգ-ի դիմաց, ինչը ցույց է տալիս մկնդեղի չափավոր ազդեցություն տվյալ տարածքից փորձաքննությանը մասնակցած տարեցների շրջանում:
Բոլոր թեստավորված մասնակիցների մեզի մեջ կապարի մակարդակը գերազանցել է առավելագույն թույլատրելի կոնցենտրացիաները՝ կանանց մոտ միջինը 2 մկգ կապարի՝ 1 գ կրեատինինի դիմաց, իսկ տղամարդկանց մոտ՝ 1,15 մկգ՝ կապարի 1 գ կրեատինինի դիմաց: Մազերի մեջ կապարի միջին կոնցենտրացիան չի գերազանցում այն մարդկանց կոնցենտրացիան, որոնք չեն ենթարկվում կապարի երկարաժամկետ ազդեցության:
Կադմիումի մակարդակը կենսաբանական նմուշներում վկայում է չափավոր ազդեցության մասին: Կանանց մեզում կադմիումի կոնցենտրացիան (միջինում 0,45 մկգ կադմիում՝ 1 գ կրեատինինի դիմաց) գտնվել է այլ շրջաններում դիտարկվող տիրույթի սահմաններում: Կանանց մազերում այս ցուցանիշը կազմել է 0,189 մգ կադմիում՝ 1 գ կրեատինինի դիմաց:
Բնակիչներից վերցված մազերի բոլոր փորձանմուշներում սնդիկի պարունակությունը գտնվել է առողջության համար վտանգավոր մակարդակի վրա՝ միջինը 0,059 մգ՝ 1 կգ քաշի համար, պղնձի կոնցենտրացիան միջինում կազմել է 9,41 մգ պղինձ՝ 1 կգ քաշի դիմաց, ինչը մոտ է նորմայի սահմանին:
Մեզում պղնձի մակարդակը զգալիորեն ավելի բարձր է եղել կանանց, քան տղամարդկանց մոտ (միջինում 60,4 ընդդեմ 17,3 մկգ պղնձի 1 գ կրեատինինի դիմաց), ինչը պահանջում է հետագա գնահատում:
Մեզի բոլոր փորձանմուշներում հայտնաբերվել է նիկելի բարձր պարունակություն: Նրա կոնցենտրացիան միջինում կազմել է 3,66 մկգ նիկել՝ 1 գ կրեատինինի դիմաց կանանց մոտ, եւ 3,47 մկգ նիկել՝ տղամարդկանց մոտ 1 գ կրեատինինի դիմաց։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ