Ռուսաստանաբնակ Արսեն Միրիջանյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ եւ դեռ հայտնի չէ, թե այս գործով, երբ կհրապարակի վճիռը: Միրիջանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատարանը վերջին պահին գրավոր լրացուցիչ փաստաթղթերի անհրաժեշտություն է տեսել, իսկ թե ինչ փաստաթղթեր, Մելիքյանին հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Արսեն Միրիջանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020 թվականի նոյեմբերի 30-ին իր էլեկտրոնային փոստով Հայաստանի Հանրապետության վարչապետին հասցեագրված էլեկտրոնային նամակով բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով պարտադրել է նրա լիազորություններից բխող գործողություն կատարել՝ այն է՝ հրաժարական տալ և թողնել ՀՀ վարչապետի պաշտոնը, որն ուղղված չի եղել իշխանության յուրացնելուն:
«Սա դասական դեպք է, ներողություն, առօրյա բառ կօգտագործեմ, թե ինչպես է հնարավոր պետքի համար քրեական օրենսգրքի հետ խաղեր տալ ու անձի արարքը որակել մի հանցակազմով, որն ուղղակի գոյություն ունենալ չի կարող: Առնվազն այն պատճառով, որ կառավարությունն ու վարչապետը տարբեր բաներ են, հանցակազմը խոսում է կառավարության մասին, արարքը կատարվել է վարչապետի նկատմամբ: Այստեղ Քրեական օրենսգրքի տվյալ դրույթը կիրառելի չէ » ,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Նրա խոսքով, եթե Հայաստանը լիներ իրավական պետություն, այս գործով կունենայինք բարենպաստ դատական ակտ, իսկ մյուս կողմից, եթե իրավական պետություն ունենայինք, նույնիսկ կարիք չէինք ունենա այս հարցը քննարկել եւ նման քրեական վարույթ էլ գոյություն չէր ունենա:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ