Այսօր «Ժողովրդավարական անվտանգության» համաժողովին, խոսելով ռազմական բարեփոխումների մասին՝ հրետանային բրիգադի նախկին հրամանատար, Արցախի նախագահի ռազմական բարեփոխումների մասով նախկին խորհրդական Գրիգորի Սահակյանն ասաց, որ 2020-ի պատերազմից հետո բանակի ստորաբաժանումները շատ վատ վիճակում էին, մի մասը՝ ջարդված: Այս ընթացքում հասցրել են հաստիքային փոփոխություններ կատարել ու պաշտպանական զինված ուժերից ավելի շատ մոբիլ զինված խմբեր ստեղծել, անցնել մոբիլ զորամասերի կառուցման. «Համազորային մեծ ստորաբաժանումներում դրանք կային, բայց պատրաստվածության աստիճանը ցածր է լայնածավալ գործողությունների ժամանակ գործելու»:
Նա նշեց, որ անվտանգային համակարգը գաղտնիության ռեժիմի պահպանում է ենթադրում, բայց Արցախում զրկված էին այդ ռեժիմից. «Ամբողջական մեր զորքերի, ռազմաքաղաքական մեր ղեկավարությունը, բոլոր ռազմական օբյեկտները, բոլորը տոտալ վերահսկողության տակ էին գտնվում: Հակառակորդը, առանց խոչընդոտի, մշտապես վերահսկողություն է ունեցել մեր պատրաստության, զորքերի տեղաբաշխման նկատմամբ: 2020-ից հետո մենք պլանավորում էինք, որ պետք է անցկացնեինք ստորաբաժանումների ներդաշնակեցման գործընթաց, բայց դրա ամենակարեւոր փուլն է մարտավարական զորավարժությունների անցկացումը: Մենք չէինք կարողանում, եթե ստորաբաժանումը չես կարողանում ներգրավել լիարժեք մարտավարական ներդաշնակման, մենք զրկված էինք նմանատիպ միջոցառում անցկացնել, որովհետեւ դա արձագանք էր ստանում հակառակորդի կողմից, ընդ որում, արգելք էր դրվում նաեւ խաղաղապահ ուժերի ղեկավարների կողմից: Եթե մինչեւ 2020-ը մենք ունեինք բանակ, որը կարողանում էր դիմակայել, 2020-ից հետո արդեն զրկված էինք նման պատրաստություն ապահովելուց: Ընդ որում, մենք պետք է պատրաստվեինք նոր պատերազմի, որը նման չէր լինի 2020-ին: Մեզ պետք էին օդային պաշտպանության միջոցներ: Բայց լուրջ համակարգեր չէինք կարողանում բերել, համակարգը, որը մենք պատկերացնում էինք… սկսեցինք մտածել ռադիոէլեկտրոնային պաշտպանության համակարգի ուժեղացման մասին, որի մեջ որոշակի հաջողությունների մենք հասել էինք: 2020-ի պատերազմի ժամանակ էլ է մեր այդ համակարգը խոչընդոտել Ադրբեջանին գերճշգրիտ զենքերով հարվածներ հասցնել մեր ռազմական օբյեկտներին:
Կարող է որոշ մարդիկ չեն պատկերացնում խի է այս կամ այն արկը ընկել այս տեղամասը, որտեղ չպիտի ընկներ, բայց եթե ուշադիր նայենք, այնտեղ ռազմական օբյեկտ է եղել, խոցման օբյեկտը դա էր, բայց շնորհիվ մեր տեղադրած համակարգերի, հակառակորդը ճշգրիտ կրակ չէր կարողանում իրականացնել: Մենք եկանք այն եզրակացության, որ պետք է ստեղծել ռազմարդյունաբերական համակարգ, որոնք ունակ են գոնե տեղային մակարդակում հարցեր լուծել: Մենք փորձ կատարեցինք ու հաջողվեց փոքր տրամաչափի զենքերի, հակառակորդի զենքերին հակազդման միջոցներ սարքել, բայց Արցախում չկար համակարգային մոտեցում:
Կա քաղաքական ղեկավարություն, կա ռազմական: Երբեմն ռազմական ղեկավարության եւ քաղաքական իշխանությունների մոտեցումները չէին համընկնում: Պատճառները շատ են: Կան դանդաղ մտածող, կամ որեւէ ինֆորմացիայի շատ տիրապետող իշխանություն քաղաքական եւ կան քիչ ինֆորմացիայի տիրապետող ռազմական գործիչներ… Մենք չենք ունեցել կարգ, կանոն, հերթականություն գործողությունների, ով ինչ ոլորտի համար է պատասխանատու, որպեսզի չեզոքացնեինք անվտանգային համակարգի ճեղքման ուղղությունները: Եվ քանի որ Արցախում մեզ չի հաջողվել ռազմարդյունաբերություն ունենալ, դրա համար էլ անվտանգային համակարգը շատ անկայուն էր»:
Կարդացեք նաև
Գրիգորի Սահակյանը նաեւ նշեց, որ շատերն այսօր խոսում են անվտանգության մասին. «Կարելի՞ էր ջարդվածը վերականգնել, այո, կարելի էր, եթե այն ուժերը, որոնք խոստացել էին, որ իրենք կապահովեն այդքանը, մեզ համապատասխան լեգիտիմացված հնարավորություն տային, մենք չենք ունեցել այդ հնարավորությունը: Իսկ դրա բացակայության դեպքում անհնար է եղել Արցախում մինչեւ 2023-ը ապահովել այն ամենը, ինչը հնարավոր էր անվտանգային համակարգը պահպանելու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ