Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ համայնքի բնակիչների օրգանիզմում հայտնաբերվել են ծանր մետաղների՝ մկնդեղի, նիկելի, կապարի եւ կադմիումի բարձր կոնցենտրացիաներ․ հետազոտություն

Դեկտեմբեր 14,2023 18:00

Արարատի մարզում շրջակա միջավայրը կարելի է դասակարգել միջինից մինչեւ խիստ աղտոտված` մկնդեղով, եւ չափավոր աղտոտված` քրոմով եւ նիկելով:

Չեխական «Առնիկա», հայաստանյան «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» եւ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ները համատեղ իրականացրել են հետազոտություն «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում քիմիական անվտանգության պաշտպանությանը» ծրագրի շրջանակում։

Հետազոտությունն իրականացվել է Արարատ, Քարաբերդ, Մեղրաձոր եւ Մելիքգյուղ համայնքներում։ Նմուշառումներ են կատարվել շրջակա միջավայրից եւ բնակիչների մազերից եւ մեզից։

Այսօր ՀԿ-ները ներկայացրել են հետազոտության արդյունքները։

Ըստ այդ հետազոտության՝ Արարատ համայնքի բնակիչների օրգանիզմում հայտնաբերվել են ծանր մետաղների՝ մկնդեղի, նիկելի, կապարի եւ կադմիումի բարձր կոնցենտրացիաներ։ Մկնդեղի, կադմիումի, քրոմի եւ նիկելի բարձր կոնցենտրացիաներ են հայտնաբերվել ոսկու վերամշակման գործարանի անմիջական հարեւանությամբ գտնվող հողերում: Որոշ մասնավոր այգիների հողը, որն օգտագործվում է մշակաբույսերի աճեցման համար, պարունակում է մկնդեղի, կապարի եւ ցինկի բարձր մակարդակ:

Նշենք, որ Արարատ համայնքում 2023 թվականի հողի փորձանմուշներ են վերցվել Կախանովի ջրանցքից, ինչպես նաեւ կենսաբանական նմուշներ տեղի բնակիչներից։ Արարատ համայնքի տարածքում գործում են Արարատի ցեմենտի գործարանը եւ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան՝ ցիանային պոչամբարով։

Կենսաբանական փորձարկման արդյունքներով պարզվել է, որ փորձանմուշ տված բնակիչների մեզի մեջ մկնդեղի մակարդակը ավելի բարձր է, քան գրականության մեջ նշված հղման արժեքները:

Մկնդեղի ամենաբարձր կոնցենտրացիան հայտնաբերվել է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքում, որը 241,2 մգ-ով բարձր է եղել այլ նմուշներում մկնդեղի միջին պարունակության միջակայքից՝ <0,1-ից մինչեւ 67 մգ մկնդեղ` 1 կգ չոր քաշի դիմաց:

Հողի բոլոր փորձանմուշներում մկնդեղի կոնցենտրացիաները գերազանցել են Հայաստանի հողի համար սահմանված ստանդարտները:

Մկնդեղի կոնցենտրացիան մեզի բոլոր նմուշներում միջինում կազմել է 14,28 մկգ` մկնդեղի 1 գ կրեատինինի համար, ինչն ավելի բարձր է, քան բնակչության եվրոպական խմբերում:

Նիկելի կոնցենտրացիաները հողի փորձանմուշներում միջինում կազմել են 57.8 մգ նիկել` 1 կգ չոր քաշի դիմաց, ինչը զգալիորեն գերազանցում է ինչպես համաշխարհային տիրույթի (13–37 մգ նիկել`1 կգ չոր քաշի համար), այնպես էլ Հայաստանի հողի համար սահմանված ստանդարտները:

Նիկելը հայտնաբերվել է մեզի նմուշների գրեթե 80%-ում` միջինը 0,61 մգ նիկել` 1 կգ քաշի դիմաց:

Կապարով աղտոտվածություն է հայտնաբերվել մեզի նմուշների 40%-ում` 1 գ կրեատինինի դիմաց 4,29 մկգ կապարի միջին արժեքով:

Կադմիում հայտնաբերվել է հետազոտված մազերի փորձանմուշների 60%-ում, մեզի 4 նմուշներում: Նրանց թվում հայտնաբերվել են կադմիումի առավելագույն թույլատրելի արժեքներից բարձր պարունակությամբ աղտոտվածություն ունեցող անձինք։

 Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031