Newday կայքի խմբագիր, լրագրող Անի Գեւորգյանն օրերս փորձել էր նկարել Նիկոլ Փաշինյանին, սակայն կարմիր եւ սեւ բերետավորները նրան խոչընդոտել էին ու քաշքշել:
Aravot.am-ի հետ զրույցում խոսելով հրապարակված տեսանյութի մասին՝ Անի Գեւորգյանն ասաց, որ իրեն ասել են, թե վարչապետի շարժի հետ կապված՝ անվտանգությունը կարող է տվյալ տարածքը հատուկ պահպանվող համարել: Լրագրողի բնորոշմամբ՝ այլ ճնշումներ են եղել իր հետ կապված, ու իր անձը բազմիցս հատուկ է թիրախավորվել:
«Սա առաջին դեպքը չէ, նման գործողություններ եղել են նաեւ մի քանի տարի առաջ՝ Եռաբլուրում: Այն ժամանակ եւս մի քանի տասնյակ ոստիկաններ էին կանգնել, որ Փաշինյանին մոտենալու հնարավորություն չլինի »,-ասաց Անի Գեւորգյանը:
Կարդացեք նաև
Aravot.am-ը երեւույթի մասին մեկնաբանություն խնդրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանից: «Ցավոք, սա շատ տիպիկ դեպք է իշխանության ներկայացուցիչներ-լրագրողներ հարաբերություններում: Այս պարագայում հստակ երեւում է, թե ինչպես լրագրողը չի ուզում ենթարկվել օրինական պահանջներին մի կողմից, եւ մյուս կողմից՝ իշխանության ներկայացուցիչները շատ յուրովի են մեկնաբանում օրենքը, եւ երկու կողմն էլ որեւէ կոմպրոմիսի պատրաստ չեն: Անվտանգության աշխատակցի բացատրություններն առ այն, որ երբ երկրի ղեկավարը հայտնվում է որեւէ տեղում, այդ տեղը ժամանակավորապես դառնում է հատուկ պահպանման տարածք, բավարար պետք է լինեին, որպեսզի լրագրողը հասկանար, որ այդ պահանջները հիմնավորված են օրենքով:
Մյուս կողմից երեւում է, որ անվտանգության աշխատակիցները կոմպրոմիսի պատրաստ չեն, որպեսզի լրագրողը կատարի իր գործունեությունը; Առհասարակ, մեզանում կան մի խումբ լրագրողներ, որոնք իրենց համար ստեղծել են իրենց պատկերացումներով ինչ-որ նորմեր, որոնք շատ հաճախ հակասում են եւ օրենքին, եւ լրագրողական էթիկայի նորմերին: Հասկանալի է, որ եւ խոսքի ազատությունը, եւ լրագրողի գործունեությունը ունեն իրենց սահմանափակումները, որոնք նախատեսված են եւ միջազգային նորմերով եւ երկրի օրենսդրությամբ:
Լրագրողը պետք է շատ լավ իմանա այդ սահմանափակումները: Մյուս կողմից՝ նաեւ իշխանության ներկայացուցիչները պետք է հասկանան, որ լրագրողը հանրային նշանակության գործունեությամբ է զբաղվում, կարելի է գտնել տարբերակներ, որպեսզի լրագրողը կարողանա իրականացնել իր գործունեությունը: Լրագրողներն էլ պետք է հասկանան, որ ամեն պարագայում չէ, որ պետք է անխոչընդոտ լուսաբանեն, հարցեր տան վարչապետին: Որեւէ երկրում այդպիսի բան չկա: Լուսաբանման ենթակա միջոցառումներ, հանդիպումներ, գործողություններ կան, եւ կան գործողություններ, որոնք նախատեսված չեն լուսաբանման համար: Տվյալ պարագայում՝ ամենայն հավանականությամբ սա լուսաբանման ենթակա չէր, դրա համար նախօրոք որեւէ հավատարմագրում կամ լուսաբանման հրավեր չի եղել, ինչը նորմալ է: Սխալ մոտեցում է, որ մեր լրագրողական համայնքի որոշ մասը կարծում է, թե խոսքի ազատությունը որեւէ սահմանափակում չունի, եւ իրենց գործունեությունը որեւէ սահմանափակում չպետք է ունենա, դա սխալ մոտեցում է եւ չի բխում նաեւ միջազգային նորմերից: Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որը երաշխավորում է խոսքի ազատությունը, ունի նաեւ երկրորդ մաս, որով նախատեսվում են այդ սահմանափակումները: Լրագրողները պետք է հաշվի նստեն դրա հետ եւ քաղաքակիրթ ձեւով կազմակերպեն իրենց աշխատանքը»,-ասաց Աշոտ Մելիքյանը:
«Նաեւ, իհարկե, կրկնում եմ, որ իշխանության ներկայացուցիչներն էլ պետք է պատրաստ լինեն կատարելով օրենքի պահանջները՝ հաշվի նստել լրագրողի պարտականությունները կատարողների հետ, երբ լրագրողը համարում է դա ինչ-որ կարեւորություն ունի եւ ուզում է լուսաբանել: Չնայած տվյալ պարագայում որեւէ հանրային կարեւորություն առ այն, թե Փաշինյանը դուրս եկավ կառավարության 3-րդ շենքից, չկար, չեմ կարծում, որ շատ ակտուալ, հանրային նշանակություն ուներ դա: Մեծ հաշվով՝ այն հայտարարությունը, որը հեռանալիս հնչեցրեց լրագրողը, այն է, որ ժողովրդավարություն չկա, խոչընդոտում են խոսքի ազատությանը եւ այլն, դա հենց այն էր, ինչի համար լրագրողն այդտեղ գնացել էր, եւ դա էր գլխավոր նպատակը լսարանին ինչ-որ բան ասելու:
Նույնիսկ այն պարագայում, որ անվտանգության աշխատակիցն ասում է՝ այս կողմից մի նկարեք, այն կողմից նկարեք, դա չի ընդունվում լրագրողի կողմից, ինքը կարծում է, որ իրեն ամեն ինչ կարելի է, որտեղից հարմար է, այնտեղից էլ պետք է նկարի, մինչդեռ վարչապետի այցը 3-րդ մասնաշենք եւ նրա հանդիպումը նախատեսված չէր լուսաբանման համար: Դա կոնֆլիկտ սադրելու փորձ կարող է գնահատվել: Միաժամանակ ուզում եմ ընդգծել, որ անպայման չէր լրագրողին քաշքշելով հարցերը պարզելը, դա անընդունելի երեւույթ է»,-հավելեց ԽԱՊԿ նախագահը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Թեմայի վերաբերյալ՝ այլ տեսակետներ հաջորդիվ: