Դեկտեմբերի 14-ին Ժնևում ընթացող Համաշխարհային փախստականների ֆորումի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով օգնական Ռաուֆ Մարզուին։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և կարիքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից տարվող աշխատանքները, փախստականների միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների հաղթահարմանն ուղղված նախագծերը։
Երկուստեք արձանագրվել է ԼՂ բնակչության վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությունը՝ համաձայն ՄԱԿ միջազգային արդարադատության դատարանի նոյեմբերի 17-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման։
Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ՄԱՓԲՀ գրասենյակի կողմից 97 միլիոն եվրո հավաքագրելու մարդասիրական կոչի ամբողջական իրականացմանն ուղղված քայլերը և փախստականների կարիքների հասցեագրման ուղղությամբ համատեղ ջանքերին առնչվող հարցեր։ Նշվել է, որ հաշվի առնելով ՀՀ կողմից փախստականների մեծ հոսքի ընդունման փաստը, որոշում է կայացվել Հայաստանն ընդգրկել միջին եկամուտ ունեցող երկրների համար նախատեսվող Գլոբալ արտոնյալ վարկավորման ծրագրի շահառուների ցանկում։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ