Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր քաղաքական ուժն է Հայաստանում ժողովրդավարական եւ որն է հակաժողովրդավարական. «Freedom house»-ի ներկայացուցչի պատասխանը

Դեկտեմբեր 14,2023 17:29

Այսօր «Ժողովրդավարական անվտանգության» համաժողովին «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը բանախոսներին հարցրեց. «Չինաստանում, Սաուդյան Արաբիայում դեմոկրատիա չկա, բայց անվտանգային պրոբլեմ չունեն: ԱՄՆ-ում, Ֆրանսիայում ժողովրդավարություն է, անվտանգային պրոբլեմ չունեն: ՌԴ-ում 400 տարի մինչեւ այսօր ստրկատիրություն է՝ բառի բուն իմաստով, բայց անվտանգային պրոբլեմներ կարծես թե չունեն: Ինչի՞ց է ծագել ցանկությունը ժողովրդավարությունը, որն աշխարհի ամենալավ բանն է, կապել անվտանգության հետ: Սա այսօրվա իշխանությունների մանիպուլյացիան է, ապատեղեկատվությունն է գլուխը արդուկելու համար: Հստակ ասեք, ըստ ձեզ, ո՞ր քաղաքական ուժն է Հայաստանում ժողովրդավարական եւ որն է հակաժողովրդավարական բեւեռը, եթե չեք մատնանշում` ստացվում է կռիվ հողմաղացների դեմ»: Հայրյանն ասաց, որ ապատեղեկատվություն տարածելը իշխանությունների զենքն է, իսկ հասարակության կողմից արված ապատեղեկատվությունը ավելի շատ «պրանկի» է նման:

Լուսանկարը՝ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Civilnet-ի լրագրող Անի Գրիգորյանը պատասխանեց, որ Հայաստանում մի քիչ իրավիճակը տարբեր է. «Այսօր ժողովրդավարության դեմ հանդես եկող անձինք օգտագործում են ժողովրդավարական գործիքները՝ իրենց նպատակին հասնելու համար: Այսօր ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ տիրապետում են գործիքների, ընդդիմությունն՝ ավելի շատ, դա կարող է լինել հենց մեդիան: Իրենք այնպիսի ազդեցություն ունեն հանրային կարծիքի վրա, որ մինչ այս չի եղել: 2018-ին որեւէ ընդդիմություն հեռուստաընկերություն չի ունեցել, այսօր ընդդիմությունն ունի մեդիաներ ու դրանց միջոցով կարողանում է ապատեղեկատվական տարբեր թեզեր լցնել դաշտ: Սա անհերքելի է: Նախկինում ընդդիմությունը երբեք այդքան գործիքներ չի ունեցել՝ հանրությանը մանիպուլացնելու համար»:

Media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանն ասաց, որ մենք հիմա այնպիսի իրավիճակում ենք, երբ օրինակ, ընկնում են փոսը ու ավելի շատ քննարկում են ոչ թե ինչպես փոսից դուրս գան, այլ՝ թե ում մեղքով են ընկել փոսը: Դա բերում է թշնամացման, վատ էներգիայի կուտակման, բեւեռացման:

Անի Գրիգորյանը, խոսելով տարածվող կեղծ թեզերի, ապատեղեկատվության մասին, նշեց, որ 2020-ի պատերազմից հետո, երբ իշխանությունը փորձում էր արդարանալ, նշում էր, որ ամեն ինչ կորսված էր, այլ տարբերակ չունեինք. «Այդ ընթացքում ամենատարբեր թեզերն ենք լսել ու բոլորն էլ նկատել են, որ 2020-ից ասվածը 180 աստիճանով տարբերվում էր 2020-ից առաջ ասվածին: Մենք հիշում ենք տավուշյան դեպքերից հետո մեծ տոնակատարությունը, երբ նշվում էր, որ մենք անպարտելի բանակ ունենք, հիշում ենք 2020-ի թեզերը, թե բանակն ինչ իրավիճակում էր, Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք է: Կան որոշակի ապատեղեկատվություններ, փաստերի մեկնաբանություններ: Օրինակ, բանակցային գործընթացի վերաբերյալ գիտենք, որ փակ է եղել, նույն մադրիդյան, կազանյան փաստաթղթերը հրապարակել է Թաթուլը Հակոբյան: Պաշտոնապես ԱԳՆ-ն մինչ այս որեւէ փաստաթուղթ չի հրապարակել»:

Ըստ նրա, իրականում շատ դժվար է բանակցային գործընթացի հետ կապված փաստեր գտնել, պատասխանել հարցին, թե ով իրականում դուրս թողեց Ղարաբաղը բանակցային գործընթացից. «Մի ուժն ասում է՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ է եղել, քոչարյանականներն ասում են դա եղել է մինչեւ Քոչարյանի նախագահ դառնալը: Գտնել ճիշտը այս ամենի մեջ թվում է քո ժամանակի կորուստն է ու իրավիճակը չես էլ կարող փոխել: Նույնիսկ դու չգիտես՝ Թաթուլ Հակոբյանի կողմից հրապարակված փաստաթուղթը ճի՞շտն է, թե՞ չէ»:

Իսկ Հայրյանի հարցին՝ Հայաստանում ո՞րն է ժողովրդավարական ու հակաժողովրդավարական ուժը՝ «Freedom house»-ի Հայաստանում ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը պատասխանեց՝ հիմնվելով իրենց զեկույցների վրա. «Մինչեւ 2018-ը Հայաստանը համարվում էր ավտորիտար, կային որոշակի ժողովրդավարական տարրեր, գործում էին քաղհասարակության կազմակերպություններ, կային անկախ մեդիաներ: 2018-ից հետո իշխանության եկած ուժը ձեռնարկեց որոշ բարեփոխումներ, որոնց շնորհիվ Հայաստանն այսօր դասվում է հիբրիդային ռեժիմ ունեցող պետությունների շարքում, այսինքն՝ կարող ենք փաստել, որ Հայաստանում որոշակի պրոգրես կա, բայց չենք կարող ասել, որ կա մեկ ժողովրդավարական ուժ, որը նպատակային առաջ է մղում ժողովրդավարական ինստիտուտները: Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն ասում էր, որ իրենք երբ գան իշխանության, փակելու են Հայաստանում գործող օտարերկրյա ֆինանսավորմամբ կազմակերպություններն ու ՀԿ-ները: Դրանք ավտորիտար քայլեր են, դրա համար այս ուժերին մենք դիտարկում ենք ավելի շատ որպես հակաժողովրդավարական ուժեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031