«Մենք չենք տվել Ղարաբաղը, հենց Հայաստանն է ակտիվորեն ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Մեզ չեն էլ տեղեկացրել, որ նման որոշման են պատրաստվում։ Սա փաստերի արձանագրում է։ Այդպես ստացվեց։ Հայաստանում ներքաղաքական բարդ գործընթացներ են տեղի ունենում՝ կապված Ղարաբաղի հետ»,-այս մասին այսօր Մոսկվայում հրավիրված մեծ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության դադարեցման մասին հարցին եւ այս կառույցների նիստերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չմասնակցելուն, Պուտինն ասել է․«Ես չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին կամ ԱՊՀ-ին անդամակցության դադարեցումը Հայաստանի շահերից է։ Ի վերջո, դա պետության որոշումն է։ Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ ընդհանուր միջոցառումներին չմասնակցելուն, համենայնդեպս որքանով մենք գիտենք, դա կապված է Հայաստանում որոշ գործընթացների հետ, եւ կապված չէ այս միությունների հետ չաշխատելու ցանկությամբ։ Կտեսնենք, թե իրավիճակը ինչպես կզարգանա»։
Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ