ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում ադրբեջանական բանտերից 32 ռազմագերիների վերադարձի մասին խոսելով՝ հիշեցրեց, որ հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձել մարդասպան երկու ահաբեկիչների, որոնք ներթափանցել էին Հայաստանի ինքնիշխան տարածք, սպանություն կատարել եւ դատապարտվել ցմահ ազատազրկման:
«Այսօր մեր 32 ռազմագերիների վերադարձի համար բոլորս էլ ուրախ ենք: Վերջապես իրենց ընտանիքներին հասան: Չկա Հայաստանում գեթ մեկը, որ այդ փաստով չուրախանա: Եվ դա շատ լավ է: Բայց պետք է նաեւ հասկանալ, թե ինչի դիմաց ենք դա ստանում»,-ասաց պատգամավորը նկատի առնելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե գերիների փոխանակումը հայ-ադրբեջանական բանակցությունները վերադարձրեց զրոյական կետին: «Մենք, ցավոք սրտի չգիտենք դրա հետեւանքները: Ես հեռու եմ այն մտքից, թե ադրբեջանական կողմը բարի կամքի դրսեւորում է ցուցաբերում: Եվ ընդհանրապես, Ադրբեջանից ակնկալել հումանիզմի որեւէ դրսեւորում, սխալ կլինի մեր կողմից:
Հիմա հայկական կողմը խոսակցություն է բացում բոլորիս հայտնի զրոյական կետի մասին: Մենք գիտենք, որ այդ զրոյական կետը հենց շրջանառության մեջ է դրվում, դրա մասին հենց սկսում են խոսել, դա մեզ համար ինչ է արժենում: Մի անգամ Արցախի հարցում զրոյական կետի մասին խոսք եղավ՝ ինչ ուզենք, այն էլ կբանակցենք սկզբունքով, տեսանք՝ ինչ կատարվեց Արցախի Հանրապետության հետ. կորցրեցինք մեր հայրենիքը, հազարավոր զոհեր, վիրավորներ տվեցինք, բռնի տեղահանված, ցեղասպանված քույրեր ու եղբայրներ ունեցանք:
Եվ այսօր նորից խոսակցություն է բացվում զրոյական կետի մասին: Թե ո՞րն է զրոյական կետը, մենք ընդամենը կարող ենք ենթադրել, որ նոր դուռ է բացվում հայկական կողմից հաջորդ արհավիրքների, հաջորդ զիջումների առջեւ: Այն բոլոր մտավախությունները, որ կան, այսպես կոչված, խաղաղության փաստաթղթի հետ կապված, ցավոք, չեն փարատվել: Տեսնելով ադրբեջանական կողմի նորանոր նկրտումները՝ գալիս ենք այն եզրահանգման, որ առաջիկայում սպասվում են շատ ավելի լուրջ ու շատ ավելի ճակատագրական զիջումներ արդեն հայաստանյան կողմի համար. ադրբեջանցիների վերաբնակեցում, ռեպարացիաներ, Հայաստանի Հանրապետությունից տարածքային պահանջներ: Ու այս ամբողջի մեջ է նորից խոսք բացվում զրոյական կետի մասին»,- ասաց Գառնիկ Դանիելյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ