«Կգա ժամանակը, մենք հանգամանորեն կասենք, թե ի՞նչ ենք նկատի ունեցել այդ հայտարարությունն անելով»,- այսօր «Դիզվառելիքի գործով» նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ նկատի ուներ, երբ հայտարարում էր, որ հայկական Արցախի էջն իր համար փակված չէ:
Արցախահայերի՝ Արցախ վերադարձի հարցին էլ այսպես պատասխանեց. «Դա պետք է արցախահայությանը հարցել, իրենց՝ յուրաքանչյուրին, հարցնել, թե ի՞նչ պայմաններում են պատրաստ իրենք վերադառնալու Արցախ: Որ վերադարձը ցանկալի է, դա միանշանակ է: Բայց այնտեղ պետք է լինեն համապատասխան պայմաններ: Թե ինչպիսի՞ պայմաններ, ես չեմ կարող ասել՝ չիմանալով, չուսումնասիրելով նրանց կարծիքը»:
Լրագրողներից մեկը նկատեց` Շառլ Միշելը նշում է, որ այդ պայմանները պետք է Ադրբեջանի Սահմանադրությունն ապահովի. դա երաշխի՞ք է: Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ոչ, դա չի կարող լինել երաշխիք: Խոսքեր շատ ենք լսել, դա ուղղակի զրո երաշխիք է»:
Մեկ այլ հարցի՝ իր բնութագրմամբ՝ մեզ պարտադրվող խաղաղության պայմանագրի մեջ Արցախի մասին, ասում են, հիշատակում չի լինելու, Արցախի պետական ինստիտուտներին Հայաստանում չեն թողնում գործունեություն ծավալել, լուծարվում են, Սերժ Սարգսյանն արձագանքեց՝ ասելով, որ խաղաղության պայմանագրին չի անդրադառնում, որովհետեւ չգիտի, թե այդ փաստաթղթում ի՞նչ է գրված. «Պայմանագիրը փաստաթուղթ է, որը պետք է ուսումնասիրել, եթե ես այն չեմ տեսել, ինչպե՞ս մեկնաբանեմ այն: Այս իշխանության գործելաոճն է՝ գաղտնի փաստաթղթեր ստորագրել»:
Կարդացեք նաև
Արցախի ինստիտուտների գործունեության մասին էլ հավելեց. «Ո՞րն է լուծարվել, ոչինչ չի լուծարվել: Այս իշխանություններից ամեն ինչ էլ սպասելի է… Ի՞նչ է նշանակում լուծարումը, այս իշխանությունները հո հավերժ չե՞ն լինելու: Շատ բան կախված է այն մարդկանցից, ովքեր բռնի տեղահանվել են Հայաստան. եթե նրանք ցանկություն չունենան, ապա ոչ մի բան էլ հնարավոր չի լինելու անել»:
Սերժ Սարգսյանը նաեւ պնդեց՝ Արցախի հանրապետության լուծարման մասին նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությունը ոչինչ չի նշանակում, որեւէ մեկի հայտարարությամբ չի կարող Արցախի հանրապետությունը լուծարել:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ