Լրահոս
Օրվա լրահոսը

«Դաշտում շատ ապատեղեկատվություն է հայտնվում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ փոխկապակցված կայքերի միջոցով». Անի Գրիգորյան

Դեկտեմբեր 14,2023 16:35

«Խոսքի ազատության սահմանափակումները, քրեականացումը, եթե դրանք բռնության կոչ չեն, ատելության խոսք չեն, որեւէ կերպ ՄԱԿ-ի, միջազգային կազմակերպությունների կողմից չեն խրախուսվում, դիտարկվում են որպես անհամաչափ սահմանափակում խոսքի ազատության»,- այսօր «Ժողովրդավարական անվտանգության» համաժողովում ասաց «Freedom house» կազմակերպության ՀՀ-ում ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը:

Լուսանկարը՝ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Civilnet-ի լրագրող Անի Գրիգորյանն ասաց, որ ինքն էլ է դեմ խոսքի ազատության սահմանափակմանը՝ նաեւ հաշվի առնելով, թե վերջերս ընդունված օրենքները ինչպես են կիրառվել. «Բռնության կոչի case-երը երբ նայում ես, բոլորը իշխանության հետ կապված են, օրինակ, վարչապետի ու այստեղ հասկանում ես, թե ինչպես է համակարգը գործում: Մենք ավելի ակտիվ աշխատանքը պետք է անենք հանրության մեդիագրագիտությունը բարձրացնելու, քննադատական մտածողություն ձեւավորելու: Փոքր քայլեր արվում են, բայց արդյունքն այդքան էլ տեսանելի չէ: Ավելի լավ է հանրության հետ աշխատենք, քան պետությանը նման գործիք տանք, որովհետեւ մենք տեսնում ենք, որ այդ գործիքները այնպես չի, որ ազատ խոսքի համար են օգտագործվում, դա ավելի քաղաքական նպատակներով է օգտագործվում: Պետության, կառավարության ազնվությունը այս մասով այնքան էլ միանշանակ չէ, որովհետեւ դաշտում շատ ապատեղեկատվություն է հայտնվում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ փոխկապակցված կայքերի միջոցով: Նա ունի մի քանի կայքեր, որտեղ տարբեր ապատեղեկատվական նյութեր, պրոպագանդա է տարածվում եւ դա վերցնում ու տարածվում են ավելի մեծ լսարան ունեցող կայքերը՝ իշխանության հետ կապված: Սեպտեմբերյան դեպքերի ժամանակ, երբ արցախցիների ընտանիքները փակված էին Արցախում եւ այնտեղ պատերազմ էր, ցույցեր էին անում արցախցիները, փողոցներ էին փակում, ամենաուժեղ ատելության խոսքն էր դեպի ղարաբաղցիներ: Երբ դրանց հետքերով գնացինք, պարզվեց՝ այդ կայքերն են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի: Այս ամենը հաշվի առնելով՝ դեմ եմ սահմանափակմանը, որովհետեւ չեմ կարծում, որ դա հանրության համար կօգտագործվի»:

Media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանն ասաց, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտնվել է այդտեղ, որովհետեւ վաղուց հայտնի էր ոչ նույնականացվող կայքեր ստեղծելու հարցում. «Մինչեւ 2018-ը զբաղվում էր սոցցանցերում, ֆեյսբուքում կոնտենտ ստեղծելով ու տարածելով, իսկ 2018-ից հետո գործող իշխանությանը իր ռեսուրսներով աջակցելուց հետո՝ գործազուրկից միանգամից դարձավ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Երկար ժամանակ վարչապետը խոսնակ չուներ, այդ գործն էլ էր ձեռքի հետ անում: Շատ կարեւոր է անընդհատ խոսել այն ռեսուրսի օգտագործման մասին, որը որ կառավարության այդ պաշտոնյայի կողմից է լինում եւ փաստեր ստուգողների կողմից դիտարկվում է որպես տեղեկատվության կազմակերպված տարածում, կոորդինացված տարածում, որը ֆեյսբուքի կանոններով բավական պատժելի գործունեություն է»:

Գեղամ Վարդանյանն ասաց, որ երբ դպրոցներում խոսում են այս դեպքերի մասին, մարդիկ հարցնում են՝ «բա իրենց ո՞վ է պատժում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031